Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏԵՐԸ ՆԱԵՎ ՁԵՌՔՈՎ ԵՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ

Հուլիս 09,2010 00:00

ԳԹԿ-ն որոշել է ստուգել «համակարգչին» եւ այն «աշխատացնողներին»

Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում անցկացվեցին կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն առարկաներից լրացուցիչ քննություններ: Լրացուցիչ փուլում կենսաբանությունից իրենց գիտելիքները ստուգելու համար ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից 96 դիմում-հայտ էր ներկայացվել, ընդհանուր պատմությունից՝ 71, աշխարհագրությունից՝ 17: Շոգի, կրքերի հանդարտման, թե «հավեսի» բացակայության պատճառով լրացուցիչ փուլում քննությունից քննություն դրսում իրենց երեխաներին «բալետ» անող ծնողների քանակն աստիճանաբար նվազում է, սակայն չի պակասում նրանցից շատերի վրդովվածությունը: Իհարկե, կան նաեւ շատ ծնողներ, որոնք ընդհանուր առմամբ գոհ են: Ամեն քննական օրվա պես երեկ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը շրջայց կատարեց քննասենյակներով, այնուհետեւ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց թիվը եւս քննությունից քննություն նվազում է: Դառնալով հուլիսի 3-ի՝ ֆիզիկայի լրացուցիչ քննության արդյունքներին՝ պարոն Խաչատրյանը նշեց. «Արդյունքները դեռ լրիվ չեն ամփոփվել, բայց ընդհանուր առմամբ ցածր են: Այս առարկայի լրացուցիչ քննությունից միջին միավորը 6-ի շրջանում է»: «Առավոտի» այն դիտարկմանը, թե հիմնական փուլի արդյունքում ֆիզիկայի միջին միավորը 10.5 էր, ուստի այսպիսի տատանումն արդյոք չի՞ նշանակում, որ ընկել են մեկ այլ ծայրահեղության մեջ, ԳԹԿ տնօրենը պատասխանեց. «Այդպես չեմ կարծում, քանի որ լրացուցիչ փուլում քննություն են հանձնում հիմնականում չպարապած կամ ոչ լավ պարապած դիմորդները: Ավելին, քանի որ ֆիզիկա հանձնողների թիվը քիչ է, որոշել ենք մեքենայական՝ համակարգչային ստուգումից բացի, նաեւ ձեռքով ստուգել՝ կոմպյուտերային ստուգումն ինչ-որ առումով հավաստի դարձնելու համար. ուզում ենք համեմատություն անել»: Մեր այն դիտարկմանը, թե այսպիսով կասկածի տակ չի՞ դրվում համակարգչային ստուգման հավաստիությունն ու օբյեկտիվությունը, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Բայց ինչու՞ չստուգել»: Մենք էլ ի պատասխան նշեցինք՝ այդ դեպքում թող առաջին իսկ քննության ստուգման դեպքում զուգահեռաբար նաեւ ձեռքով ստուգեին, որ հենց սկզբից վստահ լինեին համակարգչային ստուգման հավաստիության մեջ: ԳԹԿ տնօրենն ասաց. «Եթե կասկածներ լինեն, վերստուգում էլ կանենք, այդտեղ խնդիր չկա, մյուս կողմից էլ չեմ կարծում՝ տատանումներ լինեն: Ուղղակի քանի որ փոքր քննություն է, ինչո՞ւ չփորձել նաեւ ձեռքով ստուգել, ուղղակի համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է: Չնայած ես վստահում եմ համակարգչային բոլոր աշխատողներին, բայց եթե որեւէ մեկը որոշի այնտեղ ինչ-որ բան խախտել, տեսականորեն դա հնարավոր է: Ու քանի որ տեսականորեն հնարավոր է, ուրեմն պիտի մի տեղ գոնե ստուգում անել: Հետո կոմպյուտերային ստուգման մեջ որոշ նուրբ վտանգներ կան, հնարավոր բացթողումներ…»:

Ծնողներից շատերը կասկածում են ոչ միայն ԳԹԿ-ի եւ համակարգի այլ աշխատողների, այլեւ ընդհանրապես բոլոր հայերի վրա: Ծնող Արաքսյան «Առավոտին» ասաց. «Մեր ազգի վատն այն է, որ շրջանցելու ձեւեր միշտ էլ գտնում է: Չեմ ուզում անուններ տալ, բայց մեր շրջապատում դեպքեր են եղել, որ բացարձակ անտեղյակ երեխան ստացել է 17, 18, 19: Մյուս կողմից էլ երեխայի տասը տարվա սովորածը մեկ թերթիկով հնարավոր չէ չափել: Լավ կլիներ, որ բոլոր դիմորդներին ընդունեն, բուհերում ընտրություն անեն: Չեն անում, քանի որ նույն անարդարությունը այնտեղ էլ է տիրում»:

Գյումրեցի ծնող Էլինար Մինասյանի երկու զավակներն էլ բուհ են ընդունվել միասնական քննակարգով: Նա գոհ է համակարգից. «Աղջիկս ընդունվել էր մանկավարժական, բայց այժմ դիմում է, որ ընդունվի բժշկական, իսկ տղաս անցյալ տարի անվճար է ընդունվել, քանի որ ֆիզիկայից 19, կենսաբանությունից 16.5 է ստացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել