Ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը
– Համաձա՞յն եք այն գնահատականներին, որոնք հնչեցին ԵԽԽՎ նախագահի եւ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի առնչությամբ հայ պաշտոնյաների անգամ վիրավորական արտահայտություններից հետո, թե ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դառնում են ճգնաժամային:
– Հարաբերություններն առայժմ ճգնաժամային չեմ գնահատի, բայց որ վերահաս վտանգներն իսկապես բավականին լուրջ են՝ դա ակնհայտ երեւում է: Մանավանդ նաեւ այն պատճառով, որ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստերում արդեն մի քանի անգամ մեր հարցի քննարկումները հետաձգվելու պատճառով խնդիրները կուտակվել են, ու մինչ օրս էլ, ըստ էության, լիարժեք քննարկում տեղի չի ունեցել: Սակայն դա չի նշանակում, որ ասելիք չկա: Ընդհակառակը՝ վերահսկողության առումով մենք ունենք բավական լուրջ բացթողումներ:
– Բայց այն, որ նոր համազեկուցողը մեղադրվում է «քաղաքական տհասության» մեջ եւ այլն՝ արդյոք առավել չի՞ վատթարացնի սպասվող զեկույցը: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն էլ իր նախկին համազեկուցող Անդրեաս Գրոսսի հետ նման խնդիրներ ուներ, ինչից կարծես բնավ չշահեց:
– Արդեն տեսնում եմ, որ երեւի թե անխուսափելիորեն լարում է առաջանալու այս նոր համազեկուցողի անձի հետ կապված: Այստեղ կա օբյեկտիվ ու նաեւ սուբյեկտիվ մաս: Այս դժգոհության օբյեկտիվ մասը, որին ես նույնպես միացել եմ, այն է, որ պրն Լինդբլադն իսկապես իրեն դրսեւորել է որպես հակահայկական կեցվածք ունեցող անձնավորություն: Ռաֆայել Հուսեյնովի հետ համահեղինակ հանդիսանալով՝ բազմաթիվ ադրբեջանական նախաձեռնությունների է միացել՝ ստորագրելով հաստատումների ներքո, որոնք ինքը կա՛մ պետք է հերքի, կա՛մ այլապես դա վիրավորական է երկրի արժանապատվության համար:
Ադրբեջանի օրինակի առնչությամբ նշեմ, որ Անդրեաս Գրոսսն աչքի չէր ընկնում հակաադրբեջանական արտահայտություններով. նա պարզապես բծախնդրորեն քննադատում ու վերլուծում էր երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակը: Եվ նրա անկեղծ գնահատականներն Ադրբեջանի կողմից դիտվում էին իբրեւ հակաադրբեջանական դիրքորոշում: Այսինքն՝ մինչ այդ Գրոսսը որեւէ այլ ձեւով հակաադրբեջանական քայլ չէր արել, եւ ես դա էլ այդպես չեմ գնահատում, քանի որ զեկուցողի թիվ 1 խնդիրը հենց բարեփոխումների գործընթացը վերահսկելն է:
Բայց այս դեպքն ուրիշ է. եթե պրն Լինդբլադը պատրաստվում էր զեկուցող առաջադրվել՝ պետք է բարի լիներ առնվազն ձեռնպահ մնալ նման փաստաթղթերի ներքո ստորագրելուց, որտեղ, ասենք, իրականությանը չհամապատասխանող նման պնդումներ կան, թե Հայաստանում քրդերի նկատմամբ հալածանք կա, կամ Հայաստանն է տապալում ԼՂ վերաբերյալ բանակցությունները եւ այլն: Իմ մտահոգությունը սա է, որն արտահայտել եմ Մոնիթորինգի հանձնաժողովում, թե նման հաստատումներից հետո պրն Լինդբլադը եթե անգամ ճիշտ բաներ ասի ժողովրդավարական գործընթացների հետ կապված՝ նայվելու է այդ պրիզմայով, որ նա հակահայկական տրամադրություններ ունի եւ բնականաբար՝ փորձում է ամեն ինչ սեւացնել:
– Գորան Լինդբլադն օրերս հարցազրույցում ասել էր. «Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները ղեկավարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Սա որեւէ առնչություն չունի ԵԽԽՎ-ի, հատկապես՝ մոնիթորինգ իրականացնող համազեկուցողների հետ»: Ըստ այդմ՝ ինչ դիրքորոշում էլ նա ունենա ԼՂ հարցում՝ սա չի՞ կարող անդրադառնալ պատրաստվելիք զեկույցների վրա, որոնք առավելապես ներքին՝ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ հարցերի մասին են լինում:
– Ո՛չ: Եթե այդպես է՝ ուրեմն, պետք է նաեւ Ադրբեջանի հարցով համազեկուցողները ձեռնպահ մնան Ղարաբաղի հետ կապված դիրքորոշումներ կամ հաստատումներ անելուց, ինչն այդպես չէ: Ի վերջո՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն ունեն Եվրոպայի խորհրդի առջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ կարգավորման հասնելու վերաբերյալ: Սա դեռ հիմնական պարտավորությունն է՝ դրանից հետո եղել են նաեւ համապատասխան բանաձեւեր: Եվ համազեկուցողը, բնականաբար, կարող է անդրադառնալ այս հարցին: Իհարկե, շատ ուրախ կլինեմ, եթե այդ հարցերին նա ընդհանրապե՛ս չանդրադառնա՝ եթե անդրադառնալու է Հուսեյնովի «ակնոցներով» եւ արտահայտելու կանխակալ տեսակետներ, ինչն ավելի կսրի իրավիճակը:
– Ի դեպ, ԵԽԽՎ այս նստաշրջանի ընթացքում Դուք հրաժարվել էիք միանալ «Իր վերցրած միջազգային պարտավորություններին Հայաստանի շարունակաբար անհամապատասխան քաղաքականությունը» բանաձեւի նախագծին, ինչպես Զարուհի Փոստանջյանը բացահայտեց, քանի որ համաձայն չեք եղել այդ փաստաթղթում գործածված «քաղաքական դրդապատճառներով մեղադրված բանտարկյալներ» ձեւակերպմանը:
– Ոչ թե համաձայն չեմ եղել, այլ պատճառն այն է, որ ունեցել ենք մեր մոտեցումը դրա հետ կապված: Ես այնտեղ որպես անձ չեմ հանդես գալիս: Ես ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն եմ եւ բնականաբար՝ պետք է պահպանեմ այն քաղաքական գիծը, որը մինչեւ հիմա եղել է այդ խնդրի հետ կապված: Իսկ այդ խնդրի հետ կապված մեր մոտեցումը շատ հստակ է՝ մենք ո՛չ հերքել ենք, ո՛չ էլ ընդունել «քաղբանտարկյալ» ձեւակերպման հետ կապված այդ հաստատումները. պարզապես ասել ենք, որ դրա տեղը եւ դա անելու իրավունքը մասնագետներինն է:
ԵԽԽՎ-ում նաեւ հիմա զուգահեռ գործընթաց է ընթանում, ու ես մասնակցել եմ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի կազմակերպած առաջին լսումներին, որն ուղղված էր հենց քաղբանտարկյալ հասկացությունը, տերմինը սահմանելուն: Փորձը ցույց է տվել, որ երբ քաղբանտարկյալներին առնչվող զեկույցներ են ներկայացվում՝ միշտ անորոշ, տարաբնույթ շահարկումների առիթ են դառնում՝ մի պատճառով, քանի որ չկա հստակ ձեւակերպում, թե ինչ ասել է քաղբանտարկյալ: Ժամանակին եղել են 5 չափորոշիչներ, բայց դրանք բավարար չեն՝ ավելի հստակեցնելու այդ հարցի հետ կապված սահմանումը: Այդ պատճառով այսօր խնդիր է դրված. նման բոլոր հարցերի քննարկումներից առաջ, թե տարբեր երկրներում կան կամ չկան քաղբանտարկյալներ, սահմանել չափորոշիչներ, թե երբ կարող է այս կամ այն բանտարկյալն անվանվել քաղբանտարկյալ: Այն ժամանակ, երբ կլինեն այդ հստակ չափորոշիչները ու դրանք կկիրառվեն որոշակի անձանց վերաբերյալ՝ ես կընդունեմ նրանց գնահատականները:
Այժմ մի կողմը, որ տուժողն է, հակված է, որ առանց քննարկումների նախապես անվանվեն քաղբանտարկյալներ, իսկ մյուս կողմն էլ ասում է՝ ոչ, դա այդպես չէ, քրեական տարրեր կան մեղադրանքում եւ այլն: Սա հավերժական վեճ է: Եվ քանի դեռ «Քրեական օրենսգրքում» քաղաքական դրդապատճառների հետ կապված հոդվածներ կան՝ այդպիսի շահարկումներ կարող են առաջանալ: Պարզապես մենք չենք ցանկացել մտնել այդ շահարկումների դաշտ: Բայց չեմ բացառում, որ այդ չափորոշիչները սահմանելու պարագայում, այո՛, այս կամ այն անհատը հենց քաղբանտարկյալ էլ համարվի: Եվ կարծում եմ՝ այդ փորձագիտական գնահատականը պետք է ընդունի նաեւ երկիրը եւ անի համապատասխան եզրակացություններ: Սա է հարցը, այլ ոչ քաղբանտարկյալ ճանաչել-չճանաչելը. ես դատավոր չեմ ու չունեմ հնարավորություն՝ գործի ամբողջ ծավալը քննելու եւ իմ սեփական փորձաքննական եզրակացությունը կատարելու: Պարկեշտության խնդիր է, ու չեմ կարծում, թե պետք է գնահատել մի բան, որի լծակները չես ունեցել:
Շարունակելի