Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՌԵՏՈՐԻԿԱՆ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽԻՍՏ ՏԱՐԲԵՐ ԷՐ»

Հուլիս 07,2010 00:00

\"\"Կարծում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը

«ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային եւ երեւանյան այցից առաջ էի ձեր թերթի հետ զրույցում կարծիք հայտնել, որ Հիլարի Քլինթոնի այցը դրական է լինելու մեզ համար, մինչդեռ, եթե հիշում եք, նույն այդ ժամանակ կային սկեպտիկներ, որոնք հայտարարում էին, թե Քլինթոնը գալիս է մեզ վրա ճնշումներ գործադրելու: Հիմա համոզվեցին, որ նման բան չկար, եւ պետքարտուղարի այցը հիշարժան է մի քանի պատճառներով: Նախ՝ Քլինթոնի այցը հաստատեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները թեւակոխեցին որակապես նոր փուլ, եւ դա միայն եւ միայն դրական կարող է լինել մեր երկրի համար: Ըստ էության, ակնհայտ է, որ նախագահներ Օբամայի եւ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները խորանում են, եւ դա շատ կարեւոր է»,- վստահ է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ըստ մեր զրուցակից ՀՀԿ-ական պատգամավորի՝ Հայաստանի անկախության հենց առաջին օրերից Միացյալ Նահանգներն աջակցել է մեր հանրապետությանը, եւ այդ աջակցությունը շարունակվում եւ ավելի է խորանում նաեւ այսօր: Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ԼՂ հակամարտության շուրջ Երեւանում եւ Բաքվում հնչած գնահատականները շատ տարբեր էին. «Եթե նկատել եք, Բաքվում շատ խիստ քննադատություն հնչեց Ադրբեջանի նախագահի հասցեին (պրն Շարմազանովը վերջին շրջանում Իլհամ Ալիեւի անունը տալիս միշտ վերջինիս կոչում է սուլթան-Մ. Ե.), իսկ Հայաստանում միայն հորդորներ կային եւ անգամ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հետ կապված՝ տիկին Քլինթոնի ասվածին արդեն իսկ կար պատասխանը. մեր նախագահը ասաց, թե այդ հարցին կանդրադառնանք աշնանը: Հռետորիկան Բաքվում եւ Երեւանում շատ տարբեր էր: Եվ սրանից կարելի է եզրակացնել, որ սա ճնշում է ենթադրում Բաքվի վրա»:
Ըստ մեր զրուցակցի՝ Ղարաբաղի հարցի շուրջ տիկին Քլինթոնը մի քանի կարեւոր արտահայտություններ արեց. «Նախ, խոսելով խաղաղ կարգավորման մասին, ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ հարցի խաղաղ կարգավորումը անհրաժեշտ է Ղարաբաղին, Ադրբեջանին եւ Հայաստանին: Սա նշանակում է, որ ԱՄՆ պետքարտուղարն անուղղակիորեն ընդունեց, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, եւ անուղղակիորեն պնդեց այն ճշմարտությունը, որ ուշ թե շուտ՝ Ղարաբաղը մասնակից է լինելու բանակցություններին: Ի դեպ, Ստեփանակերտում, ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, այդ մասին խոսել են նաեւ համանախագահները:
Նրանց կողմից դատապարտվեց ուժի եւ սպառնալիքի կիրառումը, հղում արվեց 1994 թվականի զինադադարի պայմանագրին: Գաղտնիք չէ, որ այդ զինադադարը կնքվել է Ադրբեջանի, ԼՂ-ի եւ ՀՀ-ի միջեւ: Կարծում եմ՝ այս հղումը եւս պատահական չէր, սա ժեստ էր՝ ուղղված նրան, որ Ղարաբաղը վաղ թե ուշ պետք է մասնակցի բանակցություններին: Եթե հիշում եք, այս գործընթացի ողջ ընթացքում ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ ԵՄ ներկայացուցիչները մշտապես դրական են գնահատել եւ շարունակում են դրական գնահատել նախագահ Սարգսյանի ջանքերը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում եւ ողջունեցին նաեւ ՀՀ նախագահի վերջին ուղերձը (խոսքը արձանագրությունների սառեցման մասին հայտարարության եւ ուղերձի մասին է- Մ. Ե.), իսկ տիկին Քլինթոնը ոչ միայն ողջունեց Սերժ Սարգսյանի տարածաշրջանային քաղաքականությունը, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասով, այլեւ անգամ մեջբերեց Սերժ Սարգսյանի մի արտահայտությունն այն մասին, որ գնդակն այժմ Թուրքիայի դաշտում է: Ինքը իր բառապաշարում այս արտահայտությունն օգտագործեց՝ ասելով, որ գնդակը հակառակորդի դաշտում է: Կարծում եմ, իր այս խոսքով ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում էր նշել, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ընդունում է Հայաստանի այս դիրքորոշումը, եւ, այո, այս ամենից կարծում եմ՝ կարելի է հետեւություն անել, որ ԱՄՆ-ը շարունակելու է այս հարցում քաջալերել հայկական կողմին, ավելին, կարծում եմ՝ որոշակի ճնշումներ կարող են լինել Թուրքիայի վրա»,- լավատեսորեն տրամադրված ասում է ՀՀԿ մամուլի խոսնակը:
Նկատեցինք, որ թեպետ ԱՄՆ պետքարտուղարն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, սակայն դա որակվեց որպես մասնավոր այց, եւ լրատվամիջոցներ չէին հրավիրվել՝ լուսաբանելու այդ այցելությունը: Ի դեպ, այս մասին երեկ իրենց դժգոհությունն էին հայտնել դաշնակցականները: Մեր հարցին՝ ինչո՞ւ Ծիծեռնակաբերդ այցելության այդ ձեւն էր ընտրվել, Էդ. Շարմազանովն ասաց. «Ճիշտ է, սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցելությունը չէ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, կարծեմ, 1992-ին առաջին անգամ պետքարտուղար Բեկերն է այցելել Հայաստան, բայց նա Ծիծեռնակաբերդ չի բարձրացել: Իսկ տիկին Քլինթոնը այցելեց, եւ սա ցույց տվեց, որ ամերիկյան ժողովուրդը դատապարտում է ոճրագործությունը: Դաշնակցությունը, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ունի իրավունք դժգոհելու, իր տեսակետն արտահայտելու՝ որպես ընդդիմություն, իսկ ես, որպես ՀՀ քաղաքացի, իրոք ոգեւորված էի, երբ ԱՄՆ պետքարտուղարն այցելեց Ծիծեռնակաբերդ: Մի մոռացեք, որ տիկին Քլինթոնը մշտապես իր գործունեության ընթացքում ուշադիր է եղել հայկական հարցի նկատմամբ, Հայոց ցեղասպանության դատապարտման ջատագով է: Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծիծեռնակաբերդում են թաղված արցախյան ազատամարտի մեր առաջին հերոսները՝ Մովսես Գորգիսյանը, Սամվել Գեւորգյանը եւ ուրիշներ, ես Ծիծեռնակաբերդ այս այցը համարում եմ նաեւ հարգանքի տուրք արցախյան ազատամարտի հերոսներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել