Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրա նկարները մարդկանց հոգուն շատ մոտ են»

Հուլիս 09,2010 00:00

Չնայած նա նկարել է ինքն իր համար

\"\"«Այս նկարիչը նկարչության ոլորտի Վահան Տերյանն է, Միսաք Մեծարենցը»,- երեկ Երեւանի նկարիչների միությունում նկարիչ Համլետ Մինասյանի ետմահու առաջին անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ նման կարծիք հայտնեց Հարություն Պզտիկյանը, որն ավելի շատ հայտնի է վարդապետ Հարություն անունով: Իսկ ցուցահանդեսի համադրող Շահեն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ Հ. Մինասյանը մի նկարիչ է, որ ամբողջ հոգով նվիրված է եղել հայոց մայր բնությանը. «Երբ նայում ենք նրա նկարները, զարմանալի կերպով մեր մեջ արթնանում են մեր ժողովրդի այն զգացումները, որը \"\"Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա տածում էր դեպի բնությունը: Այդ կռվի ոգին էր փրկել սիրելի երկիրը: Եվ ահա հենց այդ ժամանակ, նա 19 տարեկան հասակում գնաց պատերազմ, 5 տարի հետո վերադարձավ, սովորեց եւ ամբողջ էությամբ նվիրվեց բնությանը: Հիմա նայելով նրա նկարները՝ չենք զգում անջրպետ բնության եւ նրա միջեւ: Բնությունը սիրող ոգի ուներ, եւ բնությունը պատկերելու բանաստեղծական շունչ: Նրա նկարներից զգում ենք այն սերն ու անկեղծությունը, որը արվեստի համար շատ կարեւոր է, որպեսզի ամեն մեկի հոգու հետ խոսի: Ես կարծում եմ, որ նրա նկարները մարդկանց հոգուն շատ մոտ են: Այս ցուցահանդեսը նայելու կգան նաեւ պաշտոնավոր մարդիկ, եւ սա լավ առիթ է, որ նրանք սկսեն մտածել այն մասին, որ թերեւս ճիշտ կլինի ամեն տարի հայոց բնությանը նվիրված հատուկ ցուցահանդեսներ անեն, որպեսզի պահպանվի բնության նկատմամբ այն սերը, որ մեր ժողովուրդը բերել- հասցրել է մինչ մեր օրերը»:

Համլետ Մինասյանի հիմնականում բնության պատկերներով ստեղծագործությունները միշտ էլ բարձր գնահատականի են արժանացել արվեստագետների եւ մասնագետների կողմից, սակայն նա իր կյանքի ընթացքում որեւէ ցուցահանդես չի ունեցել, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց նրա որդի Հրաչյա Մինասյանը, նկարիչը եղել է համեստ եւ ինքնամփոփ մարդ. «Նա այդպիսի բնավորություն ուներ, չէր ցուցադրվում ընդհանրապես, նկարում էր ինքն իր համար»: Ուստի նրա մահից հետո միայն հնարավոր դարձավ կազմակերպել նկարչի անհատական ցուցահանդեսը, որն էլ անում էին Հ. Մինասյանի ընտանիքի անդամները՝ նրա 87-ամյակի առթիվ: Հրաչյա Մինասյանի ներկայացմամբ. «Նման գաղափար վաղուց կար, սակայն այս տարի հնարավոր դարձավ այն իրականացնել: Այսօր նրա ծննդյան օրն է, պետք է դառնար 87 տարեկան, հենց այդ պատճառով ենք այս օրն ընտրել ցուցահանդեսի բացման համար, փորձեցինք համապատասխանեցնել, ցանկացանք ցույց տալ նրա նկարները, որոնք նա մինչեւ մահվան տարին՝ 1994 թվականը նկարել է: Այսօր այստեղ ներկայացված է 82 աշխատանք: Դահլիճի հնարավորությունների սահմաններում ենք ներկայացրել, նա ունի նաեւ այլ լավ աշխատանքներ, որոնք նրա կենդանության օրոք չեն ներկայացվել հանրության լայն շրջանակներին»:

Մեր այն հարցին, թե առաջիկայում նախատեսո՞ւմ են այլ ցուցահանդեսներ կազմակերպել, նա պատասխանեց. «Առաջիկայում էլ է հնարավոր, որ անենք, սակայն այս ցուցահանդեսի արդյունքները տեսնելուց հետո: 2 տարի առաջ փոքրիկ ցուցահանդես եղավ Ֆրանսիայում, որը կազմակերպվել էր վարդապետ Հարությունի ջանքերով: Այդ ցուցահանդեսի արդյունքները շատ լավն էին, դրա համար էլ որոշեցին այստեղ էլ անել՝ ավելի մեծ»:

Նշենք, որ ցուցահանդեսը տեւելու է 10 օր՝ մինչեւ հուլիսի 18-ը եւ մուտքն ազատ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել