Դեռ պարզ չէ, թե որն է խոզերի անկման հիմնական պատճառը
Անդրանիկ Բաբայանն ու Էդգար Թոխսանցը:
Երեկ տեղեկացրել ենք, որ նախօրեին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղում, ուր ընդամենը երկու տնտեսություն մոտ 50 խոզ է պահում, 10 խոզ սատկել է: Երեկ Խդրանց մեր այցի ընթացքում տեղեկացանք, որ եւս 3 խոզ է սատկել: Գյուղում ամենուր խոզերը փակի տակ էին՝ գոմերում: Գյուղի 77- ամյա բնակիչ Գառնիկ Գրիգորյանը 1 միլիոն դրամի վնաս է կրել՝ սատկել են եւ մայր խոզը եւ գոճիները: Գառնիկը ժամանակին անասնաբույժ է աշխատել եւ նշում է, որ նախկինում պետությունը խստորեն էր վերաբերվում եւ բոլոր պաշտպանիչ- կանխարգելիչ միջոցառումները բարձր մակարդակով պլանավորված իրականացնում էր: «Էսօր անտերություն է, տիրություն անող չկա, բարձիթողի վիճակում է: Մինչեւ պետությունը տեր չկանգնի՝ փրկություն չկա: Անհնար է, ամեն օր մեկի խոզը սատկում է: Խոզերը սատկելուց հետո խորը թաղում ենք: Ախտահանում ենք, հիվանդ խոզերի միսը վախենում ենք օգտագործել, չգիտենք՝ ինչ հիվանդությամբ են վարակված, կարող է սիբիրախտով կամ աֆրիկյան ժանտախտով են հիվանդ»,- նշում է Գառնիկ պապը:
Գեւորգ Գրիգորյանն էլ դեղատնից 80 հազար դրամի դեղ է առել հիվանդ խոզերի համար, սակայն չի օգնել, գնված անտիբիոտիկները շատ անորակ էին: Գյուղում միակ առողջ խոզերն այսօր գյուղապետ Անդրանիկ Բաբայանինն են, ժամանակին արված պատվաստուկների շնորհիվ այսօր նրա խոզերից չեն սատկել: «Ափսոսում եմ չարչարանքս ջուրն ընկնի, մի խոզը մորթել եմ, միսը երեխեքը ուտեն, մնացածն էլ ուզում եմ մորթեմ- վաճառեմ, բայց մեր մասնագետները դեռ թույլ չեն տալիս: Ես ասում եմ՝ եկեք ջերմությունը չափեք, ամեն ինչ ստուգեք, համոզվեք, որ առողջ է, թողեք մորթեմ, 17 խոզ ունեմ, չեմ ուզում նրանք էլ հիվանդանան»,- ասում է գյուղապետը: Գյուղացիների պատմելով՝ իրենք օրական մի քանի անգամ խոզերի ջերմությունը չափում են ու սրսկում, հույսները չեն ուզում կտրել, բայց ամեն օր անկման նոր դեպքեր են արձանագրվում:
Մենք Խնդրանց էինք գնացել սննդամթերքի անվտանգության ապահովման եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի մասնագետների ուղեկցությամբ, ովքեր կենդանիներին փակի տակ պահելուց բացի, գյուղացիներին այլ խորհուրդ դեռեւս չունեն: «Մենք ամեն ինչ անում ենք, որ վերահսկենք իրավիճակը եւ թույլ չտանք, որ վարակը տարածվի: Դեռեւս մարտ ամսից մշակել ենք խոզերի շրջանում արձանագրվող հիվանդությունների պայքարի միջոցառումների պլան: Մենք մեր համայնքների մասնագետների միջոցով անընդհատ խոզապահներին ասում էինք՝ միայն ու միայն փակ պայմաններում պահեք, որպեսզի կարողանանք հսկողության տակ պահել ամբողջ գլխաքանակը: Որոշ տեղեր, ինչպես Խդրանցում՝ չեն արել: Գյուղացիներն էլ սխալ ունեն: Պետական միջոցներով պաստերելյոզ հիվանդության դեմ պատվաստումներ չեն արվում: Էսօր ես ուրիշ հիվանդություններ էլ եմ կասկածում: Քանի որ 2008- ին այս համայնքը ժանտախտ հիվանդության ռիսկային գոտի ենք ճանաչել, միշտ էլ այն ուշադրության կենտրոնում ենք պահել: Առայժմ արձանագրված է պաստերելյոզ հիվանդություն՝ սարմանելոզի հետ համատեղ»,- այցից հետո ասաց Սննդամթերքի անվտանգության ապահովման եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Էդգար Թոխսանցը:
Գյուղացիները ենթադրում են, որ հնարավոր է խոզերը վարակված լինեն աֆրիկյան ժանտախտով: Պարոն Թոխսանցը չժխտեց կասկածանքները, նշեց, որ միայն շաբաթավերջին պարզ կդառնա Խդրանցում խոզերի շրջանում տարածված վարակի պատճառը: Իսկ մինչ այդ՝ խոզերի անկման դեպքերը շարունակում են ավելանալ, իսկ գյուղացիների կրած վնասները՝ շատանալ: