Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ՝ ԴՐԱԿԱՆ

Հուլիս 09,2010 00:00

Մտորումներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցի շուրջ

Տեղական, տարածաշրջանային եւ միջազգային մամուլը տարաբնույթ մեկնաբանություններ է ներկայացնում իրենց ընթերցողներին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի մասին: Կան ավելի շատ մեկնաբանություններ, քան վերլուծաբաններ եւ լրագրողներ: Վերլուծաբան-լրագրողների մի մասը այս այցը ներկայացնում են այնպես, կարծես թե ընդհանրապես ոչինչ չեն լսել, թե ինչ է ասել Քլինթոնը Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում: Միաժամանակ որոշ հոդվածներ ավելի շատ հիշեցնում են չհաջողված անեկդոտներ:

Նկատենք ընդամենը մի քանի առանցքային տարրեր Քլինթոն-Նալբանդյան համատեղ մամուլի ասուլիսից: Նախ, պետք է արձանագրել, որ ինչպես ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, կողմերը աշխատում են մադրիդյան առաջարկների վերջին՝ սանկտպետերբուրգյան տարբերակի վրա: Քլինթոնը որակեց սանկտպետերբուրգյան հանդիպումը որպես “շատ լուրջ խորհրդատվություններից” մեկը՝ հավելելով, որ համանախագահները “հույս ունեն տեսնել իրական առաջընթաց, որը կամփոփի հիմնական սկզբունքները եւ թույլ կտա պատրաստել վերջնական խաղաղության համաձայնագիրը: Մեծ տրամաբանություն պետք չէ ունենալ, որպեսզի հասկանանք, որ Ալիեւի համար պետերբուրգյան հանդիպումը այնպես չի ընթացել, ինչպես ինքն էր ցանկանում: Դրա վկայությունն էր հանդիպմանը հաջորդած դիվերսիոն գործողությունը: Դրա վկայությունն է մի քանի օր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունը, որ “հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը, որը հիմնական փաստաթղթի պատրաստման ճանապարհին միջանկյալ բնույթ է կրում, դուրս է գալիս, որով Ադրբեջանը, փաստորեն, դեմ է արտահայտվում մադրիդյան սկզբունքներին: Հավանաբար Քլինթոնի հետ հանդիպմանը եւս Ալիեւը իր համար ցանկալի պատասխաններ չի ստացել, որով էլ պայմանավորված էր այն ջղաձգված ելույթը, որը Ալիեւը ունեցավ Քլինթոնի՝ տարածաշրջանից հեռանալուց ժամեր անց: Որքան էլ որ ԱՄՆ պետքարտուղարը պնդեց ուժի սպառնալիքի չկիրառման անհրաժեշտության մասին, այնքան Ալիեւը ջանք դրեց, որպեսզի այդ ելույթը գերհագեցած լինի այդ սպառնալիքներով: Այսինքն՝ Ադրբեջանը տվյալ պարագայում գործում է ոչ միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հակառակ, այլ նաեւ բացահայտ գործում է ի հեճուկս Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի:

Ի դեպ, Նալբանդյան-Քլինթոն մամուլի ասուլիսի ժամանակ այս տված հարցին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարը անթաքույց քննադատեց հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը կազմակերպված դիվերսիոն գործողությունը՝ “խստորեն” դատապարտելով “ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանը երբեւէ ուժի սպառնալիքով հանդես չի գալիս, որն ամենօրյա մասնագիտական զբաղմունք է դարձել ադրբեջանցի պաշտոնյաների համար: Ավելացնենք նաեւ, որ նախ՝ Էդվարդ Նալբանդյանը, իսկ այնուհետեւ Հիլարի Քլինթոնը իրենց ելույթներում նշեցին այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նալբանդյանն իր խոսքը սկսեց հենց ժողովուրդների անկախության իրավունքից՝ շնորհավորելով պետքարտուղարին Անկախության օրվա կապակցությամբ եւ ասելով, որ ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին անկախության իրավունքից:

Հաջորդ կարեւոր հանգամանքը Քլինթոնի կողմից 1994 թ. զինադադարի եռակողմ պայմանագրի հիշեցումն էր եւ կոչը, որ այն պետք է հարգվի: Ադրբեջանում շարունակում են անտեսել կամ ընդհանրապես լռել այդ պայմանագրի գոյության մասին՝ հայտնի պատճառներով: Սակայն Քլինթոնը ավելացրեց, որ նախեւառաջ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի շահերից է բխում աշխատելու այնքան ջանասիրաբար, ինչքան կարող ենք՝ հասնելու այս հիմնահարցի կարգավորման ընդունելի տարբերակի: Ի տարբերություն Ադրբեջանի, որը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դիտարկել որպես հակամարտության կողմ, համանախագահները միշտ էլ կարեւորել են Լեռնային Ղարաբաղի գործոնը, որի մասին էլ վկայում է Քլինթոնի այդ հայտարարությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների մասով ԱՄՆ պետքարտուղարը ասաց այն, ինչ որ պաշտոնական Երեւանն է շարունակ կրկնում արդեն մի քանի ամիս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ անձամբ իր անունից նախագահին շնորհակալություն է հայտնում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները բարելավելու գործում նախագահի անձնական եւ կառավարության ջանքերի համար: Նա շատ բարձր գնահատեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին ՀՀ նախագահի որոշումը:

ԱՄՆ ղեկավարները շարունակ նշել են, որ Թուրքիան պետք է առաջ շարժվի, հարգի պայմանավորվածությունները եւ վավերացնի արձանագրությունները առանց նախապայմանների: Կամ “ինչպես ասվում է սպորտում՝ գնդակը մյուս կիսադաշտում է: Այս մասին հանրապետության նախագահը եւ արտգործնախարարը արդեն երկար ժամանակ են խոսում, որքան էլ որ Թուրքիայի առաջնորդները տարաբնույթ առիթներ են փնտրում վավերացումից խուսափելու համար:

Երեւանում պետքարտուղարի գտնվելու կարեւոր բաղադրիչներից էր, երբ նա այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Բնական է, Հայոց ցեղասպանության փաստը հերքող կամ չընդունող որեւէ անհատ չէր այցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ չէր դնի զոհերի հիշատակին եւ չէր հարգի այդ հիշատակը լռությամբ:

Հետաքրքիր էր լսել ԱՄՆ պետքարտուղարից ՀՀ արտգործնախարարին ուղղված գնահատականի խոսքերը: Քլինթոնը նշեց, որ շատ է շփվել ՀՀ արտգործնախարարի հետ եւ “մեծապես գնահատում” է Նալբանդյանի “հետ հաղորդակցությունը, ինչպես նաեւ նրա փորձագիտությունն ու հմտությունը: Չեմ կարծում, որ հրապարակային ելույթներում կամ մամուլի ասուլիսներում ԱՄՆ պետքարտուղարի համար նման գնահատականներ տալը սովորական բան է:

Կարծում եմ, որ Քլինթոնի այցը Հայաստան շատ առումներով դրական էր: Նախեւառաջ, այն արձանագրեց արտաքին քաղաքական ոլորտում վերջին տարիների մեր որոշ հաջողությունները, որոնցում պետքարտուղարը արտահայտեց իր աջակցությունը Հայաստանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել