Եզրակացրել է Փիթեր Սեմնեբին
«Չկարգավորված հակամարտությունները Հարավային Կովկասում գլխավոր սպառնալիքներն են տարածաշրջանային կայունությանը, քանի որ ստատուս քվոն ինքնին անկայուն է»,- «Նոյյան տապանը», վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, տեղեկացնում է, որ ԵԱՀԿ մշտական խորհրդում հուլիսի 8-ին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նա ընդգծել է, որ դա արտահայտվել է 2008 թվականի օգոստոսին Վրաստանի պատերազմով, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանձնահատուկ մտահոգության առարկա է. շփման գծի երկայնքով տեղի են ունենում մահաբեր միջադեպեր։ ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ ձգձգվող հակամարտությունները նաեւ վտանգում են իր Արեւելյան հարեւանության ծրագրով քաղաքական բարեփոխումները եւ տնտեսական զարգացումը խթանելու Եվրամիության ջանքերը: Ըստ նրա, Հարավային Կովկասը շարունակում է լինել փոփոխականությամբ եւ անկայունությամբ բնութագրվող տարածաշրջան, եւ միջազգային հանրությունը պետք է ներգրավված մնա հատկապես հակամարտությունների կարգավորման եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման ոլորտներում:
Փ. Սեմնեբին կարծիք է հայտնել, թե՝ բացահայտ անհրաժեշտություն է, որ միջազգային հանրությունը լիարժեք ներգրավված մնա տարածաշրջանում: Հատուկ ներկայացուցիչը խոսել է հակամարտությունների կարգավորման եւ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման Եվրամիության ջանքերի մասին՝ նշելով, որ այդ ջանքերը հաջողություն կունենան միայն միջազգային ողջ հանրության համատեղ աշխատանքի դեպքում: «Այս առումով ԵԱՀԿ դերը ծայրահեղ կարեւոր է, ԵԱՀԿ-ն ԵՄ-ի գործընկերն է: Եվրամիության համար գերակայություն է մնում տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խնդիրը»,- հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: