«Առավոտն» անդրադարձել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի վերջին դեպքերին: Երեկ ճեմարանի որոշ սաների ծնողներից մի նամակ ստացանք, որտեղ ասվում էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է՝ ավելացել է կրթաթոշակը, դյուրացել է ծնողների հետ հեռախոսակապը, եւ չարժե մի բաժակ ջրում փոթորիկ սարքել: Ավելին, ըստ նամակագիրների. «Ի դեմս հայր Խորեն Հովհաննիսյանի, մեր երեխաներն ունեն իրենց պաշտպանն ու խնամակալը»: Նամակի տակ ստորագրել են Վահրամ Սարգսյանը, Վարդանուշ Անդրեասյանը, Մելիք Մարտիրոսյանը, Նարինե Կոշկարյանը եւ ուրիշներ:
ԸՆԴԱՄԵՆԸ 35 ՀԱԶԱՐՈՎ
Օրերս Աղվերանում գտնվող ՀՀ ԳԱԱ Հյուրերի տանը կայացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի 31-րդ նստաշրջանը: Երիտասարդության շրջանում տիրող հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբերության, իսկ շատերի մոտ «բիզնեսային» հոգեբանության առկայության պայմաններում՝ ուղղակի ապշել կարելի էր, թե ինչ նվիրումով էին շուրջ երկու տասնյակ երիտասարդ գիտաշխատողները ներկայացնում իրենց զեկույցները, որոնք վերաբերում էին հայոց պատմության ամենատարբեր հիմնահարցերին: Մեր պետական այրերը, բոլորս ուղղակի պետք է գոհ լինենք, որ ընդամենը 30-35 հազար դրամ աշխատավարձ ստացող այդ երիտասարդներն այսօր չեն լքել մեր հանրապետությունը, այլ, հավաքվելով Պատմության ինստիտուտի հարկի տակ, կատարում են այդպիսի աշխատանք: ՎԱՀԵ