Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՀ-ՈՒՄ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ

Հուլիս 08,2010 00:00

Աշխարհի այս առաջնությունը ֆինանսական առումով պե՞տք էր Հարավ-Աֆրիկյան Հանրապետությանը, այն արդարացրե՞ց, արդյոք, բիզնեսմենների եւ հասարակ քաղաքացիների սպասելիքները:

«Visa»-ն եւ
արտասահմանցիների ծախսերը

Աշխարհի առաջնության օրերին ՀԱՀ-ում «Visa» քարտով առայժմ առավել շատ գումար ծախսել է տասը երկիր: 
Մեծ Բրիտանիա՝ $25,3 մլն, ԱՄՆ՝ $25,2 մլն, Ավստրալիա՝ $6,2 մլն, Ֆրանսիա՝ $4,7 մլն, Բրազիլիա՝ $4,1 մլն, Գերմանիա՝ $3,9 մլն, Մոզամբիկ՝ $3,8 մլն , Բոտսվանա՝ $3,5 մլն, Կանադա՝ $3,4 մլն, Մեքսիկա՝ $2,9 մլն:

Ռեկորդներ, ռեկորդներ
Գաղտնիք չէ, որ աշխարհի առաջնությունից ստացված հսկայական եկամուտները մտնում են ՖԻՖԱ-ի բյուջե: Բայց մեծ շահույթներ են ստանում նաեւ հովանավորները: Օրինակ, «Visa»-ն արդեն որոշակի հաշվարկ արել է, ըստ որի՝ հունիսի 1-20-ը իր քարտերով  974 միլիարդ ռանդի ապրանք գնելու եւ ծառայություն ստանալու ծառայություն է մատուցվել, ինչը 54%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Կատարվել է բանկային 900 հազար գործարք եւ դրանց աճը 10 օրվա կտրվածքով կազմել է 81%:
Բավարարից անհամեմատ ավելի են «Adidas»-ի շահույթները: Ֆիրման միայն մարզական ապրանքների վաճառքից ռեկորդային գումար՝ ավելի քան մեկ միլիարդ եվրո վաստակելու ակնկալիքներ ունի: Առաջին 21 օրերին ֆիրման վաճառել է տարբեր ազգային հավաքականների 6,5 միլիոն մարզաշապիկ, ինչը արդեն գրեթե կրկնակի գերազանցում է 2006 թվականի ցուցանիշը:
«Nike»-ի գործադիր տնօրեն Մարկ Պարկերն իր հերթին արդեն հայտարարել է, որ ֆուտբոլին առնչվող ապրանքների վաճառքը աշխարհի առաջնության մեկնարկին նախորդած երեք ամսում աճել է 39%-ով:
ՀԱՀ-ում խոշոր, միջին եւ մանր բիզնեսի 198 ներկայացուցիչների 83,5%-ը հավատում է, որ աշխարհի առաջնությունն ընդհանուր առմամբ կնպաստի իրենց երկրում հետագայում էլ բիզնեսով զբաղվելու զարգացմանը:
Հովանավորական
պատերազմներ
Աշխարհի առաջնության հովանավորները բաժանվում են երեք խմբի.
Առաջին խումբ: ՖԻՖԱ-ի գործընկերներ՝ «Adidas», «Coca-Cola», «Emirates», «Hyundai-Kia», «Sony» եւ «VISA»:
Երկրորդ խումբ: Աշխարհի առաջնության հովանավորներ՝ ութ ընկերություն:
Երրորդ խումբ: Ազգային աջակցություն՝ «Telkom», FNB, «BP South Afrika», «Prasa» եւ «Neo Afrika»: Սակայն սրանց կողքին սեփական շահերը վատ չեն պաշտպանում նաեւ «Canon»-ը, «Castle»-ն, «Carling»-ը եւ «Nike»-ն, որոնք բավականին հաջող են իրականացնում գովազդները, հատկապես՝ հեռուստատեսային: Այս մրցապայքարն առավել անհաշտ է «Adidas»-ի եւ «Nike»-ի միջեւ: Մարզագույք արտադրող այս հսկաների արտադրանքի վաճառքի ծավալը կազմել է, համապատասխանաբար, $1,8 մլն եւ $1,7 մլն: Այս հարաբերակցությունը ՀԱՀ-ում կպահպանվի՞, հայտնի կդառնա ավելի ուշ:
Իսկ թե որքա՞ն կարեւոր են հեռուստատեսային գովազդները, հաշվարկել է ՖԻՖԱ-ն: Ըստ այդմ, աշխարհի առաջնության 64 հանդիպումները կդիտի 28 միլիարդ հեռուստադիտող, իսկ միայն եզրափակիչ խաղը՝ առնվազն 715 միլիոն մարդ:
Հյուրանոցներում ասեղ
գցելու տեղ դեռ չկա

Թեեւ աշխարհի առաջնության վիճակագրության պաշտոնական թվերը հրապարակվելու են մրցաշարի ավարտից հետո, սակայն միանշանակ կարելի է ասել, որ հյուրանոցատերերը շահածի կարգավիճակում են: Մոտավոր հաշվարկներով, զբոսաշրջիկների եւ ֆուտբոլասերների ներհոսքը Աֆրիկայի համար ձմեռային այս սեզոնում արդեն մեկ երրորդով գերազանցել են սովորական թվերը: Շահույթների հիմնական մասը գնում է անշարժ գույքի, խոշոր եւ մանր հյուրանոցների սեփականատերերի գրպանը: Գործերը հատկապես լավ են խոշոր հյուրանոցներում: Չնայած ֆուտբոլասերների մեծ մասն իրենց թիմերի հետ տուն են վերադարձել, միեւնույն է, մինչեւ եզրափակիչ ոչ մի ազատ համար չկա: Ու, չնայած սրան, հյուրանոցատերերը դժգոհում են, որ ֆուտբոլասերները գալիս են իրենց հետաքրքրող խաղի նախօրեին ու մեկնում դրա հաջորդ օրը: «Ավելի շահավետ կլիներ, եթե նրանք մեզ հետ մի քանի օր ավելի անցկացնեին»,- տրտնջում են շատերը:
Սննդի օբյեկտներն էլ
պարապ չեն մնում

Ռեստորանների, սրճարանների եւ սննդի մյուս կետերում նույնպես այցելուներն այնքան շատ են, որ դրանց տերերի գլխավոր խնդիրը անընդհատ ապրանք հասցնելն է: Օրինակ, սրճարանատերերից մեկի խոսքերով, ինքն իր տարածքում լրացուցիչ ոչ մի աշխատանք չի ձեռնարկել: Պարզապես, բարում կախել է մասնակից երկրների դրոշները. «Ճիշտ է, մեզ մոտ գալիս են որոշակի ֆինանսական հնարավորություններ ունեցողները, սակայն այս օրերին մենք բարը փակում ենք կեսգիշերից անց: Եվ որ ամենաձեռնտուն է, մենք մեր սովորական ճաշացանկում նոր ոչինչ չենք ավելացրել: Միակ բանը, որից լրացուցիչ եկամուտ չունենք, բայց էլի շահում ենք, այն է, որ մեր մատուցողուհիները պատուհանից ֆուտբոլային աստղերին սեփական աչքերով տեսնելու հնարավորություն են ստացել»:
Հիասքանչ խա՞ղ,
թե՞ դաժան խաբեություն

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նաեւ ազգաբնակչությանը հանապազօրյա հոգսերից շեղելու միջոց է՝ իր բոլոր դրսեւորումներով: Այսպես մտածում են շատերը: Օրինակ, ժողովրդին կեղծ հայրենասիրության ոլորտ ներքաշելով, իշխանությունները նրան հարկադրում են առժամանակ մոռանալ իրականությունը եւ անձնական վիճակը: Կան նաեւ այսպիսի հաշվարկներ. այն գումարները, որ վատնվել են աշխարհի առաջնության ենթակառուցվածքները ստեղծելու, մրցաշարը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով, համարժեք են այն գումարներին, որոնք անհրաժեշտ է ներդնել առողջապահության եւ կրթության համակարգերի զարգացման, ինչպես նաեւ քաղաքաշինության տասնամյա ծրագրի իրականացման համար: Իսկ սրանք խնդիրներ են, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում: ՀԱՀ-ի քաղաքացիներն իշխանություններից, որոնք խոսում են աղքատության ու դրա վերացման մասին, սակայն, պատրաստ են եղել ստադիոնները կարգի բերելու նպատակով տրամադրել 30 միլիարդ, իսկ 757 միլիարդ ռանդ՝ ենթակառուցվածքներ ստեղծելու համար, պատասխան են սպասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել