Այս դեպքում «այդ տղան» Ադրբեջանի նախագահն է
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վարժապետություն անելու փոխարեն՝ լավ կանի իր մեջ ուժ գտնի եւ բանակցությունների նստի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի իշխանությունների հետ. «Դա է նրա ապագան, վարժապետությունը ապագա չէ նրա համար»: Գագիկ Մելիքյանը անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի այցին՝ ասաց. «Ըստ ամենայնի, Ադրբեջանին դուր չեն եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արած հայտարարությունները, քանի որ դրանք չեն բխում Ադրբեջանի շահերից եւ իրականությանն ավելի մոտ են, եւ դրա հետեւանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ նորից սկսեց իր վարժապետական գործողությունները պատմության բնագավառում: Այդ տղան երեւի չի հասկանում, որ պատմության ցանկացած խեղաթյուրում բումերանգի հարվածով խփելու է հենց իրեն»:
Հանրապետական պատգամավորը պատերազմի վերսկսման վտանգ չի տեսնում, համենայնդեպս՝ մոտ ապագայում. «Մենք, իհարկե՛, պատրաստ ենք եւ միշտ էլ պետք է պատրաստ լինենք պատերազմին, բայց ցանկացած պարագայում ես չեմ տեսնում, որ պատերազմի վտանգ, հատկապես մոտ ապագայում, կա։ Դա բավական անհեռատես քաղաքականություն է»: Գագիկ Մելիքյանի գնահատմամբ, փոխվել է Ադրբեջանի նախագահի հռետորիկան. «Իլհամ Ալիեւն այդ անհեռատես քաղաքականությունն իր վերջին ելույթների ժամանակ մեղմացրել է, նա ավելի մեծ տեղ է տալիս բանակցային գործընթացի շարունակմանը՝ նշելով, թե այդ պայմաններում իրենք ավելի շահեկան վիճակում են հայտնվում, եւ ինքը ցանկանում է, որ այդ գործընթացն անպայման շարունակվի: Չնայած, առանձին առիթներում խոսում է նաեւ ռազմատենչ հայտարարությունների ձեւով»: