Վրաստանի նախկին վարչապետ, երկրի ընդդիմադիր «Շարժում արդար Վրաստանի համար» կուսակցության ղեկավար Զուրաբ Նոգաիդելին հայտարարել է, թե Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է լինեն առանց նախապայմանների, այլ ոչ թե գաղտնի եւ փակ, ինչպես դա անում է երկրի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին սեփական բանագնացների միջոցով:
Վրացի ընդդիմադիրն այս մասին հայտարարել է ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում՝ տեղեկացնում է panorama.am-ը:
«Մոտակա ժամանակներս խոստանում եմ հնչեցնել Սահակաշվիլիի բոլոր բանագնացների ազգանունները: Որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի պարզվի, թե Սահակաշվիլիի նշյալ նախաձեռնությունն ինչ նպատակներ է հետապնդում՝ Վրաստանի միավորո՞ւմ, թե՞ նախագահական աթոռի պահպանում»,- ասել է Նոգաիդելին:
Միեւնուն ժամանակ նախկին վարչապետն ասել է, թե իր կուսակցությունը մոտակա 2-3 ամսում չի պատրաստվում բանակցություններ վարել Ռուսաստանի իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ: «Մենք այդպես ենք որոշել այն պատճառով, որպեսզի հետո մեզ չմեղադրեն, թե խանգարում ենք Սահակաշվիլիի՝ Ռուսաստանի հետ կապերը կարգավորելու նախաձեռնությանը»,- ասել է վրացի ընդդիմադիրը: