Լրահոս
Օրվա լրահոսը

Թող զբաղվի ռուսացած հայերով

Հուլիս 08,2010 00:00

Սփյուռքի նախարարությանը խորհուրդ է տալիս սփյուռքահայ մտավորականը

Սփյուռքի եւ հայկական համայնքների խնդիրների մասին երեկ «Հայելի» ակումբում խոսեցին լիբանանահայ հասարակական-մշակութային գործիչ, «Ազդակ» օրաթերթի գրական բաժնի պատասխանատու Սարգիս Կիրակոսյանը եւ սիրիահայ բժիշկ Թորոս Թորանեանը: Ըստ Ս. Կիրակոսյանի, Լիբանանի հայկական համայնքը աշխույժ գործունեություն է ծավալում, կան մշակութային բազմաթիվ միություններ, գործում են պարի խմբեր, մանկական, պատանեկան, երիտասարդական երգչախմբեր, պարբերաբար լինում են հայկական ներկայացումներ, դասախոսություններ, երաժշտական երեկոներ եւ այլն: Լիբանանում այսօր գործում է ավելի քան 25 հայկական վարժարան, ուր հաճախում է 12-13 հազար հայ աշակերտ: Բայց դրա կողքին օրեցօր աճում է նաեւ հայերի՝ օտար վարժարաններում սովորելու ձգտումը: Եթե 10 տարի առաջ Լիբանանի օտար վարժարաններ հաճախում էր մոտ 3 հազար հայ երեխա, այժմ նրանց թիվը շուրջ 7000 է: Լիբանանահայ գործչի խոսքով՝ այժմ հայերը Լիբանանից չեն գաղթում, մեր հայրենակիցների համար տագնապալի է արտագաղթը Հայաստանից. «Լիբանանահայության գաղթը եղել է 1975-1993 թթ.-ներին՝ լիբանանյան 18-ամյա պատերազմի ժամանակ, իսկ 1995-ից հետո գաղթ չկա, այսօր լիբանանահայությունը կհաշվե շուրջ 125 հազար հայություն»: Լիբանանում «Հ1» քիչ են դիտում, որովհետեւ, Կիրակոսյանի խոսքով. «Հայու շունչ, ոգի, նկարագիր, հայու տագնապներ փոխանցող ոչ մեկ դիտարժան ժապավեն ունի, չըլլալիք սերիալներ եւ ալաթուրքա երգիչներ, ռաբիսներ: Մենք Կոմիտաս, Կանաչյան կունկնդրենք, իսկ եթե նոր երաժիշտներ կքաջալերենք, ընտրությամբ կհրավիրենք»: Ս. Կիրակոսյանը կարծում է՝ եթե ՀՀ Սփյուռքի նախարարությունն ուզում է արդյունավետ գործել, պետք է իր ծրագրերը համակարգի հիմնական մի քանի կառույցների հետ, այս առումով բանախոսը նախարարության գործունեության մեջ բաց է տեսնում. «Այդ նախարարությունը պետք է լսե տեսակետներն ավելի քան 80 տարի Սփյուռք պահած, խրճիթներեն ապարանքներ կառուցած մեր ժողովրդի կառույցներուն հետ, ամբողջ Սփյուռքի հոգեմտավոր դաստիարակության պատասխանատու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, հատկապես ավանդական կուսակցություններու հետ, որոնք իրենք են ղեկը Սփյուռքին»: Ապա, օրինակներ բերելով, լիբանանահայ գործիչը նշում է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 2000 թվականեն աստին 2 տարին անգամ մը կգումարե համասփյուռքյան կրթական համագումար, որուն կմասնակցին Սփյուռքին բոլոր գաղութներու կրթական կառույցներեն՝ հստակ թեմաներով եւ յուրաքանչյուր տարեմուտին Վեհափառ հայրապետը 2 տարին մեկ կհայտարարե թեման: Այս տարվա հունվարին հայտարարված էր, որ սեպտեմբերին կայանալիք համագումարը պիտի հատկացվի հայ լեզվի ուսուցման, մեթոդաբանության դասագիրքերու: Սփյուռքի նախարարությունը խաչաձեւում մը կատարեց՝ կանխելով կաթողիկոսության նախաձեռնությունը: Սփյուռքի նախարարությունը թող ըզբաղի ռուսացման ուծացման ենթակա ավելի քան 3 մլն հայերով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների մեջ»:
Ինչ վերաբերում է Թուրքիա-Լիբանան հարաբերություններին եւ դրա ազդեցությանը լիբանանահայության վրա, Ս. Կիրակոսյանը ընդգծում է. «Թուրքիան հստակ պաղեստինանպաստ քաղաքականություն կվարե, այնքան ատեն մը, որ Թուրքիան զորավիգ կկանգնի արաբական դատին, շատ հասկանալի է, որ քաղաքական ներկայություն պիտի դառնա արաբական աշխարհեն ներս»: 83-ամյա սիրիահայ բժիշկ Թորոս Թորանեանն էլ ավելացնում է. «Քաղաքական առումով Սուրիո մեջ ուժ մը չենք: Երբ թուրքերը իրենց հույսը կտրեցին Եվրոպայեն, եվրոպական ընտանիքի մեջ մտնելու հույսը պստիկցավ, դեպի իսլամական աշխարհ դարձուցին իրենց հայացքը, մեկ անգամեն սահմանները առանց վիզայի արտոնեցին: Հյուրանոցներ, ֆաբրիկներ սկսան կառուցել ու մտնել արաբական աշխարհ»: Սիրիահայ գործիչը մտահոգված է. «Սուրիո գաղութին մեջ մեզի անհրաժեշտ բոլոր տվյալները կան, բայց հայերենը նախկինին պես չէ: Իմ տարեկիցներս, երբ որ նախակրթարան կհաճախեինք, թվաբանությունը, աշխարհագրությունը, գիտությունը, ամեն ինչ հայերեն կանցնեինք, բայց ներկայիս բոլոր նյութերը արաբերեն են…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել