Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՒՅՈԼԸ ԿԱՏԱՐԵՑ ՊԱՈՒԼԻ «ԱՍԱԾԸ»

Հուլիս 09,2010 00:00

Հուլիսի 11-ին ֆուտբոլային աշխարհը նոր արքա կունենա: Դա, ըստ ութոտնուկ Պաուլի, լինելու է Հոլանդիան:

\"\"Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ համաշխարհային ֆուտբոլը նոր գահակիր է ունենալու: Իսպանիա-Հոլանդիա վճռորոշ խաղում բախտն ում էլ ժպտա, հաղթողը ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է բազմելու գահին:

Գերմանիա-Իսպանիա հակամարտությունում, որում հանդիպեցին ավանդաբար «գերմանական մեքենայի» համբավ ունեցողները եւ մարդկային՝ ստեղծագործ ֆուտբոլի ներկայացուցիչները, հաղթեց երկրորդը: Իսպանիան, որ երբեք մունդիալում չորրորդ տեղից վեր չէր բարձրացել, 1:0 հաշվով հաղթեց Գերմանիային եւ մտավ եզրափակիչ, որտեղ ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը \"\"վիճարկելու է մոտավորապես նույն ճակատագիրն ապրած Հոլանդիայի հետ: Իհարկե, պատմության այս նոր արահետը գցեցին իրենք՝ ֆուտբոլիստները: Սակայն այս օրերի իսկական հերոսը եւ Երկիր մոլորակի ամենաճանաչված էակը դարձել է ապագան անսխալ գուշակող Պաուլ անունով ութոտնուկը, որը մի քանի օր առաջ գուշակել էր գերմանացիների պարտությունը: Այս կենդանին արդեն «Vip» անձ է դարձել ու անգամ հավակնում է ընդհանրապես ֆուտբոլային խորհրդանիշ դառնալու պատվին: Ճիշտ է, Պաուլը իր աստվածատուր շնորհի մասին պատմել եւ լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ չի սովորել:

Գերմանիա-Իսպանիա խաղից հետո Պաուլի կյանքի շարունակությունն անկանխատեսելի է դարձել: Իսպանացիները, անկասկած, նրան սկսել են պաշտել: Իսկ ահա Գերմանիայում ֆուտբոլասերների մեծամասնությունը արդեն իսկ պատրաստ է «հաշվեհարդար» տեսնել կենդանու հետ ու պահանջում է նրանից որեւէ ուտեստ պատրաստել: «Sity Sports»-ի հավաստմամբ, նույնիսկ կենդանուն շնաձկներին տալու առաջարկներ են եղել: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Պաուլն արդեն «հայտարարել» է նաեւ չեմպիոն երկրի անունը՝ նախապատվությունը տալով Հոլանդիային:

Իսպանիայի այս հաղթանակը պատմական արժեք ունի առնվազն երկու առումով: Եթե գերմանացիները չէին մոռացել Եվրոպայի վերջին առաջնության եզրափակչում նույն մրցակցից կրած պարտությունը եւ ծարավի էին ավելի բարձր մակարդակում դրա դիմաց վրեժխնդիր լինել, ապա Վիսենտե Դել Բոսկեի թիմը նպատակ ուներ կրճատել Գերմանիայի հետ պաշտոնական հանդիպումներում ունեցած բացասական հարաբերակցությունը, ինչը կատարեց գերազանց ոճով: Մինչ այդ անցկացված 20 հանդիպումներում ութ անգամ հաջողությունը ուղեկցել էր Գերմանիային, վեց խաղում հաղթել էր Իսպանիան եւ վեց խաղում էլ ոչ-ոքի էր գրանցվել:

Աշխարհի առաջնությունում մնացել է անցկացնել ընդամենը երկու հանդիպում: Հուլիսի 10-ին Ուրուգվայի հետ երրորդ տեղի համար խաղում Գերմանիան որպես սփոփանք ամեն բան անելու է գոնե բրոնզե մեդալները նվաճելու համար, ինչը նաեւ հարավամերիկացիների գերխնդիրն է, իսկ հաջորդ օրը «ոսկին» վիճարկելու են միանգամայն հավասար հնարավորություններ ունեցող Հոլանդիան եւ Իսպանիան, որոնց պայքարը լինելու է կյանքի համար, բայց՝ մահվան գնով: Այնպես որ, մեզ՝ ֆուտբոլասերներիս, անչափ հետաքրքիր երկու ճակատամարտ է սպասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել