Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵԽ հարաբերությունները ճգնաժամային են

Հուլիս 08,2010 00:00

\"\"Կարծում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը
«Տպավորությունն այնպիսին է, որ փոքրիկ պատերազմ է սկսվել. հայկական կողմը անվստահություն է հայտնում ԵԽԽՎ նախագահին, առանձին պատվիրակների, համազեկուցողներին, եւ այս «պատերազմում» հայկական կողմը հաղթած չի կարող դուրս գալ»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահը նախատել է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուին՝ ադրբեջանական դիվերսիայի մասին տեղեկություն չունենալու համար, իսկ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «քաղաքական տհասության» մեջ է մեղադրել մոնիտորինգի հանձնախմբում Հայաստանի հարցը ներկայացնող նոր համազեկուցող Գորան Լինդբլանդին:
Հովհաննիսյանը գտնում է, որ թեեւ այսօրվա պատվիրակությունը որոշակի մեղք ունի այժմ ստեղծված իրավիճակում, բայց հիմնական պատճառը միջազգային ասպարեզում Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է:
ԵԽ-ին անդամակցելիս Հովհաննիսյանը վստահ էր, որ Հայաստանը կդառնա ավելի ժողովրդավար, կպաշտպանվեն մարդու իրավունքները, խոսքի ազատությունը. «Բայց պետք է փաստենք, որ այսօր իրավիճակը շատ ավելի վատն է, քան 1999, 2000 թվականներին»:
Իսկ այդպես է, որովհետեւ անընդհատ հայկական կողմը ստում է, հենց այդ էր պատճառը, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, որ մոնիտորինգի համազեկուցողին փոխեցին եւ նշանակեցին թեեւ շատ ազնիվ, բայց ադրբեջանանպաստ դիրքորոշում ունեցող Լինդբլանդին. «Հոգնել է ԵԽ-ն Հայաստանից, հիմա ասացին՝ վերջ. սեւը կասվի սեւ, սպիտակը՝ սպիտակ. սրան հասցրին իրավիճակը: Սա Եվրախորհրդի կողմից Հայաստանի հանդեպ խոր անվստահության արդյունք էր»,- նկատում է Հովհաննիսյանը:
Նա այս իրավիճակից երեք ելք է տեսնում. «Կամ սառեցնում ենք անդամակցությունը ԵԽ-ին, ինչը շատ բացասական քայլ կլինի, կամ փոխում ենք հայկական պատվիրակության կազմը եւ նոր էջից աշխատում, կամ սկսում ենք իրապես իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել