Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոր վարչությունում քիչ կլինեն պատգամավորները

Հուլիս 09,2010 00:00

Վարչության անդամ չի առաջադրվի նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայիս վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հենարան» ակումբում երեկ իր ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը բնորոշեց իբրեւ այդ կարգավիճակում իր վերջին ասուլիսը. «Հետագայում, բնականաբար, ասուլիսներ շատ կլինեն, բայց այդ կարգավիճակով մոտակա ժամանակահատվածում, կարծում եմ, այլեւս ինձ չեք տեսնի»: Հարցին, թե տխո՞ւր է այդ առիթով՝ պատասխանեց. «Բացարձակապե՛ս: Նորմալ եմ վերաբերվում»: Եվ հավելեց. «Բարեբախտաբար, «Ժառանգությունում» ոչ մեկը վարչական պաշտոններից կարծես կառչած չէ: Երկրորդ բարեբախտությունն է, որ թեեւ կուսակցությունն իսկապես «Ժառանգություն» է, բայց ժառանգաբար ոչ ոք ոչինչ չի ստանում»: Արմեն Մարտիրոսյանն ընդգծելով, թե սա կուսակցությունում հերթական, աշխատանքային փոխատեղումն է՝ հավելեց. «Որպես վարչության ներկա նախագահ՝ կապված առաջիկա հսկայածավալ աշխատանքների հետ, կցանկանայի վարչության նախագահի պաշտոնում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Հասարակական այդ պահանջը կարծես եւս կա»:

Ըստ նրա՝ հուլիսի 10-ի համագումարը պետք է նախանշի այն ուղեգիծը, որը «Ժառանգությունն» իրականացնելու է մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ»: Նաեւ հայտնեց. «Դուք կտեսնեք համագումար, որտեղ ոչ միայն քննադատում են ուրիշներին, այլեւ կտեսնեք ինքնաքննադատություն, սեփական բացթողումների հրապարակային քննարկում»:

Համագումարին մասնակցելու համար շուրջ 5 հազար անդամ ունեցող կուսակցությունից ընտրվել են 400 պատվիրակներ: Քաղաքական այլ ուժերից պաշտոնապես հրավիրյալներ չեն լինելու: «Բոլոր այն անձինք, որոնց կտեսնեք համագումարում եւ նրանք կլինեն քաղաքական դաշտի ներկայացուցիչներ՝ ընդամենը անձնական հրավերներով են մասնակցելու համագումարին»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցրինք, որ «Ժառանգության» նախորդ՝ 5-րդ համագումարին մասնակցում էր նաեւ ՀԱԿ առաջնորդը եւ ծավալուն ելույթ ունեցավ: Մեր հարցին, թե արդյոք այս անգամ հրավիրե՞լ են Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ պրն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մնացած կուսակցականների առումով չեմ կարող ասել, համենայնդեպս՝ իմ մասով չկա»: Նույն պատասխանը տվեց նաեւ, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք հրավիրվա՞ծ է նախորդ համագումարի մեկ այլ հյուր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արմեն Մարտիրոսյանի անձնական հյուրերից մեկը հնչակյան Նարեկ Գալստյանն է: Հրավիրելու է նաեւ որոշ դաշնակցականների:

Համագումարում ընտրվելու է կուսակցության նոր վարչություն: Այն, ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ իրոք նոր է լինելու. «Հին անդամներին այնտեղ կտեսնեք նվազ քանակով: Մենք երեւի թե կկարողանանք կյանքի կոչել մեր կուսակցության այն խնդիրներից մեկը, ըստ որոնց՝ կուսակցության ներսում փորձում ենք տարանջատել վարչական պաշտոն ունեցող կուսակցականներին կուսակցության ներսում որոշում կայացնող կուսակցականներից: Պատգամավորները կարծես առավել վարչական պաշտոնի դաշտում են գտնվում, ուստի հնարավոր է, եւ կարծում եմ՝ այդպես կլինի, որ նոր վարչությունում մենք շատ քիչ թվով պատգամավորներ կտեսնենք»:

«Առավոտի» մյուս հարցին, թե կարո՞ղ է իբրեւ վարչության գործող նախագահ երաշխավորել, որ այս ընտրությունն էլ չի զուգակցվի այնպիսի երեւույթներով, որոնց մասին խոսվում էր 5-րդ համագումարում կայացած ընտրությունից հետո, թե տեղի են ունեցել կեղծիքներ՝ Արմեն Մարտիրոսյանը ինքնաքննադատաբար պատասխանեց. «Դա իմ մեղավորությունն էր, կարծում եմ, որովհետեւ նախորդ համագումարի ընթացքում ընտրական հանձնաժողովի նախագահը ես եմ եղել: Եվ կարծում եմ՝ նաեւ իմ մեղավորությունն է եղել, որ չեմ պատկերացրել, թե մեր կուսակցության ներսում կարող են լինել անձինք, ովքեր, ցավոք, կփորձեն կեղծիքներ կատարել: Բայց բարեբախտաբար, պետք է նշեմ, որ կեղծարարության փորձը ժամանակին կանխվել է»: Ու հավելեց. «Այս անգամ, որպեսզի նմանատիպ կեղծիքներ հնարավոր չլինի իրականացնել, մենք որոշակի կանոնակարգ ենք մշակել, թե ինչպես պետք է տեղի ունենան ընտրությունները: Եվ վերջապես, նախորդ փորձն արդեն բավականին լավ դաս է եղել, եւ այս անգամ մենք նույնիսկ չենք թույլ տա, որպեսզի ընտրակեղծիքի փորձ տեղի ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել