ՊՆ-ից մեկ մի բան են ասում, մեկ՝ այլ
Ազատամարտիկ Մնացական Գուլքանյանի այրին՝ Գայանե Գալստյանը, արդեն մի քանի տարի բնակարանի իր հերթին է սպասում, այն պետք է հատկացվի Երեւանում՝ ՊՆ բնակֆոնդից, սակայն, բացի այն, որ իր հերթն այդպես էլ չի հասնում, նաեւ այդ բնակարանի համար ցուցակագրվածներն են գնալով ավելանում: Բանն այն է, որ ազատամարտիկ Մ. Գուլքանյանը 2 անգամ է ամուսնացել, ու չնայած նրան, որ Գ. Գալստյանը նրա 2-րդ կինն է, հենց ինքն է դատական կարգով ազատամարտիկի այրին ու ժառանգորդը ճանաչվել, այլ ոչ թե նախկին կինը, սակայն դա չի խանգարել, որպեսզի նախկին կինն ու նրա երեխաներն էլ ընդգրկվեն զոհված ազատամարտիկի այրիին հասանելիք տան հերթացուցակում:
Այս ամենի մասին տիկին Գայանեն պատահաբար է տեղեկացել, երբ անցյալ տարի նամակով դիմել է ՊՆ՝ իմանալու, թե երբ է իր հերթը հասնելու: Նախարարությունից նրան պատասխանել են, որ ինքն իրոք դեռ 2005-ից հաշվառված է Շենգավիթ համայնքի կողմից նախարարություն ուղարկված հերթացուցակում՝ 285 համարի ներքո եւ ՊՆ-ն այդ հերթացուցակին կանդրադառնա 2003-2004 թթ. բնակարանային հաշվառման մեջ գտնվող զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելուց հետո, ինչի մասին իրենք կտեղեկացնեն լրացուցիչ: Այս նամակը ստանալուց հետո է միայն նա ծանոթների միջոցով իմացել, որ զոհված ամուսնու նախկին կինն ու զավակները նույնպես հերթում են: Այս խառը իրավիճակից դուրս գալու համար նա որոշել է նամակով դիմել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ մասնավորապես գրել է, որ 1988-ից ամուսնացել է սահմանված կարգով ամուսնալուծված, 2 երեխաների հայր Մնացական Գուլքանյանի հետ՝ ապրելով իր Երեւանի բնակարանում, այնուհետեւ արդեն ղարաբաղյան շարժման ժամանակ տեղափոխվել են Բերձոր: Նա նամակում նշել է նաեւ, որ այդ ամուսնությունից երեխա չեն ունեցել, սակայն ինքն է համարվում զոհված ամուսնու ժառանգորդը: Նախարարին տեղեկացրել է նաեւ, որ պատահաբար է հայտնաբերել, որ պետության կողմից իրեն հատկացվող բնակարանում ինքը պետք է ապրի իր ամուսնու նախկին կնոջ հետ, ուստի խնդրում է, որ հարցին լուծում տրվի: «Եթե անգամ այդ բնակարանի փոխարեն համարժեք գումարը հատկացվեր, ապա ինձ դրանից ոչինչ չէր հասնի, քանի որ մենք չէինք կարողանա դա մեր մեջ բաժանել»,- ասաց Գ. Գալստյանը: Սակայն այս նամակը նույնպես ուղարկվել է նախարարության այն վարչություն, որտեղ այս թյուրիմացությունը ստեղծվել է եւ որի անտրամաբանական գործողություններից բողոքում էր այրին: Տիկին Գայանեին այս անգամ էլ բոլորովին այլ պատասխան են ուղարկել. «Դուք հաշվառված չեք ձեր համայնքի կողմից ՊՆ ուղարկված բնակարանի կարիքավորների հերթացուցակում, ուստի համաձայն կառավարության 947-Ն որոշման, բնակարանային հաշվառման համար պետք է դիմեք տեղական ինքնակառավարման մարմիններին, ըստ գրանցման վայրի, որից հետո միայն նախարարության բնակհանձնաժողովը կանդրադառնա այդ խնդրին»:
Տիկին Գայանեն ասում է, որ եթե իր ամուսնու միայն երեխաները համարվեին այդ բնակարանի տերեր, ինքն այդքան չէր վրդովվի եւ շատ հանգիստ կզիջեր:
Այս առնչությամբ ՊՆ-ի լրատվական բաժնից «Առավոտին» պարզաբանեցին, որ Մնացական Գուլքանյանը 1994-ին զոհվել է մարտական գործողությունների ժամանակ՝ Մարտակերտի շրջանում. «Գուլքանյանի նախկին կինը՝ Սեդա Ամիպյանը, դեռ 2005-ին դիմել է Երեւանի Շենգավիթի թաղապետարան՝ կառավարության 947-Ն որոշման համաձայն, որպեսզի հաշվառվի բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր եւ ընդգրկվել է բնակհաշվառման ցուցակում: Նրա հերթական համարը 209-ն է: Նշենք, որ 2 տարբեր ընտանիքներ չեն կարող հաշվառվել նույն համարով: Շենգավիթ համայնքի թաղապետարանում հաշվառման են վերցվել զոհվածի առաջին կինը, տղան, հարսը եւ թոռը: Նրանց պետական անհատույց ֆինանսական աջակցության կարգով բնակարան ձեռք բերելու հարցը կորոշվի բնակարանային հանձնաժողովի նիստում քննարկվելուց հետո»:
ՊՆ-ից հայտնում են նաեւ, որ Գ. Գալստյանի անունով որեւէ դիմում չկա բնակարանային գործում, նա չի հաշվառվել ՏԻՄ-երի կողմից: Ինչ վերաբերում է նրան, թե Գ. Գալստյանն է համարվում ազատամարտիկի պաշտոնական այրին, ապա, ըստ ՊՆ-ի, նա կարող է դատարանի վճռի համաձայն դիմել ՔԿԱԳ (ԶԱԳՍ), վերցնել ամուսնության վկայականը եւ որպես զոհվածի այրի, ըստ գրանցման վայրի, դիմել ՏԻՄ-երին, որից հետո միայն նախարարության բնակհանձնաժողովը սահմանված կարգով կանդրադառնա նրա բնակարանային խնդրին: