Շնորհանդես եւ հիշողություններ
«Միայնակ ծերունին, որը զրուցակից էր փնտրում». այսպես է վերնագրված Այդին Մորիկյանի նոր գիրքը, որի շնորհանդեսը երեկ էր՝ Հայաստանի ազգային գրադարանում: Գիրքը, որի նկարազարդումը Հայաստանի վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանինն է, ընթերցողին ներկայանում է հետմահու: «Կան երգեր, որ մենության մեջ են լսվում: Այն մասին, թե ինչպես կարելի է մարդու հետ զրույց անել, երբ նա անընդհատ ներկա է ու մենախոսության, մենության մեջ է: Խոսքին համապատասխան պատկերը կար, թվում է՝ շարժական է գիրքը ընթերցելու պահը, նայում ես, մխրճվում էության մեջ: Գիրքը փոքրիկ մենախոսություն է՝ մարդն ինքն իր հետ, իր հոգեւոր-մշակութային խորը փիլիսոփայությամբ»,- ասում է նկարիչը ու ընդգծում, որ գրքում զետեղել է հատկապես այն նկարները, որոնք համահունչ էին գրվածքին: Նա այս աշխատանքը նաեւ հոգու պարտք է համարում, որովհետեւ Ա. Մորիկյանի մտերիմն էր:
Հ. Թադեւոսյանը նշում է, որ Այդին Մորիկյանի հետ զրուցելու առիթներ շատ է ունեցել. «Երկուսս էլ իրար դեմ դիմաց կանգնել ու լռել ենք, խոսելիքը երբեք չի խոսվում, ասելիքը՝ չի ասվում, այլ կատարվում է»:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի համար զրույցը Ա. Մորիկյան մեծ մարդու եւ ընկերոջ հետ՝ հարատեւ է: Գրականագետը հիշեց այն տարիները, երբ մեր երկիրը նոր էր կայանում: Այդ տարիներին Այդին Մորիկյանը, հավաքելով իր լրագրող ընկերներին, գրողներին, ստեղծեց «Հայաստանի Հանրապետություն» թերթը: Նա ամեն մեկին խնդրում, պահանջում էր հոդվածներ գրել: «Օրերով թափառում էինք ու զրուցում, ժողովուրդը ծառս էր եղել տեղից, բայց հոգեւորը դժվարությամբ ապրում էր, չնայած նկատվում էին աղետի նշաններ, քանի որ թիկունքում ծվարած աճում էր մի խավ, որի համար հոգեւորը զրոյական արժեք ուներ: Այդ մաքառումների հետ ճշմարիտ մտավորականն էր աճում: Այդ ժամանակ հոգեւոր դեղնախտով տառապող կեղծ մտավորականության մի խավ կար, որը ջնջում էր բոլոր արժեքները: Մարդիկ կային, որ ասում էին՝ մի գունդ պանրի հետ կփոխեմ իմ անկախությունը: Նրանց կողքին մենք ապրեցինք ու գոյատեւեցինք: Այդտեղ Այդինի նման մարդիկ աննկատ, ամենօրյա տքնանքով արարում էին, ստեղծում, իսկական մշակի պես հոգեւոր հայրենիք էին ստեղծում»,- ասաց Հ. Թամրազյանը:
Մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով Ա. Մորիկյանի «Ասացի եւ ազատեցի հոգին իմ» գրքին, ասաց, որ չնայած չի հասկանում, թե ինչպես կարելի է հոգին ազատել, բայց այդ գրքում «Այդինը հրաշալի կերպով ներկայացնում է ժամանակը, օրերն ու նույնիսկ ժամերը, որովհետեւ, ցավոք սրտի, մեր կյանքը ոչ թե տարիներով է չափվում, այլ՝ վայրկյաններով»:
ԵՐՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով՝ Այդինի մասին խոսք ասելը նույնն է, ինչ Դոստոեւսկու մասին խոսելը. «Այդինը հավերժությունից եկող եւ հավերժություն գնացող երեւույթ է, իսկ նրա կատարած թարգմանություններով այլ կերպ ես ընկալում, օրինակ, Ռիչարդ Բախի Ռեյին»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ անկեղծացավ, որ եղբոր՝ Վազգեն Սարգսյանի կորստից հետո միակ հոգեւորը Այդինի մեջ է տեսել. «Նրա մոտ Հիսուսի խաչելությունից 3 օր առանց Աստծո ապրելու թեման էր: Այդին Մորիկյանը բազմաթիվ մեկնաբանություններ ուներ այս մասին»: