Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՆ» ՈՒ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ

Հուլիս 08,2010 00:00

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը արդեն երկար տարիներ համագործակցում է Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների հետ: Ըստ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանի՝ փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրվող բազմաթիվ հյուրերի այցելությունները կայացել են մի շարք միջազգային կառույցների շնորհիվ, ինչպես նաեւ նրանց աջակցությամբ փառատոն են հասել բազմաթիվ ֆիլմեր: Ս. Հարությունյանը նշեց նաեւ, որ ԱՄՆ դեսպանատան եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության աջակցությամբ են կայանալու «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը համագործակցում են խորհրդի «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակներում: Խորհուրդը փառատոնի մրցութային ծրագրում ներկայացնելու է ռեժիսոր Սյալոու Գոյի «Նա՝ չինուհին» լիամետրաժ ֆիլմը:
Գերմանական դեսպանատունը փառատոնին աջակցում է թուրքական ծագումով գերմանացի Ֆաթիհ Աքինի ժամանումով Հայաստան: Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգի խոսքերով, դեսպանությունը ջանք չի խնայում մշակութային բազմազանությունը եւ փոխանակումը խթանելու համար. «Կինոփառատոնը հարմար առիթ է, հատկապես՝ երբ ներկայացնում ենք անվանի կինոռեժիսորի: Բացի այդ, կներկայացնենք եւս երեք գերմանական ֆիլմ, որից մեկը՝ «Սպիտակ ժապավենը», արժանացել է «Օսկար» մրցանակի»: Ֆրանսիայի դեսպանատան՝ մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Պոլ Մարտենն էլ շեշտեց, որ դեսպանատան աջակցությամբ հետահայաց ցուցադրությամբ հարգանքի տուրք կմատուցենք հայազգի անվանի ռեժիսոր Անրի Վեռնոյին: Բրազիլիայի դեսպանատունն էլ անմասն չի մնացել փառատոնից: Ինչպես նշեց Բրազիլիայի դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Ֆլորիանո Ռեգիսը, դեսպանատան ջանքերով փառատոնին կհյուրընկալի ծագումով հայ կինոքննադատ, գրող եւ կինոռեժիսոր Լեոն Կակովը (Շատարեւյան):
Ս. Հարությունյանը փաստեց, որ չնայած ամեն տարի փառատոնի շրջանակներում ռուսական ֆիլմերը չեն իջնում էկրաններից, բայց ռուսական դեսպանությունը չի ցանկանում իրենց հետ համագործակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել