Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերգի ծրագիրը սրտովս է»

Հուլիս 09,2010 00:00

\"\"Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երիտասարդ դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռ. Թանդիլյանի ասիստենտ Արուս Աճեմյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) հանդես եկավ Գրիգի միակ հանրահայտ կոնցերտի մեկնաբանմամբ: Ա. Աճեմյանը համերգից առաջ փոքրիկ հարցազրույց տվեց «Առավոտին»:

Շուրջ 15 տարի է՝ դաշնակահարուհին մենահամերգներով հանդես է գալիս ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ունեցել է նաեւ արտերկրյա երկարատեւ համերգային ուղեւորություններ: Օրինակ, 2003-ին Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Կ. Օրբելյան) 6 համերգ է ունեցել Բրազիլիայում եւ Ուրուգվայում: Դաշնակահարուհին ասաց, որ աշնան սկզբին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր՝ Ս. Սմբատյան) հետ համերգից հետո պատրաստվում է դարձյալ համերգային երկարատեւ ուղեւորության, այս անգամ՝ եվրոպական երկրներ: Երիտասարդ արվեստագետի շահած տեղական եւ միջազգային մրցանակներն այնքան են, որ պարզապես տեղի պատճառով չենք հրապարակում: 2009-ին Ա. Աճեմյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: AMS ճանաչված ֆիրման թողարկել է դաշնակահարուհու ձայնագրություններով «Romantic Fire» CD-ն:

Իմանալով, որ հայրը՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը երկու հրաշալի դաշնամուրային կոնցերտների հեղինակ է, որից երկրորդը Արուսը հնչեցրեց հոր 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, իսկ առաջինին այդպես էլ դեռ չի մոտեցել, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այս համերգին չհնչեց Կոնցերտ-պոեմը: «Այս համերգի ծրագիրն ինձ առաջարկել է Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը, այն, ճիշտն ասած, իմ սրտով է: Ինչ վերաբերում է հորս ստեղծագործությանը, իրեն էլ եմ խոստացել, որ շուտով այն կհնչեցնեմ»,- ասաց դաշնակահարուհին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել