Լրահոս
Օրվա լրահոսը

6 ՏԱՐՐԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԵՆ

Հուլիս 09,2010 00:00

\"\"Տեղեկացնում է Ռոբերտ Բրադտկեն

Ըստ tert.am-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում բացահայտել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ընթացող բանակցությունների որոշ մանրամասներ։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան եւ Ադրբեջան կարեւոր դեր խաղաց հակամարտության կարգավորման մոտեցման մեջ։ Այն եւս մեկ անգամ հաստատեց, որ ԱՄՆ-ը վճռական է՝ աջակցելու կողմերին հարցի լուծման գործում։

«Ապահովվել է որոշակի առաջընթաց։ Կողմերը համաձայն են, որ լուծումը պետք է հիմնվի Հելսինկյան սկզբունքների վրա։ Կողմերն ընդունում են վեց տարրերը, որոնք երկու անգամ ներկայացրել են ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները։ Դրանք Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր եւ վերջնական կարգավիճակներն են, զբաղեցված տարածքների վերադարձը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ միջանցքը, փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ խաղաղության ապահովման միջազգային երաշխիքները»,- ասել է համանախագահը։

«Այժմ մենք պետք է համաձայնեցնենք այս վեց տարրերը Հելսինկյան սկզբունքների հետ, հետո արտացոլենք դրանք շրջանակային համաձայնության մեջ եւ արդեն դրա հիման վրա կառուցենք կարգավորման ուղղությամբ վերջնական բանակցություններ։ Ուզում եմ նշել, որ մենք այժմ գտնվում ենք բանակցային գործընթացի կարեւորագույն փուլում»,- ասել է Ռոբերտ Բրադտկեն։ Բրադտկեն նաեւ ասել է, որ համանախագահներն անում են ամեն ինչ՝ ղարաբաղյան հակամարտության էսկալացիան կանխելու համար։ Նա նշել է, որ հունիսին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում՝ բնորոշելով իրավիճակը որպես վտանգավոր։ Ամերիկացի համանախագահը նաեւ ասել է, որ հակամարտությունը սառեցված չէ։

Նա վստահություն է հայտնել, որ երկու նախագահներն էլ խաղաղություն են ցանկանում՝ հասկանալով, որ նոր պատերազմը տարածաշրջանի համար ողբերգություն կլինի։ «Անկախ արդյունքից՝ պատերազմը կհանգեցնի թշնամանքի, որը կշարունակվի տասնամյակներ»,- ասել է Բրադտկեն։

Բրադտկեն նաեւ նշել է, որ գլխավոր խնդիրը նախագահների հազվադեպ հանդիպումներն են։ «Դա մեզ համար դժվար հարց է։ Նախագահներից մեկը մեզ ասում է, որ ինքը խաղաղություն է ուզում, իսկ մյուս կողմը դա չի ուզում, հետո այդ նույն բանը մենք լսում ենք հակառակ կողմից»,- ասել է Բրադտկեն՝ հավելելով, որ նախագահները նման չեն միմյանց. «Նրանց ոճերը տարբեր են։ Բայց ես վստահ եմ, որ երկու նախագահներն էլ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորման հարցին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել