Սփյուռքահայերի համոզմամբ, «դրսում» եւս օտարալեզու դպրոցները փոխում են հայի տեսակը
«Լեզուն հայ ժողովրդի ամենեն կենսական, մահու-կենաց հարցերեն մեկն է, բայց Սփյուռքին մեջ արեւմտահայերենը վախճանելու մոտ է: Ամեն վայրկյան լեզուն կփչանա, կայրվի, մոխիր կդառնա: Մենք Թուրքիո գլխավոր քաղաք Իստանբուլի՝ մեր պատմական Պոլսո մեջ 18 հայկական վարժարաններ ունինք, բայց նույնիսկ այդ վարժարաններում իրենց մայրենին ուսանողները կանտեսեն: Հայկական վարժարանեն դուրս կգան՝ առանց լիակատար հայերեն սովորելու»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայապահպանության խնդիրների եւ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու մասին, նման մտահոգություն հայտնեց Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոպեր Հատտեճեանը: Նրա փոխանցմամբ՝ Պոլսի հայկական վարժարաններում ե՛ւ աշակերտների, ե՛ւ ուսուցիչների թիվը նվազում է, շատ ծնողներ մտածում են՝ հայերենը այնքան էլ կարեւոր չէ. «Հայ ընտանիքները, դժբախտաբար, ժամանակի նորաձեւությանը հարմարվելով, սկսել են իրենց զավակներին օտար վարժարաններ ուղարկել: Պոլսո մեջ օտար վարժարաններ կան՝ գերմանական, իտալական, անգլիական եւ այլն, մեծ թվով հայ երեխաներ կհաճախեն նաեւ թուրքական վարժարան»: Ռ. Հատտեճեանի խոսքով՝ Սփյուռքում այժմ տառապում են հայախոսության պակասի, խառն ամուսնությունների պատճառով: Բանախոսը հիմա էլ խորապես անհանգստացած է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունից. «Մեր ժողովուրդը, դժբախտաբար, օտար լեզուներու եւ ամեն օտար բանի նկատմամբ հակում ունի: Ես մեր Սփյուռքի փորձառությունեն գիտեմ, որ սա շատ վտանգավոր բան է, որովհետեւ մեր ժողովրդի առջեւ օտար որեւէ բանի դուռը բացվի, անմիջապես իրենց ազգային ինքնությունեն փախուստ տալ կուզեն: Մենք Սփյուռքի մեջ շատ տառապեցանք, մեր հույսը, հավատքը հայրենիքի վրա է»: Սիրիայից Հայաստան ժամանած բժիշկ՝ 83-ամյա Թորոս Թորանեանն էլ կարծում է. «Սփյուռքի հայերս դարձած ենք հայանման բան մը, հայ չենք»: Նա եւս դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացմանը, կարծում է, որ այդ դեպքում փոխվելու է ժողովրդի լեզվամտածողությունը. «Հայերենն ամեն գնով պետք է պաշտպանվի: Ես հիմա Հալեպի մեջ հայերենը արաբերենի թարգմանելով մտքիս մեջ կխոսիմ, զիս կհասկնան մարդիկ, բայց իմ լեզվամտածողությունը հայերեն է մինչեւ այսօր»:
Հրապարակախոս, արվեստաբան Մովսես Հերգելեանը Երեւան է եկել Լիբանանից: Ասում է՝ իրենց երկրում յուրաքանչյուր ոք կարող է գալ եւ իր ցանկացած դպրոցը բացել, դասավանդել իր ուզած մշակույթը: Ներկայացնելով Լիբանանի համայնքային հատկությունը՝ նա նշեց. «Լիբանանը՝ իբրեւ պետական կառույց, յուրօրինակ է ամբողջ աշխարհի մեջ: Ունի 7 կրոն, 7 համայնք: 7-րդ համայնքը հայությունն է, մյուս 6 համայնքները՝ իսլամ եւ քրիստոնյա են: Այս համայնքներն իրարու դեմ կպայքարին: Պատճառը՝ օտար դպրոցներն են: Գալիս են օտար քաղաքական հոսանքներ, իրենց ուզած դպրոցն են բացում եւ Լիբանանի երեխաներին իրենց ձգում՝ այնպես, ինչպես իրենց մշակույթն ու քաղաքականությունն է թելադրում: Արդյունքում, նույն համայնքի մեջ շերտեր են առաջանում»: Ըստ Մ. Հերգելեանի՝ օտարալեզու դպրոցներն են պատճառ հանդիսանում, որ Լիբանանի հարուստ դասակարգը խոսում է մի լեզվով, որը, ըստ նրա, ո՛չ արաբերեն է, ո՛չ ֆրանսերեն, ո՛չ էլ անգլերեն: Արաբերեն խոսում են ցածր խավի երեխաները, որ հաճախում են արաբական դպրոց: Հրապարակախոսի ձեւակերպմամբ՝ «Լիբանանցիություն ընդհանուր հասկացությունը մեռել է Լիբանանում: Մարդկանց հարցնում են՝ դու ի՞նչ ես, չի ասում լիբանանցի եմ, տալիս է կա՛մ կրոնի, կա՛մ էլ կուսակցության անունը»: Մ. Հերգելեանը մտավախություն ունի, որ Հայաստանում էլ օտարալեզու դպրոց բացելը հանգեցնելու է նույն վիճակին: Նա գտնում է, որ հայրենիքի օրենքները ոչ թե պետք է փոփոխել, այլ մշակել, որպեսզի սեփական երկրում երեխան ստանա հայեցի դաստիարակություն. «Եթե հայրենիքը թուլանա, մենք Սփյուռքում թույլ կլինենք, մեր կենտրոնը հայրենիքն է… Ամեն րոպե բռնաբարում են մեր լեզուն… Փոխանակ մտածենք արեւմտահայերենի դպրոցներ բացելու մասին, հանկարծ մտածում են օտարալեզու դպրոց բացելու մասին»: Ռ. Հատտեճեանն էլ զարմացած էր այն փաստից, որ Երեւանում հայերն այդքան լավ անգլերեն են խոսում. «Մենք օտար լեզվի դեմ չենք, մենք պարզապես կվախնանք, որ օտար լեզուն կխեղդե մայրենին»: Ինչ վերաբերում է Դիլիջանում օտարալեզու դպրոց բացելուն, Թ. Թորանեանը չի հասկանում՝ ի՞նչ նպատակով են այդքան գումար ներդնում օտար դպրոց բացելու համար. «Մատղաշ սերունդը, եթե ֆրանսիական դպրոց գնա, նրա հերոսը Վարդան Մամիկոնյանի փոխարեն Նապոլեոնն է լինելու: Ինձ թվում է՝ այստեղ հետին ինչ-որ բան կա, մենք մեր փողով մեր երեխաներին ծախում ենք օտարներին, սա ուղղակի աբսուրդ է»: