Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՀԱՅՑ ԹԱՂՈՂ ՎԱՅ-ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 09,2010 00:00

Սեփականության իրավունքի զանգվածային խախտմամբ ուրիշի ունեցվածքի բռնի թալանման դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած հայցադիմումների մերժումները, մեղմ ասած, զարմանք ու կասկած են հարուցում: Չէ՞ որ սեփականության իրավունքը մարդու իրավունքներից ամենահիմնական սոցիալական իրավունքն է: «Մի տնից չենք, մի հալից ենք» սկզբունքով առաջնորդվելով՝ կազմվել է փոքրիկ նախաձեռնող խումբ, որի անդամների աչալրջության շնորհիվ ի հայտ են եկել բազմաթիվ իրավաբանական հակասություններ, որոնց լուծումը գուշակելու համար բոլորովին էլ պետք չէ իրավաբանական ֆակուլտետի թանկարժեք դիպլոմ ունենալ, մանավանդ որ՝ շնորհիվ մեր դատարանների յուրօրինակ աշխատանքի, յուրաքանչյուր հայցվոր ինքն է դառնում իրավաբան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության անունից տարբեր նամակներում Արա Շահզադեյանի ստորագրությունների համեմատությունն իսկ հակասություն է բացահայտում. տարբերվում են նամակների տակ ոչ միայն նրա ստորագրությունները, այլ նաեւ ստորագրությունների ձեռագրերը, որը նկատելու համար բոլորովին էլ պետք չէ փորձագետ լինել: Կասկածի տակ են ոչ միայն «Հայփոստի» ներկայացուցիչները, Եվրոդատարանի հայ ներկայացուցիչները, այլ նաեւ հենց տեղի «ամենաարդար» հայ-վայ փաստաբանները:

Սեփականության իրավունքի խախտման կոնկրետ փաստի առիթով Եվրոդատարան դիմած Մարգարիտա Սիմոնյանի փաստաբանը Վ. Զ.-ն էր: 2005թ. ծեր կինը դիմում է նրան, իսկ վերջինս, տեղի դատարաններում տիկնոջ շահերը «պաշտպանելով», գործն ուղարկում է Եվրոդատարան: Անցած տարիներին տիկինը բազմիցս դիմում է պրն Զ.-ին եւ անընդհատ ստանում նույն պատասխանը. «Սպասիր, դեռ պատասխան չկա»: Նույն ճակատագրին արժանացած նախաձեռնող խմբի անդամներից մեկը զանգում է Եվրոդատարանի քարտուղարություն եւ տեղեկանում, որ դեռեւս 2006թ. նրան գրավոր մերժում են ուղարկել: Տիկին Սիմոնյանը զանգում է Վ.Զ.-ին եւ բացատրություն պահանջում: Վերջինս պնդում է, որ պատասխանն ստացել է ոչ թե 2006թ.-ին, այլ՝ 2008թ.-ին, սակայն այդպես էլ կինը չի գալիս եւ գոնե ուշացումով չի վերցնում նամակը: Ծեր կինը դիմեց տողերիս հեղինակին: Նրա հետ գնացի Մաշտոցի պողոտայում գտնվող Վ. Զ.-ի գրասենյակը: Բոլորի ներկայությամբ պրն Զ.-ն տիկին Սիմոնյանին հանձնեց ԵԴ-ի նամակը, պնդելով, որ այն ստացել է ոչ թե 2006թ.-ին, այլ՝ 2008 թ.-ին: Ծրարի զննությունից հետո պարզվեց, որ փոստատան մուտքի կնիքի վրա ոչ թե 2008, այլ 2006 է գրված եւ որ փոստատան կնիքի վերջին «08» թվանշանները ոչ թե տարեթիվ, այլ ժամ են նշանակում: Միաժամանակ կասկած հայտնեցի, որ նրա նման «փորձված» փաստաբանը նման տարրական բանը չգիտի: Նա ներողություն խնդրեց՝ պատճառաբանելով, որ նամակը ստացել են եղբոր անչափահաս երեխաները եւ պատահաբար մոռացել են իրեն հանձնել: Ինչն է պատճառը, որ հայցը գրելիս 2005թ. փաստաբանը նշել է ոչ թե իր, այլ եղբոր տան հասցեն, այն դեպքում, երբ հանդիպման ընթացքում անկեղծ խոստովանեց, որ 2000թ.-ից այլեւս այդ հասցեում չի բնակվել, հարգելի փաստաբանը այդպես էլ չկարողացավ բացատրել, փոխարենը սպառնաց, որ եթե համարձակվենք դատարան դիմել, ինքը հակընդդեմ հայց կներկայացնի եւ անպայման դատը կշահի: Իսկ երբ ես պատասխանեցի, որ պատրաստվում եմ մամուլում գրել այդ մասին, նա սպառնաց, որ «ուղղակի կքանդի մեր խմբագրությունը», առանց ճշտելու, թե ո՞ր խմբագրությունում եմ աշխատում: Չեմ ցանկանում խորանալ, թե որտեղից է գալիս փաստաբանի ինքնավստահությունը, բայց ցանկանում եմ, որ նա, որպես հայ տղամարդ, փորձի տեր կանգնել իր խոստմանը, քանդի խմբագրությունը, դատի տա ինձ: Այդ ժամանակ խոստանում եմ այլ ապացույցներ ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել