Լրահոս
Օրվա լրահոսը

Համեմատաբար հաջող մասնակցեցին

Հուլիս 07,2010 00:00

Բուլղարիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ազատ ոճայինների ձախողումից հետո համեմատաբար հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները:
84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում անզիջում պայքարում միավորների 2-3 տարբերությամբ պարտվեց թուրք Աթեմ Ասլանին եւ բավարարվեց արծաթե մեդալով: 66 կգ քաշային կարգում հանդես եկած Գեւորգ Սահակյանը երրորդ տեղի համար պայքարում 3:0 հաշվով առավելության հասավ խորվաթ Դոմինիկ Էտլինգերի նկատմամբ եւ նվաճեց բրոնզե մեդալ: Այսքանով էլ մեր մարզիկների նվաճած պարգեւները Բուլղարիայում սահմանափակվեցին: Մինչդեռ, հայ մարզասերը վերջին տարիներին սովորել է ըմբիշներից ավելի բարձր տեղեր սպասել:
Ութոտնուկն «ասաց», որ Գերմանիան կպարտվի
Գերմանական Օբերհաուզեն քաղաքի օվկիանարիումում բնակվող Պաուլ անունով ութոտնուկը աշխարհի առաջնության կիսաեզրափակչի Գերմանիա-Իսպանիա հանդիպումում գերմանացիներին պարտություն է կանխատեսել: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ութոտնուկը մինչ այդ ճշգրտորեն գուշակել է ՀԱՀ-ում Գերմանիայի ընտրանու հաղթանակները Ավստրալիայի, Գանայի, Անգլիայի, Արգենտինայի նկատմամբ եւ պարտությունը Սերբիայից:
Գալիք խաղից առաջ ակվարիում, որտեղ բնակվում է Պաուլը, մտցնում են Գերմանիայի եւ մրցակից երկրի դրոշով ներկված երկու կոնտեյներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ խեցի կա: Եվ ութոտնուկը, որ տարայի միջից հանում է խեցին, այդ երկիրն էլ հաղթում է: Այս անգամ Պաուլը նախընտրել է Իսպանիայի դրոշով կոնտեյները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել