Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ` ՏՊԱՐԱՆԻ ՀԱՇՎԻ՞Ն

Հուլիս 09,2010 00:00

\"\"Ամերիկահայ բարերարը դպրոց է կառուցում, իսկ Գյումրու տեղական թերթերի խմբագիրները քննադատում են նրա այս նախաձեռնությունը:

Նյույորքաբնակ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը 21 տարի է՝ ֆինանսական մեծ ներդրումներ է կատարում Գյումրիում, նա հիմնովին վերանորոգեց երկրաշարժի ժամանակ հողին հավասարված թիվ 21 դպրոցը, կոչելով իր ծնողների՝ Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների անունով: Երեկ էլ նրա մասնակցությամբ մեկնարկեցին կրթահամալիրի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները: Տեղեկացնենք, որ խոսքը դպրոցի կողքին գտնվող այն կառույցի մասին է, որտեղ տարիներ շարունակ տեղակայված է եղել մարզի միակ տպարանն ու մի շարք տեղական թերթերի խմբագրություններ: Սակայն մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք շենքը հանձնվեց թիվ 21 դպրոցին` բարերար Օյունջյանն էլ ֆինանսներ չխնայեց այդ նույն դպրոցի պայմանները բարելավելու, դասասենյակներ ավելացնելու համար: Փաստորեն, կրթահամալիրի նոր մասնաշենք կառուցելու համար շենքից վտարեցին ինչպես տպարանը, այնպես էլ տեղական թերթերը, որոնք դռնեդուռ ընկնելով՝ հայտնվեցին փակման եզրին: Մարզի միակ տպարանը տեղափոխվեց Ախուրյան՝ իսպառ անգործության մատնվելով: Բանն այն է, որ ապամոնտաժման ժամանակ տպագրական սարքերից շատերը փչացան: «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը բարերարին բողոքեց. «Իհարկե, ողջունում ենք ձեր բարեգործական ծրագիրը, շատ շնորհակալություն ձեր արածի համար, բայց կներեք, չենք կարող չասել, ո՞ր դպրոցը տանեմ երեխայիս, եթե իմ գործերը շատ են վատացել, ու հնարավոր է թերթերի աշխատակիցները իրենց երեխաներին վերցնեն ու արտասահման մեկնեն: Մի շարք թերթեր փակվեցին, աշխատատեղեր կրճատվեցին, մենք էլ ընկանք ֆինանսական ծանր դրության մեջ, տպարան չլինելու պատճառով մեր թերթը Երեւանում էր տպագրվում»: Նույն թերթի լրագրող Սամվել Հունանյանն էլ հետաքրքրվեց, թե հնարավո՞ր չէր միջանկյալ լուծում գտնել՝ գոնե տպարանը նույն շենքում թողնել: «Շենքում, որը հիմա կառուցվում է եւ հանձնվելու է դպրոցի տնօրինությանը, տեղակայված է եղել Գյումրու միակ գործող տպարանը, նախկինում մենք տպարանների մեծ ավանդույթ ենք ունեցել, ի՞նչ եք կարծում, մի՞թե արժեր այդ քայլին գնալ»,- հարցրեց Ս. Հունանյանը: Բարերարը համբերատարությամբ լսեց նրանց բողոքը, բայց զրույցն ընդհատեց ՀՕՖ-ի ներկայացուցիչներից մեկը, ով պնդեց, որ իրենք բոլորովին այլ նպատակներով են եկել Գյումրի: «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրենը լրագրողներին նաեւ բողոքեց, որ պայմաններ չլինելու պատճառով իր թերթը սկսել է միագույն տպվել, որի պատճառով էլ կորցնում է տպաքանակը: «Ռոմիկ Մանուկյանը, չգիտես ինչ պատճառով, չգիտես ինչ հանցավոր համաձայնության գալով` այս շենքից դուրս շպրտեց «Կումայրի», «Շիրակ», «Եղեգան փող» թերթերի խմբագրությունները, մարզի միակ տպարանը, մեզ էլ ծախսերի տակ գցեց՝ սկզբում Երեւանում էինք տպում մեր թերթը, հետո տեսա, որ այլեւս չեմ կարողանում դիմանալ երեւանյան գներին, հետ եկա, տեղ գտա, բայց տեխնիկական հնարավորությունները անբավարար են, միագույն է տպագրվում, իսկ գնորդը սովոր է իմ բրենդին, նա հիմա այն չի գնում, մինչեւ սովորի՝ ես տպաքանակ եմ կորցնում: Ինչո՞ւ ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում, ինչո՞ւ Գյումրին տպարան չունենար, քանիսը տպարանի փակվելու պատճառով թողեցին ու Երեւան տեղափոխվեցին, քանի հիմնարկություն փակվեց, առանց էդ էլ կյանքը շատ դժվար է այս քաղաքում: Սա օբյեկտ չէր, սեփականություն չէր, որ փակեին-պրծնեին: Տպարանը տեղում թողնելն էլ մեծ բարեգործություն էր: Գյումրիում դպրոցներ շատ կան, կոնկրետ այս դպրոցը նախատեսված է 1000 երեխայի համար, բայց այս պահին 400 երեխա է սովորում, նոր մասնաշենքի անհրաժեշտությունը չկար»,- ասաց խմբագիրը՝ վստահ լինելով, որ բարերարին այս մասին ոչ մեկը մանրամասնորեն չէր տեղեկացրել, այլապես նա տպարան փակելու քայլին չէր դիմի:

Իսկ բարերարն իր ելութում շեշտեց, որ Հայաստանում ստեղծելու է ամենաժամանակակից դպրոցը, որտեղ յուրատեսակ խորությամբ ուսուցանելու են անգլերեն լեզուն: Նշենք նաեւ, որ նա ոչ միայն հոգում է դպրոցի առօրյա ծախսերի զգալի մասը, այլեւ ֆինանսավորում է դպրոցի այն շրջանավարտներին, որոնք սոցիալապես վատ վիճակում են եւ չեն կարողանում վճարել բարձրագույն կրթության համար պահանջվող վարձավճարները: Նա 2002թ.-ից սկսած՝ վճարել է այդպիսի 150 ուսանողի վարձավճարները: Մի խոսքով՝ 90-ամյա բարերարը, լինելով ամուրի, չունենալով ժառանգներ, իր աշխատանքային գործունեության 62 տարվա ընթացքում կուտակած եկամուտը ամբողջությամբ նվիրաբերում է Գյումրիին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել