Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌեԱնիմանիան»՝ Արցախում

Հուլիս 07,2010 00:00

Հուլիսի 7-9-ը Շուշիի երկու կինոդահլիճներում՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում եւ «Երեւան» կինոդահլիճում կցուցադրվի «ՌեԱնիմանիա -2009» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրված ֆիլմերի ընտրանին. ֆիլմեր, որոնք հանդիսատեսի եւ ժյուրիի ամենաբարձր գնահատականին էին արժանացել Երեւանում: Լեռնային Ղարաբաղի մշակութային կյանքում այս կարեւորագույն իրադարձությունը, որն իրականացվում է ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «ՌեԱնիմանիայի» ջանքերով նպատակ ունի ոչ միայն տեղի արվեստասեր հասարակությանը ներկայացնել անիմացիայի ժամանակակից վարպետների ստեղծագործությունները, այլեւ հետահայաց ցուցադրությունների միջոցով հայ անիմացիայի գլուխգործոցներին ծանոթացնել:
«Եթե ժամանակակից ֆիլմերը ինչ-ինչ տարբերակով եւ միջոցներով հնարավոր է հայթայթել եւ դիտել, հայկական այն ֆիլմերը, որոնք արխիվից են հանվում, շատ քիչ են հեռուստատեսությամբ հեռարձակվում, մանավանդ՝ Ղարաբաղում: Այդ պատճառով որոշել ենք ներկայացնել Ռոբերտ Սահակյանցի եւ եւս 2 հետահայաց ցուցադրություն,- պատմում է «ՌեԱնիմանիայի» ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:
«Թե այս ցուցադրումները, թե մեր հանդիպումները Արցախում ուղղված են նրան, որ Արցախը ներկայություն ունենա «ՌեԱնիմանիայում»: Բայց եթե այս տարի փառատոնում չլինեն ֆիլմեր Արցախից, մեր հիմնական նպատակն այն է, որ 2011-2012 թվականներին մենք արդեն ունենանք այնտեղից անիմատորներ՝ ծնված «ՌեԱնիմանիայի» աջակցությամբ»,- մեկնաբանում է «ՌեԱնիմանիայի» հիմադիր-տնօրեն Վրէժ Քասունին:
«Արցախում կան շատ լավ երիտասարդներ, ընդհանրապես Արցախում շատ լավ նկարչության դպրոց կա, որն անիմացիայի համար լավ հիմք է: Իսկ տեխնիկական հարցերը, կամ այնտեղի արվեստագետների իմացածն այլ արվեստի մեջ կիրառելը կամ ներդնելը, բնականաբար, որոշակիորեն «ՌեԱնիմանիա» փառատոնի գործառույթների մեջ է մտնում»,- ամփոփեց Րաֆֆի Մովսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել