ԴԱՀԿ-ն անօթեւան ընտանիքին հարկադիր կալանքի է ենթարկել
Այն, ինչ կատարվում է Գյումրու կենտրոնում՝ քաղաքային ոստիկանության հարեւանությամբ գտնվող Գարեգին Նժդեհի 7-ում՝ Տեքստիլագործների թիվ 2-րդ հանրակացարանում, առանց չափազանցության՝ կարելի է տեսնել միայն արկածային ֆիլմերում: Դեռեւս չորս ամիս առաջ մեր օրաթերթը անդրադարձել էր այդ հասցեում բնակվող Հարությունյանների չորս հոգանոց ընտանիքի պատմությանը: 13 տարի առաջ «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ ղեկավարությունը հանրակացարանի 2-րդ հարկում գտնվող կինոդահլիճը ժամանակավորապես, մինչեւ բնակարան ստանալը, տրամադրել էր նախկին տեքստիլագործներ Գեւորգ եւ Սաթենիկ Հարությունյաններին: Քանի որ կինոդահլիճը առանձին մուտք ուներ, բնակիչները աստիճանավանդակներն ու հարակից տարածքը բարեկարգել ու սկսել էին ապրել: Սակայն մի օր էլ «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ սնանկության գծով կառավարիչ Կամո Մկրտչյանը դատի էր տալիս ընտանիքի հորը՝ Գեւորգ Հարությունյանին, պահանջելով ազատել հարակից 113,19 քմ տարածքն ու դրա վրա կառուցած 66,6 քմ պահեստարանը: Կառավարիչը տեղեկացրել էր, որ այս տարածքը վաճառվել է վարչական դատարանի աշխատակից Գարիկ Մկրտչյանին: ԴԱՀԿ-ն էլ, կատարելով դատարանի վճիռը, միաժամանակ ընտանիքի անդամներին ծեծելով, տան երիտասարդ աղջիկների հողաթափերը վառելով, սկսել էր ապամոնտաժել աստիճանավանդակները, այսպիսով փորձելով նրանց զրկել ելումուտ անելու հնարավորությունից: Այդ ժամանակ մեր օրաթերթին հաջողվեց կանխել աստիճանավանդակների ապամոնտաժումը:
Սակայն երեք օր առաջ ԴԱՀԿ-ի աշխատակիցները վերջնականապես ապամոնտաժեցին նախկին կինոդահլիճի աստիճանավանդակները՝ ընտանիքի անդամներին տանը պատանդ պահելով ու զրկելով ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքից: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում Հարությունյանները փոխանցեցին, որ իրենց առաջարկել են պատը քանդել ու օգտվել շենքի ընդհանուր մուտքից: Նրանց պնդմամբ, սա անհնարին է, քանի որ 4-րդ կարգի վթարային շենքն օր օրի փլուզվում է, հետեւաբար, մատով դիպչելու դեպքում, հնարավոր է՝ այն հողին հավասարվի: Բացի այդ, կից տունը եւս սեփականաշնորհված է, եւ հարեւանը դժվար թե թույլ տա քանդել պատը եւ ելումուտ անել իր միջանցքի հաշվին: Հարությունյանների ասելով, իրենք դիմել են տարբեր ատյաններ, նախագահի աշխատակազմին, սակայն հարցի լուծումը մեկը մյուսի վրա է գցում: «Դիմեցինք քաղաքային ոստիկանություն, մեր անունից հայտարարություն ներկայացրինք, սակայն պատասխանեցին, որ բողոքը կքննեն 15 օրից: Դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն այնտեղ գրավոր բողոք պահանջեցին, էլեկտրոնային տարբերակով ուղարկում ենք, կարծես թե տեղ չի հասնում, զանգեցինք Երեւան՝ նախագահի աշխատակազմ, այստեղ էլ խորհուրդ տվեցին դիմել Գյումրու քաղաքապետարան, այնտեղից էլ պատասխանում են, որ դա իրենց տարածքը չէ, հետեւաբար՝ դրա համար պատասխանատու չեն: Կառավարության աշխատակազմն էլ առաջարկում է՝ ուրիշ տեղերից ելումուտ փնտրեք, գլխավոր դատախազությունն էլ ոչինչ չի անում, կառավարության «թեժ գիծն» էլ այլեւս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեւանում իրոք չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում այստեղ: Եթե այս շենքը, կառավարության ներկայացնելով, քանդման ենթակա է, թող մեզ տուն տան: Ինչքա՞ն պիտի այսպես մնանք՝ երկրորդ հարկում գամված, ուզում են մեզ սովի մատնել ու հեշտությամբ մեզանից ազատվե՞լ»,- վրդովված էին ընտանիքի անդամները: Նրանք նաեւ տեղեկացրին, որ ընտանիքի մայրը՝ տիկին Սաթենիկը, երեկվանից հացադուլ է հայտարարել ու այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությանը: Հետաքրքիր է, եթե, Աստված մի արասցե, այս կնոջ առողջական վիճակը վատանա, ինչպե՞ս է աշխատելու «շտապօգնությունը», բուժօգնություն ցույց տալու համար օդապարիկո՞վ է վերեւ թռնելու: «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ Գյումրու ոստիկանապետ պարոն Բիչախչյանից: Սակայն մեզ շտապեցին տեղեկացնել, որ նա տեղում չէ, Երեւան է մեկնել ու չի գալու: Ի դեպ, մեր տեղեկություններով, վաճառված է ոչ միայն հանրակացարանի կինոդահլիճին կից տարածքը, այլեւ Հարությունյանների զբաղեցրած տունը, ընդ որում՝ գնորդը Տեքստիլ կոմբինատի նախկին ղեկավար Հունան Ավետիսյանի դուստրն է: Չի բացառվում, որ անօթեւան ընտանիքին բնակարանից վտարեն՝ թողնելով փողոցներում: Նկատենք, որ ապամոնտաժման մասին դատարանը ոչ մի վճիռ էլ չի կայացրել: