Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՉԵՆ

Հուլիս 08,2010 00:00

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ հնչած հարցին, թե Հայաստանում կա՞ որեւէ մեկը, որը կծախի Ղարաբաղը՝ պատասխանեց. «Ոչ, միանշանակ ասեմ, որ Հայաստանի քաղաքական իշխանության, ընդդիմության մեջ չգիտեմ մեկին, ով կդիմի նման քայլի: Անկախ նրանից, թե ոնց եմ վերաբերվում տարբեր գործիչներին, անկախ իրենց բոլոր թերություններից՝ Հայաստանի երեք նախագահները շատ մեծ ավանդ են ունեցել ղարաբաղյան պատերազմի տարիներին, գործուն մասնակցություն են ունեցել: Եվ եթե ընդունենք, որ Հայաստանի քաղաքական համակարգը, ըստ էության, կազմված է այս երեք գործիչների շուրջ՝ Հայաստանում չգիտեմ որեւէ քաղաքական գործչի, որին հարիր կլիներ «ազգային դավաճան» պիտակը»:
Պատասխանելով այն հարցին, թե իր համար ընդունելի՞ էր Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականին առաջարկած տարբերակը՝ Սուրեն Սուրենյանցն ասել է, թե այն կատարյալ չէր. «Այն տարբերակը, որը պաշտպանվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, հայանպաստ համարել չի կարելի, բայց, իհարկե, նաեւ հակահայկական համարել չի կարելի։ Բոլոր տարբերակները, այդ թվում եւ փուլայինը, ունեն լուծման մի տրամաբանություն՝ նախ վերացնել պատերազմի հետեւանքները, երկրորդ՝ ստեղծվում է երկու պետությունների միջեւ վստահության միջավայր, նոր երրորդ փուլում հնարավորություն է ստեղծվում լուծել կարգավիճակի հարցը։ Տարբերակների մեջ (ոչ թե այն պատճառով, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից եմ, այլ օբյեկտիվորեն՝ որպես պատմաբան, որպես քաղաքագետ) ավելի հաջող տարբերակ, քան փուլայինն է, ինձ չի հանդիպել»: Ըստ նրա՝ դրանք հստակորեն անվտանգության երաշխիքներ էին ապահովում, քննակման չէին դնում Լաչինի եւ Քարվաճառի հարցերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել