Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոտնակի փոխարեն՝ խաղահրապարակ

Հուլիս 08,2010 00:00

2009-ից սկսած՝ մայրաքաղաքի 150-ից ավելի բակերում ձեւավորվել են խաղահրապարակներ, կառուցվել է 12 մինի ֆուտբոլի դաշտ, կահավորվել է 22 խաղադաշտ, տեղադրվել է 190 զրուցարան, 400 նստարան եւ այլն:
Խաղահրապարակների տեղադրման 2010 թ. աշխատանքները մեկնարկել են ապրիլից: Երեւանի քաղաքապետի հայտարարած «Բարեկարգ Երեւան» ծրագրի համաձայն, երեւանյան բակերում այս տարի կառուցվել է 24 նոր խաղահրապարակ, որոնցում տեղադրվել են տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված 73 խաղային ատրակցիոններ: Ըստ քաղաքապետարանի լրատվական վարչության՝ կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 7-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շրջեց վարչական շրջաններում: Եղավ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սեւակի պուրակում, որտեղ տեղադրվել են մանկական խաղային համալիրներ, նստարաններ, աղբամաններ, պուրակը զարդարվել է քաղաքային ջերմատանն աճեցված ծաղիկներով: Բնակիչները խնդրեցին պուրակում տեղադրել Պարույր Սեւակի կիսանդրին: Քաղաքապետը խոստացավ խնդրանքը հաշվի առնել: Պուրակում ցայտաղբյուրի անհրաժեշտություն կա, այդ խնդիրը նույնպես լուծում կստանա: Արաբկիրի Հրաչյա Քոչարի փողոցի 27 շենքի բակային տարածքը եւս քաղաքապետարանի կողմից բարեկարգվել ու ասֆալտապատվել է, տեղադրվել են խաղեր:
Այս տարվա ծրագրով շուրջ 21 մլն դրամ արժողությամբ ամենածավալուն աշխատանքները կատարվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 49/1 հասցեի նորակառույց խաղահրապարակում, որը Գ. Բեգլարյանի վերջին կանգառն Էր: Բ-2 թաղամասի՝ նախկինում անմխիթար վիճակում գտնվող տարածքի տեղում բնակիչներն ստացել են 2000 քմ մակերեսով կանաչապատ բակ՝ խաղահրապարակով, ցայտաղբյուրով, հարմարավետ նստարաններով: Բնակիչները քաղաքապետին դիմավորեցին երգ ու պարով: Բակի բացման ժապավենը կտրեց Երեւանի քաղաքապետը, որից շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, հարեւանությամբ գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց. «Խաղահրապարակի առաջին շահառուները մեր դպրոցի սաներն են: Սա այն դեպքն է, որ աշխատանքներն սկսելու առաջին օրվանից խրախուսել ենք քաղաքապետարանի քայլերը»: «Նախկին աղբակույտի փոխարեն մեր բակում 6 խաղ է տեղադրված»,- նշեց բնակիչներից մեկը: 
Ցավոք, Երեւանի ոչ բոլոր բակերում է հնարավոր խաղահրապարակներ տեղադրել, քանի որ դրանք տարիներ շարունակ լցվել են ավտոտնակներով ու այլ կառույցներով: «Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր երեխա, դուրս գալով տանից, նման խաղահրապարակում խաղալու հնարավորություն ունենա: Բայց դրան հնարավոր է հասնել միայն բնակիչների աջակցությամբ»,- նշեց Գագիկ Բեգլարյանը: Հնարավո՞ր է, որ սրճարաններ քանդվեն ու փոխարենը խաղահրապարակ կառուցվի՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ քաղաքապետը նշեց. «Դա իմ երազանքն է: Եթե բնակիչները պատրաստ են սեփական ձեռքերով սեփական ավտոտնակն ու սրճարանը քանդել, ես խոստանում եմ փոխարենը նույն բակում 10 օրվա ընթացքում խաղահրապարակ կառուցել, ի վերջո, մենք ավելի շատ մեր երեխաների՞ն ենք սիրում, թե՞ մեր ավտոտնակները»: Քաղաքապետի տեղեկացմամբ՝ տարեկան 150-200 բակերում նմանատիպ աշխատանքներ են կատարվելու: Այս տարվա ծրագրերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորակառույց խաղահրապարակի հարեւանությամբ գտնվող երկու դպրոցների ու հարակից շենքերի բնակիչների համար Բաբաջանյան փողոցում կառուցվում է վերգետնյա հետիոտն անցում, շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ սեպտեմբեր: Վերգետնյա անցում կկառուցվի նաեւ Խանջյան եւ Բաղրամյան փողոցներում:
2009-ին 22 կազմակերպություն ապրիլից մինչեւ նոյեմբեր մայրաքաղաքի բակերում եւ երկրորդական փողոցներում շուրջ 1 միլիոն ք/մ ասֆալտապատման աշխատանք կատարեց, ծրագրում ներառվել է 1075 բակային տարածք: 2010-ի ծրագրերով նույնպես Երեւանի բյուջեով շուրջ 200 հազար ք/մ բակային տարածքների ասֆալտապատում է նախատեսված: Հուլիսի 7-ի դրությամբ վարչական շրջանների կողմից բակային տարածքներում իրականացվել է 300 մլն դրամի 62,5 հազար քմ ասֆալտապատման աշխատանք:
2009-ին գործնականում լուծվել է բակերի լուսավորության հարցը: Բոլոր վարչական շրջանների ավելի քան 1211 բակերում անցկացվել է 323 կմ մալուխագիծ, տեղադրվել 5304 էլեկտրասյուն եւ 9216 լուսատու: 2010-ին արտաքին լուսավորության ցանցը ընդլայնվելու է 35կմ-ով, ծրագրի արժեքը 400 մլն դրամ է, աշխատանքներն ընթացքի մեջ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել