Չնայած կառավարության այս պահանջին՝ սննդի ոլորտի աշխատողներից շատ քչերն են բուժզննության ենթարկվում
Օրերս Մալաթիայի գյուղմթերքների շուկայում զզվելի, նույնիսկ սրտխառնոց առաջացնող մի տեսարանի ականատես եղա: Մոտ 50 տարեկան մրգավաճառը բառիս բուն իմաստով թքում էր թաշկինակին եւ խնձորները ջանասիրաբար փայլեցնելով շարում սեղանին:
Սա թեեւ փոքր, բայց շատ խոսուն դրվագ էր՝ թե մեր երկրում ինչ է կատարվում սննդամթերքի առք ու վաճառքի կետերում: Շրջելով մայրաքաղաքի փողոցներով եւ զրուցելով սննդի առեւտրով զբաղվողների հետ՝ պարզեցինք, որ նրանց մեծ մասն անգամ չգիտի՝ ինքն իրավունք ունի՞ աշխատել հասարակական սննդի օբյեկտներում, թե՝ ոչ: Բանն այն է, որ կառավարության 437-Ն որոշումով՝ կիսամյակը մեկ անգամ հանրային սննդի կազմակերպություններում, սննդի առեւտրի օբյեկտներում աշխատող անձինք պարտադիր պետք է ենթարկվեն բժշկական զննության: «Առավոտի» հետ զրույցում Գարեգին Նժդեհի հրապարակում գործող խորովածանոցների, հացաբուլկեղենի բաժնի աշխատակիցներից եւ մսավաճառներից շատերն անգամ տեղյակ էլ չէին, որ պարտավոր են գործատուի հաշվին մանրակրկիտ բժշկական զննության ենթարկվել, պարզելու՝ արդյո՞ք չունեն մաշկավեներական, աղիքային վարակիչ հիվանդություններ կամ որդակրություն եւ մի շարք այլ վտանգավոր հիվանդություններ: Այս աշխատակիցները մեր այն հարցին, թե ինչո՞ւ չեն հետազոտվում, պատասխանեցին. «Ինձ ի՞նչ ա էղել, որ մի հատ էլ գնամ բժշկի: Ես եթե զգամ լավ չեմ, նոր կգնամ»: Իսկ նրանք, որոնք տեղյակ էին կառավարության որոշման մասին, վստահեցրին, որ ստուգվել են: Սակայն երբ խնդրեցինք նրանց առողջ լինելու մասին հավաստող փաստաթուղթ ցույց տալ, ասենք՝ բժշկական գրքույկը, նրանք հրաժարվեցին: Մեր տեղեկություններով, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող խորովածանոցներից մեկում էլ որպես խոհարար է աշխատում ՄԻԱՎ վարակակիր մի տղամարդ: Այսինքն՝ ցանկացած պահի հնարավոր է որեւէ վարակ ձեռք բերել հանրային սննդի օբյեկտներից օգտվելու ժամանակ:
Ընդ որում, եթե անգամ «պտիչկայի» համար դիմում են բուժզննության, ապա մանրակրկիտ չեն հետազոտվում, ինչպես որ կառավարության որոշումն է պահանջում: Վերջերս կաթնամթերքի արտադրամասերից մեկի աշխատակիցներն անցել են հերթական բուժզննումը: Սակայն աշխատակիցներից մեկի պատմելով՝ ընդամենը մակերեսային զննում է եղել՝ քիթ-կոկորդ, ձեռքեր, աչքեր, ճնշում են չափել եւ վերջ: Այնինչ, կառավարության որոշման մեջ հստակ գրված է, որ պետք է զննել քիթ-կոկորդից, եղունգներից սկսած մինչեւ սեռական օրգանները. հետազոտության համար նույնիսկ անհրաժեշտ է քսուկ վերցնել նաեւ սեռական օրգաններից:
Կառավարության որոշումով պարտադիր բժշկական հետազոտության են ենթակա նաեւ սննդի արդյունաբերության ոլորտի, գյուղացիական անասնապահական տնտեսությունների, սննդամթերքի պահեստների եւ բազաների աշխատակիցները, որոնք շփվում են սննդամթերքի հետ՝ դրանց արտադրման, պահպանման եւ իրացման ընթացքում, ինչպես նաեւ բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող անձինք: Սա նշանակում է, որ պարտավոր են ստուգվել հացի, խմորեղենի առաքիչներից սկսած մինչեւ գյուղմթերքներ վաճառողները:
Մենք զրուցեցինք նաեւ մի քանի առաքիչների, մսավաճառների, գյուղմթերքներ վաճառողների հետ: Նրանցից որեւէ մեկը տեղյակ չէր, որ պետք է բուժզննում անցնի: Մսավաճառներից մեկը վստահեցրեց, որ իր ապրանքը շուկայի անասնաբույժը ստուգել է եւ «OK»-ը խփել, այնպես որ, ոչ մի վտանգավոր բան չկա: Սակայն, մասնագետների պնդմամբ, եթե անգամ միսը նորմալ վիճակում է, սակայն վաճառողը որեւէ վարակ ունի, ապա հնարավոր է այդ վարակը փոխանցվի մսին, պանրին կամ այլ մթերքի: Եթե սննդի առեւտրի կետերի կամ արտադրամասերի դեպքում բուժզննման պատասխանատվությունն ընկնում է գործատուի վրա, ապա գյուղմթերքների շուկայի դեպքում ոչ ոք չի կարող գյուղմթերք վաճառողին պարտադրել բուժզննում անցնել:
Սննդամթերքների արտադրամասերում էլ, կարելի է ասել, վերահսկողություն չկա, քանի որ արդեն 2 տարի է՝ կառավարությունը որոշել է փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար մինչեւ 70 միլիոն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներին ազատել ստուգումներից: Այս որոշումից հետո հանրապետության սննդի բազմաթիվ օբյեկտներ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության կողմից չեն ստուգվում: