Այս գիշեր, երբ թերթն արդեն տպարանում էր, կայացավ ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը եւ Գերմանիա-Իսպանիա խաղում որոշվեց հուլիսի 11-ին կայանալիք վճռորոշ հանդիպումում Հոլանդիայի մրցակիցը:
Նախորդ օրը Հոլանդիայի ազգային հավաքականը դժվարագույն պայքարում 3:2 հաշվով պարտության էր մատնել չեմպիոնության համար մրցավազքում մնացած Լատինական Ամերիկայի վերջին ներկայացուցչին՝ Ուրուգվային, դրանով իսկ վերջնական պատասխան տալով ամենակարեւոր հարցերից մեկին. աշխարհի գավաթը մնում է Եվրոպայո՞ւմ (նախորդ չեմպիոնը Իտալիան էր), թե՞ դեռ կարող է փոխել բնակության վայրը եւ չորս տարվա գրանցում ստանալ Հարավային Ամերիկայում:
Եզրափակիչ խաղի մասնակիցներին անդրադառնալու ժամանակ դեռ կա: Իսկ հիմա ներկայացնենք կիսաեզրափակչի առաջին հանդիպման գլխավոր գործող անձանց: Հոլանդիան իր պատմության մեջ երրորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճեց: Դրանից առաջ նարնջագույնները երկու անգամ են հանդես եկել վերջին փուլում եւ երկու անգամ էլ ձախողվել են՝ գավաթը զիջելով տանտերերին. 1974-ին ԳՖՀ-ին՝ 1:2 եւ 1978-ին Արգենտինային՝ 1:3: Այս անգամ նրանց մրցակիցը հաստատ կազմակերպիչ երկիրը չի լինելու: Այնպես որ, պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու հույսերը բավականին մեծանում են, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Բերտ Վան Մերվիկի տղաները միայն հաղթանակներով են հաղթահարել թե ընտրական փուլը, թե խմբային մրցաշարն ու 1/8, 1/4 եւ 1/2 եզրափակիչները:
Ինչ վերաբերում է Ուրուգվային, այս երկիրը թեեւ երկու անգամ (1930 եւ 1950 թվականներին) դարձել է աշխարհի չեմպիոն, սակայն արդեն երկար տարիներ լավագույն ազգային հավաքականների շարքին չի դասվում: Հետեւաբար, կիսաեզրափակչում հայտնվելը արդեն իսկ գերազանց արդյունք է: Բայց այս երկիրը դեռ կարող է ՀԱՀ-ում հերոսանալ, եթե հուլիսի 10-ին աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար խաղում հաջողության հասնի: