Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐՈՒՄ ԵՆ ՕՁԵՐԻ ՀԵՏ

Հուլիս 09,2010 00:00

Մեկ ամսում Վանաձորի Տարոն- 4 թաղամաս 12 օձ է «այցելել»

Լոռու մարզկենտրոն Վանաձորի Տարոն- 4 թաղամասի Մինէներգոյի 1, 14, 15, 16 շենքերի բնակիչները մեկ ամսվա ընթացքում հասցրել են սեփական ուժերով ավելի քան 12 օձ վնասազերծել: Օձերը հանդիպում են շենքերի մերձակա տարածքներում, պատշգամբների տակ, շքամուտքերի դիմաց, նկուղային հարկերում, խաղահրապարակներում ու անգամ մեքենայի շարժիչին փաթաթված: 11-ամյա Վասիլ Ասատրյանը պատահաբար ոտքը դրել է օձի վրա: «Խանութ էի գնում: Երեխեքը գոռացին, թե՝ ոտդ դրել ես օձի վրա…»,- պատմում է նա: Բարեբախտաբար առայսօր խայթոցի որեւէ դեպք չի գրանցվել: Դրանով բավարարված՝ բնակիչները մինչ օրս որեւէ տեղ չեն դիմել, նույնիսկ չգիտեն ինչ տեսակի օձերի հետ են «հարեւանություն» անում:

Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը զարմանում է, որ բնակիչները որեւէ օղակի օգնության չեն կանչել: Մեր զրուցակիցը խոստացավ անձամբ այցելել թաղամաս եւ խնդրով զբաղվել: Վանաձորի մի հատվածում օձերի առկայության եւ ազատ տեղաշարժի մասին տեղյակ չէին Լոռու մարզի փրկարարական ծառայությունում՝ նրանք էլ որեւէ ահազանգ չեն ստացել: Փրկարարական ծառայության պետ Հրաչիկ Անտոնյանը արտասովոր երեւույթները բացատրում է եղանակային կտրուկ փոփոխություններով, սակայն, բացի վնասազերծելը, որեւէ պայքարի ձեւ չի նշում. «Հատուկ պայքարի ձեւ չկա, ուղղակի համարձակություն է պետք՝ բռնելու ու ոչնչացնելու համար: Ենթադրենք, օձը տեսան, նա շարժվում է, մարդ տեսնելիս թաքնվում է: Մենք տունը կամ շենքը պետք է քանդե՞նք, որ վնասազերծենք: Այս տարի գայլերի հարձակման 3 դեպք ենք ունեցել, Որսորդմիության հետ համատեղ վնասազերծել ենք, բայց օձին հրազենով չես կարող ոչնչացնել»,- ասում է Հրաչիկ Անտոնյանը:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետների զարմանքն էլ մեծ էր, նրանք խորհուրդ տվեցին օձերի հարցով դիմել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կառույցին: Այստեղ էլ պարզվեց, որ տեսչությունը կապ չունի նույնիսկ օձի խայթոցի դեպքում: «Հիվանդանոցների գործառույթն է, նրանց տրամադրվել են մի շարք սիճուկներ, նաեւ անտիգյուրզին: Օձի խայթոց ստացած քաղաքացին անպայման պետք է ընդունի համապատասխան հակաթույնը»,- ասում է հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կառույցի պետ Կարինե Միրզոյանը:

Վանաձորցիների կարծիքով, օձերը Տարոն թաղամասի նշված շենքերի մոտ են գալիս գորտերով կերակրվելու համար, դրանց ձայնը լսելով: Տարոնի բնակիչները կարծում են նաեւ, որ օձերը կլքեն իրենց թաղամասը, եթե վերանա 5 տարի շարունակ չլուծվող խնդիրը: Թաղամասի թիվ 14 եւ 16 շենքերը սնուցող ջրախողովակների վթարի հետեւանքով ջուրը լցվում է նկուղները, խարխլում հիմքերը, խոնավացնում առաջին հարկերի բնակարանները: Բնակիչները բազմիցս դիմել են «Լոռու-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրինությանը, սակայն առ այսօր որեւէ տեղաշարժ չկա: Ավելին, մի քանի ամիս առաջ վթարավերացման նպատակով թիվ 14 շենքի բակում 4 մետր խորությամբ փոս է փորվել, որը ոչ միայն արդյունք չի տվել, այլեւ չի ծածկվել, ջուրը տարածվում է դեպի մերձակա կիսակառույցներ, հոտում եւ ճահճանում: Վիճակը անցորդների ու բակի երեխաների համար վտանգավոր է, իսկ գորտերի բազմացման եւ գոյատեւման համար՝ իդեալական:

Ու քանի դեռ ճահիճ-գորտ-օձ խնդրահարույց շղթայի առաջին հարցը չի լուծվել, մյուսների լուծման մասին անգամ երազել չարժե: Ու քանի դեռ տարիներով չլուծված խնդրով ոչ մի կառույց չի զբաղվում՝ 4 շենքերի բնակիչներին մնում է ընդդեմ օձերի պայքարում ապավինել միայն իրենց ուժին, համարձակությանն ու խորամանկությանը:

Հ. Գ. ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցի 38 դեպք, որից երեքը՝ Երեւանում, 5-ը՝ Արարատի, 11-ը՝ Արագածոտնի, 1-ը՝ Վայոց ձորի, 7-ը՝ Սյունիքի, 4-ը՝ Տավուշի, 1-ը՝ Կոտայքի, 6-ը՝ Արմավիրի մարզերում: 36 դեպքում խայթվածները բուժում են ստացել եւ ողջ-առողջ վերադարձել տուն: Սյունիքում եւ Կոտայքում օձի խայթոցից մեկական մահ է գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել