Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ներկրում ենք շատ, արտադրում՝ քիչ

Հուլիս 09,2010 00:00

Կառավարությունը երեկ հաստատեց ցորենի սերմաբուծության եւ սերմնարտադրության 2010-13թթ. զարգացման ծրագիրը: Այն իրականացնելու համար, գործադիրի որոշմամբ, գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց 558 միլիոն դրամ: ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով, ծրագրի իրականացման արդյունքում 2014-ին ցորենի արտադրությունը կկազմի տարեկան 345-360 հազար հա՝ այս տարի կանխատեսվող 160 հազար տոննայի փոխարեն: Գյուղնախարարը նաեւ վստահեցրեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նվազեցնել ներկրման ծավալները եւ ցորենի ինքնաբավության մակարդակը 37%-ից հասցնել 55%:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ վերջին տասը տարիներին Հայաստան բարձրորակ սերմացու չի ներմուծվել. «Մեր նպատակն է, որ Գյումրու եւ Էջմիածնի երկու պետական սերմաբուծական կենտրոնները հասցնեն իրենց հզորությունն ու կարողությունը՝ մինչեւ 3 հազար տոննա սերմացու արտադրելու համար, 27 հազար տոննա էլ պետք է կարողանանք առաջին վերարտադրությունից ստանալ, ինչը նշանակում է 30 հազար տոննայով կկարողանանք լուծել սերմացուի խնդիրը Հայաստանում: Ծրագրի իրականացման արդյունքում, մասնագետների գնահատականներով, գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը կբարձրանա 15%-ով»: Գյուղնախարարի խոսքով էլ, հենց որակյալ սերմերի բացակայությամբ է պայմանավորված վերջին տարիներին հանրապետությունում ցանքատարածությունների կտրուկ նվազումը՝ 130 հազար հեկտարից ցանքատարածությունների ծավալը հասել է 82 հազար հեկտարի. «Հայաստանում տարեկան օգտագործվող մոտ 650- 720 հազար տոննա ցորենի գերակշիռ մասը ներկրում ենք, արտադրում՝ չնչին քանակությամբ: Այս տարվա տվյալներով, արտադրել ենք միայն 2 հազար տոննա: Սերմաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագիրը մեզ հնարավորություն կտա 2014-ին ցորենի ցանքատարածությունները հասցնել մոտ 120 հազար հեկտարի, համախառն բերքի արտադրանքը՝ 420 հազար տոննայի»: Նախարարը տեղեկացրեց, որ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել Ստավրոպոլի սերմաբուծական գործարանի հետ՝ Հայաստան ներկրել 1000 տոննա էլիտար սերմացու. «1կգ-ի արժեքը՝ ՀՀ տեղափոխելով ու մաքսային ձեւակերպումներով, կազմում է 400 դրամ: Հիմա մեր ֆերմերներին, գյուղացիներին տալիս ենք անվճար սերմացու, բայց հաջորդ տարի բերքը ստանալու ժամանակ մեկին երկու հարաբերակցությամբ վերադարձնելու պայմանով»: Պարոն Ալավերդյանը, անդրադառնալով գյուղմթերքի թանկացումներին, պարզաբանեց, թե այն պայմանավորված է գյուղատնտեսական տարվա՝ հետ ընկնելով, դրան նպաստում է նաեւ այն, որ շուկաներում դեռ վաճառվում է ջերմոցներում աճեցված բանջարեղենը:

«Այս տարի արտահանել ենք ընդհանուր առմամբ 1400 տոննա պտուղ՝ 1200 տոննա ծիրան եւ 200 տոննա կեռաս, Հայաստանում կարտադրվի 30-35 հազար տոննա ծիրան, կարտահանենք 3-4 հազար տոննան, մինչդեռ անցած տարի արտահանման լուրջ ցուցանիշներ ունեինք՝ 13 հազար 700 տոննա»,- տեղեկացրեց նախարարը:

Հ. Գ. Ի դեպ, կառավարության երեկվա որոշմամբ, Երեւանի քաղաքապետին տրվել է Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների հետ կնքված 115 պայմանագրերից 34-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու լիազորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031