Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալներն այցելեցին Պանթեոն

Հուլիս 08,2010 00:00

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը երեկ կազմակերպել էր Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումներն իրականացվեցին անչափահաս դատապարտյալների մասնակցությամբ: Քրեակատարողական ծառայությունում 2005թ.-ին ստեղծված այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցինք բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գենադի Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, նախ խնդրում ենք ներկայացրեք Ձեր ղեկավարած ծառայության գործունեությունը:
– Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը գործում է Քրեակատարողական վարչության կազմում եւ կազմված է 17 բաժանմունքներից: Բաժանմունքները գործում են Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանի վարչական շրջաններում: Բաժինը կատարում է դատարանի կողմից նշանակված պատիժներից 3-ը` տուգանք, հանրային աշխատանքներ եւ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը: Միաժամանակ իրականացվում է վերահսկողություն դատարանի կողմից նշանակված պատիժների պայմանականորեն չկիրառման արդյունքում նշանակված փորձաշրջանի նկատմամբ, պատժից պայմանական վաղաժամկետ ազատված, հղի եւ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ:
– Իսկ ինչպե՞ս է կատարվում վերահսկողությունը եւ որո՞նք են դատապարտյալներին սպասվող վտանգները, եթե նրանք խախտեն իրենց վրա դրված պարտականությունները:
– Դատապարտյալների կողմից պարտականությունների մեկից ավելի անգամ խախտման դեպքում, համապատասխան բաժանմունքի պետը միջնորդություն է ներկայացնում դատարան` պայմանականորեն չկիրառված պատժի կատարման վերաբերյալ: Դատարանում քննության արդյունքում կայացվում է որոշում՝ ներկայացված միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին: Նույն կերպ է կատարվում տուգանքների վճարումից խուսափելու դեպքում: Դատապարտյալի կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տուգանքի չվճարման արդյունքում ծառայության կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվում դատարան՝ տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու վերաբերյալ: Դատարանը օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է տարաժամկետել վճարումը, հետաձգել կամ տուգանքը փոխարինել հանրային աշխատանքով: Հանրային աշխատանքները կազմակերպվում են պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: Այստեղ կարեւոր է նշել, որ երբ տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքով, ապա հաշվարկը կատարվում է նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) դիմաց 5 ժամ աշխատելով, իսկ ազատազրկման ձեւով նշանակված պատժի փոխարինման դեպքում՝ 3 աշխատանքային ժամը հավասարեցված մեկ օրվան, այսինքն՝ 1 օր ազատազրկման վայրում պատիժ կրելու փոխարեն դատապարտյալը կարող է կատարել 3 ժամ հանրային աշխատանք, բնականաբար միայն այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է նման փոխարինում:
Անցնելով օրվա խորհրդին՝ զրուցեցինք նաեւ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Լեւոն Ավետիսյանի հետ:
– Պարոն Ավետիսյան, այստեղ ականատես եղանք միջոցառման, որը կազմակերպված էր այն անչափահաս իրավախախտների համար, որոնց հանդեպ դատարանները պայմանականորեն ներողամիտ են եղել, այսինքն, թեեւ նշանակել են ազատազրկում, սակայն պայմանականորեն դա չեն կիրառել: Ի՞նչ խորհուրդ ուներ այդ միջոցառումը եւ որո՞նք են ծառայության սպասումներն այդ միջոցառումից:
– Նախ նշեմ, որ Հայաստանը նշում է մայր օրենքի՝ Սահմանադրության 15-ամյակը, ինչը, բնականաբար, մեծ խորհուրդ ունի: Այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որ այսօր զեկույցներով հանդես եկան հենց այն աշխատակիցները, որոնք ամենօրյա աշխատանքներ են տանում հենց անչափահաս դատապարտյալների հետ: Միջոցառման բուն իմաստն այն էր, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի Սահմանադրության կարեւորությունը եւ հստակ պատկերացում կազմի պետության կայացման ուղիների վերաբերյալ: Պատահական չէր նաեւ միջոցառման եզրափակիչ մասում այցելությունը Զորավար Անդրանիկի թանգարան եւ Պանթեոն: Ռազմական թեքվանդոյի անչափահաս սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել