Տիգրանը՝ պատասխանում
«Ադրբեջանը պետք է եւ կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- Ղարաբաղի ադրբեջանական նախկին համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հավաստիացնելով, թե անցկացվող բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը երբեք չի դրվել կասկածի տակ: «Մադրիդյանի հիման վրա առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար»,- պարզաբանել է Ալիեւը՝ հավելելով, թե հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին եւ այդ գործընթացում կառուցողական մոտեցում ցուցաբերում: «Եթե Ադրբեջանը տեսնի, որ խաղաղ գործընթացն սպառել է իրեն եւ չկա այլեւս հարցը լուծելու որեւէ հույս ու նախապատվությունը տա ռազմական ճանապարհին, այդ դեպքում էլ միջազգային իրավունքի նորմերը մեր դիրքորոշումն են պաշտպանում, քանի որ ՄԱԿ-ի Կանոնադրությունում էլ հստակ ամրագրված է՝ յուրաքանչուր պետություն ունի ինքնապաշտպանվելու իրավունք»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
«Արմինֆո»-ի համար մեկնաբանելով Ալիեւի այս հայտարարությունները, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը ս.թ. հունիսի 17-ի լույս 18–ի գիշերը իրենց կողմից կազմակերպված սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը: Փորձելով հետ կանգնել Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին՝ նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը: Դրան հասնելու համար անհաջող փորձեր են կատարում՝ վերաձեւելու պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը եւ միջազգային իրավունքը: Չնայած Բաքվի հուսահատ ճիգերին՝ պրահյան գործընթացը դա պրահյան է, այլ ոչ թե Բաքվի, մադրիդյան առաջարկությունները, դրանք մադրիդյան են՝ ոչ թե Բաքվի առաջարկություններ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան Ադրբեջանի ագրեսիան է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ»: