Լրահոս
Օրվա լրահոսը

Համբույրը «դեղ» է, որ կարող է տալ միայն մտերիմը

Հուլիս 07,2010 00:00

Երեկ Համբույրի միջազգային օրն էր

Հույն պատմագիր Հերոդոտոսի  աշխատություններից մեկում  նկարագրված է  հասարակական վայրում  իրեն չզսպող  եւ համբուրվող  տղամարդը. նրան  հենց դեպքի  վայրում  գլխատում են:
Մեր օրերում համբույրի համար չեն գլխատում, հակառակը՝ օրեցօր անցկացվում են համբուրվողների համար հատուկ մրցույթներ,  ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ ու ամենավարակիչ համբուրվող զույգերը խրախուսական մրցանակներ են ստանում:  
Երեկ ամբողջ աշխարհում նշվում էր Համբույրի միջազգային օրը: Սպասված օրը խորհրդանշական էր հիմնականում սիրահարված արտասահմանցիների համար: Օրինակ՝ www.youtube.com կայքում արտասահմանցի մի զույգ  այնքան երկար է համբուրվել, որ ամբողջ այգին «վարակել» է, համբուրվել են նույնիսկ անծանոթները:
Ճիշտ է՝ տոնը միջազգային է, բայց հայ երիտասարդներից շատերը նույնիսկ չգիտեին էլ, որ աշխարհում նման տոն գոյություն ունի: Ասենք ավելին՝ համբույրի մասին գրվել է եւ դեռ շարունակվում են գրվել լուրջ ատենախոսություններ, հիմնավոր պարզաբանումներ ու նաեւ հետաքրքիր փաստեր:
Ըստ «Նյու Յորք թայմս» թերթի, վերջերս  բազմաթիվ երկրներում  հաղորդումներ են հրապարակվել օրգանիզմի վրա  համբույրի  հիանալի  առողջապահական  ու կազդուրիչ  ազդեցության մասին: Պարզվել է, որ համբույրը  միանգամայն  ի զորու է  ուժեղացնելու  ավանդական  դեղորայքի  ներգործությունը, նույնիսկ փոխարինելու  դրանց`  բազմաթիվ տկարությունների  դեպքում:
Իսկ ահա Վիեննայի համալսարանի  կանանց  կլինիկայի  մասնագետները  պնդում են, որ համբույրը  օգնում է հաղթահարել սթրեսը: Պարզել են, որ համբուրվելիս ուղեղում ուժգնորեն արտադրվում են  դրա համար անհրաժեշտ նյութեր:
Համբույրի  բուժիչ  ազդեցության  միանգամայն նոր եզր են բացահայտել Քլանգենֆուրտի (Ավստրիա) ընդհանուր բժշկության ակադեմիայում. «Համբույրը պատվաստանյութի տարատեսակ է, որը փոխադարձաբար միմյանց են պատվաստում  երկու սիրեցյալներ»:
Հիշեցնենք, որ Հելլադայի  պոետները վկայել են, որ համբույրը Աստծո պարգեւն է` «հոգիների փոխանակություն»:
Ի դեպ, «ամենաշահագործվող» համբույրն աշխարհում ֆրանսիականն է, որը, ըստ գիտնականների տարիների փորձի՝ ապացուցում է, որ այն թե՛ առողջությանն է օգտակար, թե՛ գերագույն հաճույք է պատճառում:
Եվ, վերջապես, այդ «դեղը» ոչ մի գնով չես գնի դեղատնից, այն կարող է նվիրել միայն մտերիմ մարդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել