Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՕՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆ ՉԳՏՆՎԵՑ

Հուլիս 08,2010 00:00

Ռուբեն Ռշտունին հավաստիացնում է, որ «10-ի գործով» հուլիսի 13-ի դատական նիստին հաստատապես կներկայանա  դատարան:
Ինչպես եւ սպասվում էր,  Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով երեկ նշանակված նիստը տեղի չունեցավ: Հիշեցնենք, որ նախօրեի դատական նիստին ամբաստանյալ Հայկ Մելքոնյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին տեղեկացրել էր, որ տեւական բուժում է ստանում եւ չի կարող ներկայանալ հուլիսի 6-ի եւ 7-ի նիստերին: Դատարանը առաջարկել էր ամբաստանյալին՝ հրավիրել մեկ այլ պաշտպան, ամբաստանյալը համաձայնել էր Ռ. Ռշտունուն զուգահեռ՝ գործում ներգրավել եւ մեկ պաշտպանի:
Երեկվա դատական նիստին, սակայն, նոր պաշտպան չներկայացավ, ամբաստանյալի հարազատները չէին հասցրել  մեկ օրում ապահովել նրա  ներկայությունը: Իսկ պաշտպան Ռուբեն Ռշտունին էլ նոր գրությամբ դատարանին տեղեկացրել էր, թե հուլիսի 13-ի դատական նիստին հաստատապես ներկայանալու է դատարան: Այնուամենայնիվ, գործով նախագահող Մնացական Մարտիրոսյանը զգուշացրեց ամբաստանյալին, որ  Ռ. Ռշտունու չներկայանալու դեպքում կկասեցվեն պաշտպանի  լիազորությունները  եւ դատարանի կողմից կնշանակվի նոր պաշտպան:
Դատարանը, հիմնվելով Հանրային պաշտպանի գրասենյակի որոշման վրա՝ ճանաչեց  ամբաստանյալ Նիկոլայ Խաչիկյանի պաշտպան  Հայկ Իսրայելյանի լիազորությունները նաեւ ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանի շահերը  պաշտպանելու հարցում: Վերջինիս պաշտպան Կարո Աղաջանյանը գտնվում է արձակուրդում. ըստ Հանրային պաշտպանի գրասենյակի որոշման, երկու վերոհիշյալ ամբաստանյալների շահերի միջեւ հակասություններ չկան, ուստի նրանց երկուսի շահերը կարող է պաշտպանել միեւնույն փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել