Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխաները շոգերին չեն դիմանում

Հուլիս 09,2010 00:00

Նրանք շոգի դեմ պայքարելու իրենց միջոցներն ունեն՝ մերկանում են կամ թավալվում սառը գետնին:

Վաղը հանրապետությունում սպասվում է 38- 40 աստիճան ջերմություն: Դրան հաջորդող օրը՝ հուլիսի 11-ին, նույնպես շատ շոգ է լինելու, այնպես որ, բնակչությունը ուզած-չուզած պետք է մասնակցի Վարդավառ տոնին ու մի լավ «ջրվի»: Հուլիսի 12-ին ջերմաստիճանը կնվազի մինչեւ 38-39 աստիճան, իսկ արդեն հուլիսի 13-ին կլինի 35-36 աստիճան: Այս կանխատեսումները երեկ հրավիրած ասուլիսում ներկայացրել է Հայպետհիդրոմետի օթերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Ըստ մասնագետի, այս տարվա հուլիսն ընդհանուր առմամբ շատ շոգ է եւ գրանցվել է բարձր ջերմաստիճանային ֆոն, սակայն, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի. ոսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հուլիսին լինում է առավելագույն ջերմաստիճան, օգոստոսին առավելագույն ջերմաստիճանն ավելի ցածր է լինում:

Բայց մինչ օգոստոսը, այս շոգ ու կրակ օրերին հանրապետությունում մանկապարտեզները շարունակում են ծանրաբեռնված գործել: Դայակ-դաստիարակները նույնիսկ դժգոհում էին, թե քանի որ ազգի սոցիալական վիճակը գնալով վատանում է՝ այս ամռանը ծնողներից շատերը, հնարավորություն չունենալով հանգստանալու մեկնել, պարտաճանաչ ամեն առավոտ երեխաներին շարունակում են տանել մանկապարտեզ: Դաստիարակներից մեկի խոսքերով՝ «Երեխաներ կան, որ շոգին բացարձակ չեն դիմանում: Մեկը, օրինակ, որքան էլ համոզում ենք, չի լսում՝ քնելիս լրիվ տկլորանում է, նույնիսկ տրուսիկն է հանում՝ նոր քնում: Երեխաներին չենք կարողանում գետնից պոկել, մեկը շապիկը բարձրացնում է՝ փորիկը քսում գետնին, որովհետեւ սառն է՝ դուրը գալիս է»:

Այս առնչությամբ մենք Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն պետք է ջերմաստիճանը բարձրանա, որպեսզի հրաման լինի մանկապարտեզները փակելու: Տեսչությունից պարզաբանեցին, որ նման սանիտարական նորմ չկա. «Գոյություն ունեն օդաջերմային ռեժիմի չափորոշիչներ, թե մանկապարտեզներում եւ դպրոցներում որ սենյակում ջերմաստիճանը որքան պետք է լինի: Օրինակ, մանկապարտեզներում վաղ մանկական խմբերում պետք է լինի 20-21 աստիճան տաքություն, ննջարանում՝ 18-20, սանհանգույցում՝ 19-20, մարմնամարզական սենյակում՝ 18-20, խոհանոցում՝ 15 աստիճան տաքություն: Սակայն մենք չենք կարող մանկապարտեզներին արգելել գործել, սովորաբար օդերեւութաբանները, երբ կանխատեսում են բարձր ջերմաստիճան, բժիշկներն էլ ամփոփում են տվյալները, թե առաջնային բուժօգնության ո՞ր տարիքային խումբն է դիմել, երեխաները շատ են, թե՝ ոչ, ըստ այդմ էլ զգուշացվում է կրթության նախարարությանը, որ խոցելի խմբերը ժամը 11-ից 17-ը ձեռնպահ մնան տնից դուրս գալուց»:

Մեր հարցին, թե մանկապարտեզներում գոնե օդաջերմային ռեժիմի չափորոշիչները պահպանվո՞ւմ են, ստուգումներ արե՞լ եք՝ տեսչությունից պատասխանեցին, որ՝ ոչ. «Ձմռանը ջեռուցման համակարգեր ունենում են եւ կարողանում են ջերմաստիճանը պահպանել, բայց ամռանը օդակարգավորման համակարգեր մանկապարտեզները իրենց չեն կարող թույլ տալ, դրանք շատ թանկ են, հետեւաբար, այդ չափորոշիչները չեն պահպանվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել