Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Հուլիս 08,2010 00:00

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը լույս է ընծայել նույն կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմ եւ քաղաքականություն (1990-1993թթ.)» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ օրերս:
Գրքի հեղինակը ղարաբաղյան շարժման ակտիվիստներից է, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից: Նա ծնունդով Լեռնային Ղարաբաղից է, մասնագիտությամբ՝ ճարտարապետ: 1992թ. Մ. Սարգսյանը նշանակվել է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ: 1993 թ. եղել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի խորհրդականը: 1995-1999 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնում որպես փորձագետ եւ աշխատանքի բերումով մասնակցել է Մինսկի խմբի շրջանակներում կազմակերպված ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը նվիրված տարբեր բանակցությունների:
Իր գրքում հեղինակն անդրադարձել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պատերազմին, այլեւ հայ հասարակության մեջ այդ տարիներին առկա ներքին հակամարտությանը: Նա փորձ է արել վերլուծել ղարաբաղյան պատերազմի քաղաքական պրոցեսները 1990-93 թթ., հատուկ ուշադրություն դարձնելով ճգնաժամային երեւույթներին: Առանձնակի ճշգրտությամբ նա պատկերել է այն ժամանակվա քաղաքական վերնախավի մտավախությունները, հակասությունները եւ հետագա տարիներին այդ երեւույթների պատճառով ծագած դժվարությունները: Գրքում առավել մեծ ուշադրությամբ ներկայացվել են այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել հեղինակը:
Գրքի նյութերը հավաքվել են 90-ական թվականների երկրորդ կեսին:
Գրքին կից տրված է 1990-93 թթ. զինվորական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր իրադարձությունների ժամանակագրությունը՝ ըստ օրերի:
Թեեւ գիրքը լույս է տեսել ռուսերեն, բայց այն ուշադրությամբ կընթերցվի ոչ միայն քաղաքագետների, այլեւ քաղաքականությամբ հետաքրքրվող բոլոր ընթերցողների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել