Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է աշխատող

Հուլիս 08,2010 00:00

Աշխատանքի տոնավաճառը 50 տարեկանից բարձր անձանց համար չէ՞

54- ամյա շինարար- ինժեներ Ռադիկ Իսահակյանն ու 57- ամյա մեխանիկ- ինժեներ Սամվել Հովհաննիսյանը ընկերներ են, երկար տարիներ աշխատել են տարբեր գործարաններում, մեկ տարի առաջ գործազուրկ են դարձել ճգնաժամի հետեւանքով՝ արտադրամասեր են փակվել, հաստիքներ կրճատվել: Երեկ Վանաձորում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում համապատասխան աշխատանք փնտրելով ոչինչ չեն գտել, թեեւ շինարարական նեղ մասնագետների պահանջարկ կա: «Միայն բանվորի գործ են առաջարկում: Ոչ թե մասնագիտություններն այլեւս պահանջարկ չունեն, այլ մեր տարիքի մասնագետի պահանջ չունեն»,- նկատեցին նրանք: Աշխատանքի տոնավաճառին ներկա գործատուներն էլ չեն թաքցնում, որ ավելի հաճելի է աշխատել երիտասարդ կադրերի հետ՝ հիմնականում 2 պատճառով, նախ երիտասարդները շուտ են արձագանքում նոր տեխնոլոգիաներին եւ ավելի հեշտ են հարմարվում աշխատանքային ռեժիմին: «Առաջարկն է թելադրում պահանջարկը, ցավոք՝ աշխատանքի առաջարկն էլ գերազանցում է պահանջարկին, իսկ մեր տնտեսությունն այնքան զարգացած չէ, որ գործ փնտրողներն ընտրելու հնարավորություն ունենան»,- ասում է Ալավերդու ACP ընկերության իրավաբանը:
«Տաշիրի կարի ֆաբրիկա» ընկերության միակ սահմանափակումը մինչեւ 20 տարեկան անձանց աշխատանքի չընդունելն է: Անցած տարի տոնավաճառի միջոցով Ստեփանավանի շրջանի գյուղերից 30 բանվոր է ընդունվել ֆաբրիկա, բայց տոնավաճառը աշխատող ընդունելու միակ հնարավորությունը չէ: «Մեր հույսը մեզ վրա է, ցուցահանդեսի վրա հույս չենք դնում, եկել ենք ուղղակի տեղեկացնելու, որ մեր տարածաշրջանում նման աշխատատեղ կա»,- ասում է «Տաշիրի կարի ֆաբրիկայի» տնօրեն Աղասի Հովհաննիսյանը:
Զբաղվածության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի հավաստմամբ, այս տարի կրկնվող մասնագիտություններ կան միայն կարի արտադրամասերում, մեծ է կրթական ոլորտի մասնագետների եւ բուժաշխատողների պահանջը:
Աշխատանքի տոնավաճառին 40 կազմակերպություն 577 թափուր աշխատատեղ է ներկայացրել: Լոռու մարզի Սպիտակ եւ Ալավերդի քաղաքներից տոնավաճառին մասնակցում էին 2- ական կազմակերպություններ, Ստեփանավանից՝ 3, Տաշիրից՝ 1 ձեռնարկություն, մնացած 32- ը մարզկենտրոն Վանաձորի կազմակերպություններն էին: Մեծ է սպասարկման ոլորտի աշխատատեղերի պահանջը (տոնավաճառում ավելի քան 60 նման աշխատատեղ էր առաջարկվում)՝ պայմանավորված բացօթյա սրճարանների եւ ոտքի վրա սնվելու կետերի աճող քանակով: Փոքր չէ տաքսի ծառայությունների եւ այլ կազմակերպություններում վարորդների, առաքիչների եւ այլ տրանսպորտային միջոցներ վարելու աշխատանքների պահանջը: Առաջին անգամ 2 բուհ՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, մի քանի կրթական հաստատություններ՝ դասախոսների, դասավանդողների, դասվարների 50- ից ավելի պահանջարկ ունեն: ՀՊՃՀ մասնաճյուղը մեկ ազատ հաստիք ուներ ու ներկայացրել էր տոնավաճառին՝ նախագծային կաբինետի խորհրդատու- լաբորանտ: Հետաքրքիր է, որ այս հաստիքը գրավել էր ավելի քան 10 հոգու, մնացած հաստիքները միասին՝ հազիվ 10 հոգու: «Մեր ուսանողներից աշխատող ընտրելը դժվար չէր, բայց հետաքրքիրը աշխատաշուկայի հետ շփվելն էր, տեսնել՝ ինչ հնարավորություններ կան»,- ասում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տեղեկատվության եւ մարկետինգի բաժնի վարիչ Նելսոն Մամուլյանը:

Հ. Գ. 2010 թ. հունիսի 1- ի դրությամբ Լոռու մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում էր 13,2 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6%- ով: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, հաշվապահները եւ այլն: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 485 աշխատանք փնտրող: Մարզում կրկնվող աշխատատեղերը հիմնականում բժիշկների թափուր աշխատատեղերն են, որոնք չեն համալրվում՝ մարզում մասնագետների բացակայության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել