Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայազգի քաղաքապետ Արա Նաջարյանը անցած մի քանի օրերին հանդիպել է ՀՀ վարչապետին, Սփյուռքի նախարարին, ԱԺ նախագահին, Երեւանի քաղաքապետին՝ խոսել Հայաստանի եւ Կալիֆոռնիա նահանգի քաղաքների ու համայնքների միջեւ կապերի հաստատման ու հետագա համագործակցության, զբոսաշրջության եւ առեւտրի ոլորտներում համագործակցության, քաղաքականության ոլորտն ընտրած սփյուռքահայ երիտասարդներին օժանդակելու կարեւորության մասին, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ «հիացել երեւանյան ջերմ մթնոլորտով, օրեցօր գեղեցկացող Երեւանով», իսկ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել, որ ինքը քոլեջում սովորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ «1981 թվականին Լոս Անջելեսի Occidental քոլեջներից մեկում դասընկերներ էինք։ Նա վերջին մարդն էր, որի մասին կարող էինք մտածել, թե ԱՄՆ նախագահ կդառնա: Ես ավելի սիրված էի, քան Օբաման, ո՞վ կպատկերացներ: Օբաման թեեւ աչքի չէր ընկնում իր լավ, ազդեցիկ խոսքով ու ելույթներով, սակայն խելացի երիտասարդ էր»,- ասել է Արա Նաջարյանը եւ հիշել, որ քոլեջում Բարաք Օբաման աֆրիկացիներին բնորոշ գանգուր, երկար մազերով երիտասարդ էր։
ԱՄՆ նախագահի համադասարանցին ասել է նաեւ, որ ԱՄՆ հայ համայնքը վիրավորված է, որ Օբաման «ցեղասպանություն» բառի փոխարեն իր ամենամյա ուղերձում օգտագործել է «եղեռն» բառը։ «Հայերը շատ են օգնել նրան նախագահ դառնալու գործում։ Կարծում եմ՝ եթե ոչ այս, ապա հաջորդ տարի Օբաման կճանաչի Ցեղասպանությունը»,- հույս է հայտնել Գլենդելի քաղաքապետը։