Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի այցին ընդառաջ

Հուլիս 08,2010 00:00

\"\"Այս տարվա մարտ- մայիս հատվածում երեք անգամ գրել ենք Տավուշի մարզի Դիլիջան առողջարանային քաղաքի համար պատուհաս դարձած սողանքների մասին: Գումարներ ծախսվում են, սակայն հարցը չի լուծվում դեռեւս խորհրդային տարիներից, թեեւ իրավիճակին ծանոթ են ոչ միայն Տավուշի մարզպետարանում, այլ նաեւ արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարություններում:
Քաղաքում առկա է սողանքի 5- 6 օջախ: Մեկ ամիս առաջ սողանքային զանգվածը փլուզել է Մյասնիկյան փողոցի 50- րդ տան հետնապատը` տունը դարձնելով խիստ վթարային: Փլուզվել է նաեւ Մյասնիկյան 56 հասցեում գտնվող նորակառույց շինության լանջին հարող հատվածը, տարածքի սեփականատերերը մաքրել են թափվածքները, իրականացվել են հարկադիր քարաթափման եւ լանջի հարթեցման աշխատանքներ: Տեղաշարժվել է նաեւ Դիլիջանի ավտոկայանին հարակից լանջի սողանքի լեզվակային մասը, ինչի հետեւանքով փլուզվել եւ ձեւախախտվել են Հովվաջուր գետի հենապատերը` մոտ 70 մ: Սողանքն ակտիվ է նաեւ իտալական «Մոցարելլա» պանիր արտադրող «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհին: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ակտ են կազմել, որը ներկայացվել է կառավարություն: Կառավարությունը պետք է մասնագետների ներկայացրած առաջարկների հիման վրա սողանքների հիմնահարցին լուծում գտնի: Մարտի 3- ին տեղեկացրել ենք, որ լուծում կարող է լինել խորհրդային ժամանակներում կառուցված ջրահեռացման թունելների գործարկումը: Սակայն դեռ պարզ չէ, թե այդ թունելները որքանով կարող են գործել, արդյոք տարիների ընթացքում չե՞ն լցվել հողով: Դիլիջանի քաղաքապետի տեղակալ Արմեն Մակարյանն «Առավոտին» ասաց, որ հարցը կառավարությունում դեռեւս չի քննարկվել: Այդ խնդիրը կքննարկվի այսօր՝ նախագահ Սերժ Սարգսյանի Դիլիջան այցի ընթացքում: Փոխքաղաքապետն ասաց, որ վերջին 10 օրերի չոր, արեւային եղանակը որոշ չափով մեղմացրել է հողի սողքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել