«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Մոսկվայի հեղինակավոր «Սկոլկովո» կառավարման դպրոց՝ դասախոսելու ՌԴ-ում եւ ԱՊՀ այլ երկրներում գործող միջազգային խոշորագույն ընկերություններում աշխատող մենեջերների համար՝ գործարար կառավարման թեմայով:
Գտնել բիզնեսում հաջողելու բանաձեւը, պատրաստել վաղվա առաջնորդներին՝ ժամանակակից բիզնես-կառույցներն արդյունավետ կառավարելու համար, տալ նրանց նորարարական պրակտիկ գիտելիքներ՝ երկիրը միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու նպատակով. սրանք են «Սկոլկովո» կառավարման դպրոցի առջեւ դրված խնդիրները:
«Սկոլկովո» կառավարման դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է: Դասավանդման հիմքում կենդանի փորձի փոխանակումն է՝ անվանի գործարարների եւ նորարար գիտնականների հետ ինտերակտիվ հանդիպումների եւ քննարկումների միջոցով:
«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի բիզնես-մոդելը վաղուց է հայտնի արտերկրի գործարար շրջանակներին, նախեւառաջ իր ճկունությամբ եւ արդյունավետությամբ, ինչը թույլ է տալիս ընկերությանը ամուր պահել շուկայի եւ նորարարական լուծումների առաջատարի իր դիրքերը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով՝ արդյունավետ կառավարման հիմքում ճիշտ մշակույթն է՝ որքան ճկուն, նույնչափ էլ՝ հավատարիմ ընկերության որդեգրած արժեքներին: Արտերկրի մենեջերներին հետաքրքրում էին «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի ինտեգրումը մայր կառույցին՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների խոշորագույն օպերատոր ՄՏՍ խմբին, «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի հաջողության գաղտնիքները: Հատկապես մեծ էր հետաքրքրությունն այն հարցի շուրջ, թե որոնք են ընկերության ուժեղ կողմերը, որ ընկերությանը թույլ են տալիս շարունակաբար նոր հաջողություններ արձանագրել հայաստանյան շուկայում: «Սկոլկովո»-ի ուսանողները ծանոթացան ընկերության մարքեթինգային քաղաքականության առանձնահատկություններին, շուկայում առկա թեժ մրցակցության պայմաններում կիրառվող մոտեցումներին, առաջարկվող ծառայություններին, բաժանորդների սպասարկման եւ գնային քաղաքականությանը:
Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի արտադրողականության եւ հաջողության գաղտնիքը. այն է՝ ընկերության աշխատակիցների կողմից որդեգրած հիմնական արժեքները, որոնց հիմքում հավատն է եւ հասարակությանը ձեռք մեկնելու պատրաստակամությունը: