Բնապահպանության նախարարությունը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն եւ Վաղաշեն համայնքների բնակիչների կողմից ստացել էր բողոք՝ կապված Արգիճի գետի հունի փոփոխության եւ ջրերը դեպի Վայոց ձորի մարզ ուղղելու նպատակով կատարվող շինարարական աշխատանքների հետ: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից տեղում ուսումնասիրվել է Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կատարվող շինարարական աշխատանքների օրինականությունը: Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը՝ պարզվել է, որ դեռեւս խորհրդային ժամանակներում ներկայիս Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքի շուրջ 270 հեկտար հողատարածքը ոռոգելու նպատակով, այլընտրանք չունենալով, կառուցվել է Գայլաձոր վտակից (ջրատվությունը՝ 240 լ/վրկ) դեպի նշված համայնքը տանող ջրատար (ջրառը՝ 87 լ/վրկ): 2009 թ.-ին ջրի կորուստները նվազեցնելու նպատակով «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են նշված ջրատարի մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնք անավարտ են: Այնպես որ, Արգիճի գետի հունի փոփոխության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ներկա դրությամբ նշված տարածքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում:
Ինչ վերաբերում է նույն վայրում կառուցվող ՀԷԿ-ին, ապա բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության կողմից կայացվել է որոշում շինարարական աշխատանքների դադարեցման մասին՝ մինչեւ «Զանգեզուր Էքսիմպ» ՍՊԸ-ի կողմից օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացնելը: