Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՐԵՆԻ ԳԻՆԸ 110-ԻՑ ԻՋԵԼ Է 85 ԴՐԱՄԻ

Հուլիս 08,2010 00:00

Ըստ ցորենի մշակմամբ զբաղվող արմավիրցի Արիս պապի, Արարատյան դաշտը մեր ժողովրդի արգանդն է, որին կարգին տիրություն չեն անում:

Ցորենի բերքահավաքը սկսելուն պես՝ ալրաղացներում կտրուկ իջնում է մթերման գինը: 10-15 օր առաջ ցորենի 1 կգ-ն ընդունում էին 110 դրամով, հիմա՝ 85:
 Ամբողջ կյանքում ցորենարտադրությամբ զբաղված արմավիրցի Գարեգին Սիմոնյանը զայրացել է, երբ ցորենի 1 կգ-ի դիմաց 110 դրամ ստանալու հույսով ալրաղաց է գնացել եւ անակնկալի եկել՝ իմանալով, որ մթերման գինն իջեցրել են: Հողագործը 1 հեկտարի վրա 300 000 դրամ է ծախսել՝ 4-5 տոննա բերք ստանալու ակնկալիքով: Հույս ուներ, որ դրա վաճառքը եկամտաբեր կլիներ, եթե ստացած բերքը հանձներ նախապես հայտարարված 110 դրամով: Իսկ 85-ով հանձնելու դեպքում հազիվ ծախսածածկ է ապահովում կամ, ինչպես ընդունված է ասել՝ «զրոյի վրա կանգնում»: 5 հա ցորենի արտ ունի Գ. Սիմոնյանը: Թեեւ ցավ է ապրում կատարած ներդրումների համար, որոնք չարդարացրին իր հաշվարկները, բայց, միեւնույն է՝ ենթարկվելու է գին թելադրողների կամքին, եւ բերքը հանձնելու է նրանց առաջարկած գնով: «Գին թելադրողները սպասում են բերքը հավաքենք-վերջացնենք, որ հետո իրենց գները «կրակեն»: Ստեղծում են փակուղային իրավիճակ: Մենք էլ ստիպված ենթարկվում ենք նրանց կամայական առաջարկներին, որովհետեւ ուրիշ տարբերակ չունենք: Լավ՝ եթե ցորենի 1 կգ-ը 85 դրամով են մթերում, այդ դեպքում ինչո՞ւ է հացը խանութում վաճառվում 200-300 դրամով: Հասկանալի է, որ հացաթխման պրոցեսը ծախսատար է, բայց ոչ այնքան, որ 85-ից հասնի 300-ի: Որտե՞ղ են կորչում այդ գումարները»,- հարցրեց ցորենագործը: Զրույցին միջամտած մեկ այլ հողագործի՝ Արիս պապի պնդմամբ՝ «սա ամեն տարի կրկնվող պատմություն է»: Սովոր լինելով մթերման գների ամենամյա տատանումներին՝ հողագործները, մեկ է՝ չեն հրաժարվում «հաց» աճեցնելուց, որովհետեւ հողը պարապ թողնելու դեպքում էլ պարտավոր են հողի հարկ վճարել: «Եթե պետական վերահսկողություն լիներ, ոչ միայն մթերման գինը չէր իջնի, այլեւ մենք մեզ պաշտպանված կզգայինք: 4-5 ամիս դաշտում եմ, բայց մինչեւ հիմա ոչ մի պետական պաշտոնյայի չեմ տեսել, որ գա, ասի՝ այ գյուղացի, դու մթերք ես արտադրում, ինչի՞ կարիք ունես, ինչո՞վ օգնեմ քեզ: Հերիք չի պարարտանյութը, թունաքիմիկատը իրենց ուզած գնով են վաճառում, ջրի վարձն էլ թանկացրել են»,- ասաց Արիս պապը:
Հողագործների փոխանցմամբ՝ ցորենը չորս անգամ ոռոգելու կարիք ունի: Սակայն այս տարվա անձրեւային եղանակների արդյունքում բավարարվել են երկու ոռոգումով: «Ենթադրաբար, ջրի գինը պետք է 50%-ով նվազած լիներ, բայց, արի ու տես՝ մի բան էլ թանկ ենք վճարում, քան 4 անգամ ջրելու դեպքում: Նման բան ո՞վ է տեսել: Բա հողի չարքաշ մշակն էլ ո՞նց հավատա էս կառավարությանը, երբ «մատից փուշ հանելու» փոխարեն՝ խոչընդոտներ է ստեղծում, թանկացումներ անում»,- ասաց Արիս պապը: Նա վստահ է՝ եթե կառավարությունը ցանկանա, մեկ-երկու բարեփոխում իրականացնելով, ոչ միայն տեղական շուկան կապահովի բարձրորակ հացով ու հացամթերքով, այլեւ կնվազեցնի ՀՀ ներկրվող ցորենի ծավալները. «Դրա համար հարկավոր է ցորեն աճեցնողներից հողի եւ ջրի վարձ չգանձել կամ քիչ գանձել եւ օգնել որակյալ սերմացուով: Այս բարեփոխումներով, հավատացեք, ներկրվող հացահատիկի ծավալները կկրճատվեն 60%-ով, իսկ խանութներում անորակ հաց չի լինի»:
Հողագործները դժվարությունների պակաս չեն զգում՝ հատկապես բերքահավաքի ժամանակ: Գյուղտեխնիկան այնքան հին է, որ բերքահավաքի թեժ պահին կարող է խափանվել: Մի այդպիսի տեսարանի ականատես եղանք ինքներս, երբ տրակտորը փչացել էր արտի կենտրոնում: Իսկ ցորենը ուշացում չի հանդուրժում, անգամ մեկ-երկու օրը կարող է ճակատագրական դառնալ, հասունացած ողջ բերքը պարզապես կթափվի: Սա լավ գիտեն նաեւ գյուղապետերն ու մարզպետարանի պաշտոնյաները: Շատ գյուղացիներ պատմում են, որ գյուղապետը կարող է արգելել կոմբայնատիրոջը հնձել այս կամ այն արտը, քանի դեռ արտատերը չի վճարել հողի, ջրի դիմաց: Բերք չքաղած գյուղացին էլ պարտք է անում՝ վճարում ու ճարահատ էժան գնով հանձնում ցորենը: Իսկ ահա մարզկենտրոնում կամ Երեւանում նստած, հարյուրավոր հեկտարներով հողեր ունեցող պաշտոնյաները նման խնդիր չունեն ու կարող են ցորենը պահել եւ ձմռանը վաճառել 130-140 դրամով:
Գյուղտեխնիկայի խնդիրն Արմավիրի մարզում մշտապես առկա է: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղացիներին հորդորում է՝ մի քիչ էլ սպասել, եւ մարզը մեքենատրակտորային պարկ կունենա: «Մենք՝ տարեցներս, էլի կսպասենք. հիմա մենք միայն դա ենք կարողանում լավ անել: Բայց ջահելները չեն սպասում. նրանք մեզ էլ են լքում, տունն էլ, հողն էլ: Հետո, եթե նույնիսկ տրակտորն էլ լինի, հողն ու ջուրն էլ լինի՝ կարող է մշակը չլինի: Արարատյան դաշտը էս ժողովրդի արգանդն է, որին կարգին տիրություն չեն անում»,- ասաց Արիս պապը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել