Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտաքին փոխառումները կնվազեցնեն

Հուլիս 09,2010 00:00

\"\"Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գնումների ընթացակարգի ապակենտրոնացում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, կվերանայվեն պետական գնումների գործակալության կազմակերպած մրցույթների գործընթացները, կնվազեն գործակալության կողմից պայմանագրեր կնքելու ներկայիս լիազորությունները. «Ըստ էության գործակալությունը դառնում է այդ գործընթացների կազմակերպման հարթակ, ամբողջ պատասխանատվությունն ու լիազորություններն ընկնում են լիազոր մարմինների վրա, բացի դրանից, օրենքով նախատեսվում է նաեւ գնումների ընթացակարգերում ներառել հանրային ծառայությունների ոլորտը»: Պարոն Դավթյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է նաեւ գնումների գործընթացի կարգավորման եւ բողոքարկման կառույցների տարանջատումը, ձեւավորվելու է բողոքարկման անկախ խորհուրդ: Նախարարը տեղեկացրեց, որ այս ամսվանից սկսել են կիրառել էլեկտրոնային գնումների փորձնական համակարգը, որն ամբողջապես կգործի արդեն հաջորդ տարվանից. «Այն էականորեն կփոխի գնումների ընթացակարգերը, կկրճատի բյուրոկրատիան եւ կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը»:

Գործադիրը հաստատեց ՀՀ պարտքի կառավարման 2011-13թթ. ռազմավարական ծրագիրը: Այն առաջիկա երեք տարիների համար է. «Առաջարկում ենք որոշակի չափով մեծացնել ներքին պետական պարտքի մասնաբաժինը՝ ընդհանուր պետական պարտքի համամասնություններում, որը, մեր կարծիքով, էականորեն ավելի կայուն եւ կառավարելի կդարձնի պետական պարտքը: Ռազմավարությունը նախատեսում է նաեւ ավելացնել 3-ից 20 տարվա մարման ժամկետ ունեցող ներքին պետական պարտատոմսերի ծավալը, փոխառու միջոցների ներգրավման առումով առաջարկվում է հիմնական ուշադրությունը դարձնել արտոնյալ պայմաններով ներգրավվող պետական պարտքի, վարկերի ծավալներին, որոնց դրամաշնորհային հատվածը չի գերազանցի 30%-ը»: Պարոն Դավթյանի խոսքով, ներքին եւ արտաքին պարտքը հանդիսանալու է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկը, հաջորդ տարի նախատեսել են դեֆիցիտի մակարդակը հասցնել 4,9%-ի, իսկ 2012-13թթ.՝ աստիճանաբար 4,3, ու 4%-ի: Նա նաեւ ասաց, որ մինչեւ 2013թ. որոշակիորեն կկրճատեն արտաքին փոխառումները: Նախարարն անդրադառնալով 2011-13թթ. պետական պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցության ռազմավարությանը՝ ասաց. «Չնայած պետական պարտքի ընդհանուր թիվը այս տարիների ընթացքում կաճի 1,7- 1,9 տրիլիոն դրամի չափով, այնուհանդերձ, ՀՆԱ-ի հարաբերակցությունը առաջարկվում է նվազեցնել»:

Կառավարությունը հավանություն տվեց նաեւ տնտեսության վարկավորումը, զարգացումը խթանելու նպատակով կայունացման հիմնադրամից լրացուցիչ 5 միլիարդ դրամ հատկացնելուն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ այս առնչությամբ ասաց, որ կառավարությունը դեռեւս նախորդ տարի հստակ պայմաններ է սահմանել վարկավորում իրականացնելու ծրագրով՝ նպատակ ունենալով խթանել արտահանումը, տուրիզմի զարգացումը. «Անցած մեկ տարում ծրագիրը բավականին մեծ հաջողություն է ունեցել, կան ակնառու արդյունքներ, այդ թվում՝ տնտեսության անցած ամսիների 8,8% աճը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել