Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկանիս ազգուտակը՝ Եվրոպայում

Հուլիս 09,2010 00:00

Պետական բուհ ընդունվելիս ուսանողներն առաջին կուրսում հաճախ լսում են կիսաձայն արված մի հայտարարություն. «Գերազանցիկ ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել արտերկրում»:

Ուսանողական հաջորդ տարիների ընթացքում ուսանողը պարզում է, որ արտերկիր մեկնողների ցուցակն արդեն համալրված է, ծրագրերը սպառված են կամ ինքը կրկին դիմել է ուշացումով: Հետագայում տարբեր աղբյուրներից պարզվում է՝ «երջանիկ- գերազանցիկ» ուսանողների թվում նախարարների, դեկանի կամ էլ ռեկտորի ազգուտակն է:

24 -ամյա Կարեն Մաթեւոսյանը մեկ շաբաթ առաջ վերադարձել է Եվրոպայից: 1 տարվա ընթացքում ճանապարհորդել է եվրոպական մի շարք երկրներում, աշխատել եւ սովորել միաժամանակ. «Համալսարանների վրա հույս դնել չի կարելի: Ժամանակին սովետն ինքն էր ապահովում իր դպրոցականների ու ուսանողների ճանապարհորդելու ծախսերը: Հիմա՝ «եղունգ ունես, գլուխդ քորիր»: Ինտերնետով երիտասարդների համար ծրագիր գտա Իտալիայում, դիմեցի: Շատ զարմացա, որ ոչ ծանոթ ունեի, ոչ էլ փող, բայց ընտրվեցի: Սկզբում մանկատներից մեկում աշխատում էի որպես կամավոր: Հետո զուգահեռ սկսեցի սովորել երկշաբաթյա դպրոցներում»:

Նմանատիպ ծրագրեր այսօր իրականացվում են նաեւ հայկական տարբեր հ/կ-ների կողմից: Կամավորական կամ կրթական ծրագրերը ունեն բազմաթիվ առավելություններ. ընդունող կազմակերպությունը հոգում է մեկնող կամավորի բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, կացարան, ապահովագրություն ու անվտանգություն, գրպանի գումար: Ծրագրին մասնակցելու ամենակարեւոր նախապայմաններից մեկը հետեւյալն է՝ կամավորը պետք է վերադառնա հայրենիք ծրագրի ժամկետը լրանալուն պես: 22-ամյա Լիլի Ավագյանը պատրաստվում է 3-րդ անգամ մեկնել Գերմանիա, այս անգամ էլ սովորելու: Լիլին Բունդեստագում աշխատել է որպես կամավոր ադմինիստրատոր եւ նույնիսկ արժանացել Անգելա Մերկելի գովասանքին: Դժգոհ է միայն վերադառնալու նախապայմանից եւ հույս ունի՝ գտնել այնտեղ մնալու որեւէ հնարավորություն. «Հայաստանից մեկնելու ցանկություն ունեն երիտասարդների հիմնական մասը: Մնան էստեղ՝ ի՞նչ անեն: Ոչ աշխատանք կարող են գտնել, ոչ էլ ապագա: Հա, երեւի գնան մատուցող աշխատեն, օլիգարխների երեխաներին սպասարկեն ու նրանց հաջողություններով ուրախանան»:

Կամավորական աշխատանքի մասին հայերն ունեն անհատական պատկերացում՝ ներկված ու փոշոտ հագուստներով երիտասարդները հայկական հեռավոր մի գյուղում ներկում են դպրոցի փլվող պատերը: Այս պատկերը թեեւ հնարավոր, սակայն հեռու է Եվրոպական երկարաժամկետ կամավորական ծառայությունից (Evs): Այն՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» եվրամիության ծրագրի բաղկացուցիչ մասն է: Կամավորները 18-30 տարեկան երիտասարդներ են, որոնք ընտրելով ծրագիրը, մեկնում են Եվրամիության անդամ երկրներ եւ աշխատում որպես կամավոր՝ 2 ամսից 1 տարի ժամանակով: Ավարտելիս կամավորները ստանում են վկայական, որով հնարավոր է նաեւ աշխատանք գտնել Եվրոպայում:

Հայաստանում անկուսակցական երիտասարդների համար թեեւ քիչ են ճանապարհորդելու եւ օտար լեզվի գիտելիքները զարգացնելու հնարավորությունները, բայց, այնուամենայնիվ, կան: Անհանգստացնում է միայն մեկ փաստ, արտերկրից երիտասարդներին ստիպում է վերադառնալ միայն ընտանիքի անդամների հանդեպ կարոտը եւ հույսը. հետո Հայաստանից ավելի հեշտ կլինի ընտանիքով գնալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել