Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱ՞ՄԲ ՊԻՏԻ ԲԱՐԵԼԱՎՎԻ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 08,2010 00:00

Համենայնդեպս՝ այդ համոզմունքն ունի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

\"\"ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ զեկույցը, որի հրատապությունը ներածության մեջ այսպես է բացատրված. «Առկա են խոսքի ազատության ոլորտում մեծ աղմուկ բարձրացրած դեպքեր, որոնց վերլուծությունը պարտադիր է հասարակությանը իրավիճակը հստակ մեկնաբանելու եւ ստեղծված վիճակից դուրս գալու ճանապարհները մատնանշելու առումով: Խոսքը վերաբերում է հատկապես անաչառ լրատվություն մատուցող հեռուստաընկերություններին եթերից զրկելու փորձերին, որոնք մի քանի դեպքերում հաջողվել են»:
Շուրջ 60 էջանոց զեկույցից մենք առանձնացրել ենք մի քանի թեմաներ:

Հեռուստատեսության
մասին

Զեկույցում հանգամանալից վերլուծված են ՀՀ օրենսդրությունը խոսքի ազատության ոլորտում եւ մասնավորապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությունը, որն   ԱԺ-ն հունիսի 10-ին ընդունեց արտահերթ նիստում: Որպես թերություն՝ մասնավորապես նշվում է, որ թեեւ ըստ օրենքի ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա տարբերակների՝ կուսակցությունները չեն կարող լինել մաuնավոր հեռուuտառադիոընկերությունների հիմնադիրներ՝ «Սակայն գործնականում եզակի չեն այն դեպքերը, երբ այս կամ այն հեռուստաընկերությունն ասոցացվում է կոնկրետ կուսակցության հետ»: Պաշտպանը նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկին, այնպես էլ նոր օրենքով ՀՌԱՀ-ն իրավական լիազորություն չունի ուսումնասիրելու լիցենզավորվող հայտատուների սեփականատիրական կառուցվածքը, այս նորմի պահպանման նկատմամբ փաստացի հսկողության հնարավորությունը բացակայում է»: Եվ անհրաժեշտ է համարել օրենքում այնպիսի փոփոխությունները, որոնք ՀՌԱՀ-ին լիազորություն կվերապահեն «ստուգել կազմակերպությունները՝ բացառելու հեռարձակման շուկայի մենաշնորհացումը», նաեւ ստուգել «հեռուստատեսության ու կուսակցության փոխհարաբերությունները՝ փաստացի կուսակցության հեռուստաընկերություն ունենալու դեպքերը բացառելու նկատառումով»: Նկատենք, որ զեկույցում վկայություններ կան, որ ՀՌԱՀ-ն անգամ իր ունեցած լիազորությունները չի իրականացնում: Մի օրինակ. «Բազմաթիվ են հեռուստաընկերությունների կողմից օրենսդրության խախտման փաստերը (հատկապես «Գովազդի մասին» ՀՀ օրենքի), որպիսի հանգամանքն ապացուցվում է մի շարք կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտություններով, սակայն այս ոլորտում վերջին տարիներին հեռուստաընկերությունները գրեթե պատասխանատվության չեն ենթարկվում»:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ամենախոցելի եւ խնդրահարույց դրույթները զեկույցում համարվում են հեռուստաընկերությունների լիցենզավորման ընթացակարգին, պայմաններին ու պահանջներին առնչվողները. «Գործնականում դրանք սուբյեկտիվիզմի, տարակարծիք մեկնաբանությունների տեղիք են տալիս»: Եվ այս առումով էլ անհրաժեշտ են համարվում փոփոխություններ, ըստ որոնց՝ ընտրության չափանիշները կներառեն բազմակարծության շահերը, «լիցենզավորման գործընթացը կդարձնեն ավելի թափանցիկ՝ կիրառելով ավելի շատ քանակական, հետեւաբար՝ գնահատման սուբյեկտիվիզմը բացառող կամ նվազագույնի հասցնող, հանրության կողմից վերահսկելի հենանիշներ»:
Զեկույցում մի առանձին ենթաբաժնում շարադրված են խոսքի ազատության սահմանափակման դեպքերը՝ կապված ինչպես «Ազատություն» ռ/կ-ի, այնպես էլ՝ «Ա1+» հեռուստաընկերության հետ: Վերջինիս վերաբերյալ նշված է. «Ընդհանրացնելով «Ա1+»-ին եթերից զրկելու եւ դատական ատյաններում այդ հարցը վիճարկելու հետ կապված վեճերը՝ պետք է նշել, որ փաստվեց ՀՌԱՀ-ի գործունեության մեջ կամայականության, իսկ դատարանների՝ կողմնակալ, աչառու գործելու հանգամանքը: «Ա1+»-ի բացակայության պայմաններում որոշակիորեն տուժեց եթերային բազմակարծությունը»:
Ի դեպ, փաստաթղթի՝ Հանրային հեռուստաընկերությանը վերաբերող բաժնում նման առաջարկ կա. «Հանրային հեռարձակողի բուն խնդիրներն իրագործելու համար Խորհուրդը պետք է անցկացնի տարբեր կուսակցությունների համար եթերի մատչելիության ու դրանց գործունեության լուսաբանման շարունակական դիտարկում, որի արդյունքները պետք է հրապարակվեն»:

Պաշտպանը քննադատել է ԱԺ նախագահին
«ՀԺ»-ի թղթակիցը երեկ հարց ուղղեց Արմեն Հարությունյանին, թե ինչո՞ւ զեկույցում որեւէ անդրադարձ չկա այն պաշտոնյաներին, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը: «Մենք պարզապես դեպքերն ու երեւույթներն ենք տվել: Բայց որոշ հարցերում նաեւ պաշտոնյաների հետ կա, եթե ուշադիր նայեք՝ կտեսնեք»,- պատասխանեց Պաշտպանը:
Նման մի օրինակ մեջբերենք զեկույցից. քննադատված է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2009 թվականի oգոuտոuի 21-ին hաստատած խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը: Մասնավորապես նշված է, թե այդ կարգի դրույթները կարգավորում են նաեւ հավատարմագրման հետ կապ չունեցող մի շարք այլ հարաբերություններ. «Որեւէ իրավական ակտ իրավունք չի վերապահել Ազգային ժողովի նախագահին՝ որոշելու, թե որ լրատվական միջոցի լրագրողը կարող է հավատարմագրվել, որը՝ ոչ: Այնինչ, վերը նշված կարգի 10 հոդվածն անհիմն կերպով տարբերակում է լրագրողներին՝ դրա համար չունենալով իրավական հիմք»:
Զեկույցում հիշեցված է, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը լրագրողին հավատարմագրումից զրկելու միայն մի դեպք է նախատեսում. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով»: Մինչդեռ ԱԺ նախագահի հաստատած կարգում լրագրողը հավատարմագրումից զրկվում է, եթե տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մաuին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, կամ՝ եթե լրագրողը խախտել է «Ազգային ժողովի վարչական շենքի եւ տարածքի պահպանության հրահանգի» կամ ԱԺ-ում սահմանված աշխատակարգի կանոնների կամ սույն կարգի պահանջները»:
Թղթակիցը, սակայն, մեկ այլ օրինակ նշեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմը ընդդիմադիր թերթերին երբեք չի թույլատրում լուսաբանել Սերժ Սարգսյանին առնչվող միջոցառումները: «Այստեղ կան դեպքեր, երբ իրոք ե՛ւ իշխանական կողմն է որոշ դեպքերում ցուցադրել նմանատիպ մոտեցում, ե՛ւ ընդդիմությունը: Որոշ դեպքերում եղել է՝ որոշ թերթերի ՀԱԿ-ի կոնֆերանսին մասնակցել թույլ չեն տվել: Երկուսն էլ այստեղ կան»,- պատասխանեց պրն Հարությունյանը:

Եվ էլի՝ քաղաքական կամք է պետք
Զեկույցում վերաշարադրվել են լրագրողների իրավունքների խախտումների այն բոլոր փաստերը, որոնք կան Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մշակած փաստաթղթերում: Սակայն հավելվել են եզրակացություններ՝ լրագրողների իրավունքների խախտումների բնույթի, շարժառիթների եւ պատճառների վերաբերյալ: Մասնավորապես նշված է. «Լրագրողների խոսքի ազատության սահմանափակումները շատ դեպքերում ունեն քաղաքական ենթատեքստ: Դրա մասին է խոսում այն փաստը, որ խախտումների մեծամասնությունն արձանագրվում է նախընտրական քարոզչության կամ հենց ընտրությունների փուլում այս կամ այն թեկնածուի կամ նրա ներկայացուցիչների կողմից: Սա խոսում է այն մասին, որ երկրում դեռեւս չի զարգացել ողջամիտ քաղաքական պայքար վարելու մշակույթ, ու շատ հաճախ թեկնածուներն ընտրողների ձայները շահելու կամ դրանք չկորցնելու համար դիմում են ծայրահեղ քայլերի»: Վերլուծության մեկ այլ փաստարկ է. «Լրագրողների իրավունքների խախտումների պատճառ է հանդիսանում նաեւ երկրում հանդուրժողականության ցածր մակարդակը: Ընդ որում, հանդուրժողականության պակասն առկա է ե՛ւ լրագրողների, ե՛ւ պաշտոնատար անձանց, ե՛ւ իրավապահ մարմինների, ե՛ւ հասարակության այլ ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ լրագրողները շատ հաճախ անցնում են ողջամտության սահմանը, ներխուժում անձանց մասնավոր կյանք, տարածում նրանց վերաբերյալ ակնհայտ սուտ տեղեկություններ, բայց դրա հետ մեկտեղ՝ լրագրողների օբյեկտիվ ու ճիշտ տեղեկատվության համար շատերն անհարկի ոտնձգություն են կատարում լրագրողների սահմանադրական իրավունքների նկատմամբ: Հանդուրժողականության սերմանումը հասարակության անդամների միջեւ, մեր կարծիքով, հենց այն զենքն է, որից կարելի է սկսել խոսքի ազատության վիճակի բարելավման գործընթացը: Հանդուրժողականության դրսեւորման պայմաններում սույն զեկույցում բերված օրինակներում նկարագրված ցավալի դեպքերը կունենային դրական ընթացք»:
Նշված է նաեւ, թե լրագրողների իրավունքների սահմանափակումները ՀՀ-ում ունեն բազմաթիվ այլ պատճառներ՝ «լրագրողական ինստիտուտի եւ դրա առաքելության վերաբերյալ շատերի ունեցած սխալ պատկերացումները, հասարակության որոշ անդամների կողմից լրագրողներին օգնելու, աջակցելու պատրաստակամության բացակայությունը եւ այլն: Նշված խնդիրները պահանջում են համակարգային մոտեցում»: Ընդհանրացնելով՝ Արմեն Հարությունյանը եզրակացնում է, որ լրագրողների իրավունքների խախտումների պատճառները բազմաթիվ են ու բազմաբնույթ. «Ու դրանք վերացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, հետեւողական պայքար խախտումների ու դրանց պատճառների դեմ, լրագրողների իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիքներ եւ երկկողմանի հանդուրժողականության դրսեւորում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել