«Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրով այս տարի կվերակառուցվի Շիրակի եւ Լոռու մարզերի 3-ական դպրոց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանն ասաց, որ 6 դպրոցների շինարարության համար նախատեսել են $9,5 մլն, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $12 մլն. «Նախորդ ծրագրով իրականացրինք $ 22 մլն-ի շինարարական աշխատանքներ, այս ծրագրով կիսով չափ նվազել են գումարները»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարին դպրոցի աշակերտները նորոգված դպրոցում չեն դիմավորի. «Մեկ ամիս է, ինչ սկսել ենք շինարարությունը, հետեւաբար նոր ուսումնական տարում ի վիճակի չենք լինի ավարտին հասցնել, որովհետեւ շինարարական աշխատանքները ձգվում են 12-16 ամիս, բայց արդեն հաջորդ ուսումնական տարեսկզբին կունենանք լիարժեք դպրոցներ»: Վերջին տարիներին նկատելի է, որ սովորաբար վերակառուցվում կամ վերանորոգվում են առավել բարվոք վիճակի դպրոցները, իսկ ծայրահեղ վատթար վիճակում գտնվողները մնում են ուշադրությունից դուրս: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան, Հրայր Սարգսյանը պատասխանեց. «Դպրոցների ընտրությամբ մենք ենք զբաղվել, Շիրակի ու Լոռու մարզերի դպրոցներն այս անգամ ընտրել ենք ամերիկյան կողմի պահանջով, իսկ դպրոցների ընտրությունը մեր գրասենյակինն էր, վստահեցնում եմ, որ ընտրել ենք այդ մարզերի վատթարագույն վիճակում գտնվող դպրոցները»: