Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԱՅԼ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Հուլիս 09,2010 00:00

Արուսյակ Սահակյանը 2003թ.-ից Առինջի գերեզմանատան պատասխանատուն է: Թերեւս հանրապետությունում միակ կինը, ով ընտրել է «մերժված մասնագիտություններից» մեկը:

Գերեզմանատան պատասխանատու լինել՝ նշանակում է ամեն օր այցելել այնտեղ ամփոփված հանգուցյալների շիրիմներին, ստուգել իրավիճակը, որեւէ արտառոց բան (շիրմաքարերի նկատմամբ բռնարարք, հանցագործություն, գողություն) տեսնելու դեպքում ահազանգել պատկան մարմիններին:

Ըստ էության, այդ ամենը կատարվում է հասարակական-բարեսիրական կարգով: Ա. Սահակյանի բազմանդամ ընտանիքը չի՞ դժգոհում, «ամաչում», որ ընտանիքի մայրն ընտրել է այդ «մասնագիտությունը» «Առավոտի» հարցին տիկին Սահակյանը պատասխանեց. «Մինչ իմ այստեղ աշխատելը, գերեզմաններին «հետեւում», պահպանում էր ամուսինս՝ Սահակը: Նրա մահվանից հետո այս գործով զբաղվում եմ ես: Ընտանիքս 16 անձից է բաղկացած: Նրանց համար մի տեսակ սովորական դարձավ իմ այս աշխատանքը: Ծանոթ եմ հանգուցյալների հարազատներից շատերին, որոնք այս կամ այն արարողության ժամանակ դիմում են ինձ, ես էլ հնարավորության դեպքում փորձում եմ օգտակար լինել նրանց»;

Իսկ ի՞նչ խնդրով են հիմնականում դիմում հարցին էլ պատասխանեց. «Շիրմաքարերի, տարածքի մաքրության»: Ա. Սահակյանն ասաց, որ Առինջի գերեզմանատունը հին է եւ ավանդաբար այն միշտ հոգատար ձեռքերում է եղել: Հազվադեպ է այստեղ գողություն լինում (նկատի ուներ խնկամանները, մոմակալները, ծաղկամանները: Չենք խոսում 6-7-րդ դարերի խաչքարերի մասին…): «Ամեն օր ստուգայց եմ կատարում: Մի անգամ առիթ եղավ նույնիսկ դիմել գյուղապետին, որը կանխեց տեղում շինարարությունը: Եթե նկատեմ որեւէ արտառոց, վտանգավոր բան, կդիմեմ Կոտայքի ոստիկանություն»,- ասում է Ա. Սահակյանը: Երբ նրան ասացի, թե իր մյուս գործընկերների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ գերեզմանատան հողերը վաճառելու համար, եւ հարցրի, թե ինչպիսի՞ն է վիճակն այդ առումով, Ա. Սահակյանը պատասխանեց. «Առինջի գերեզմանատունը փակ է: Այստեղ հողավաճառք չկա: Գերեզմանատունը միայն հուղարկավորությունների համար ենք նախապատրաստում: Ուշադիր ենք, որպեսզի հրդեհներ չլինեն, աղբը ժամանակին հեռացվի տարածքից»: Ի դեպ, զրուցակիցս հայաստանյան օրաթերթերի լավագույն ընթերցողներից է եւ բավականին իրազեկ էր հանգուցյալների աշխարհից դուրս մեր իրականության ներսում կատարվող իրադարձություններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել