Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ ժամանել է Թբիլիսի: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, օդանավակայանում պետքարտուղարին դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բաթու Քութելիան: Վրաստանի մայրաքաղաքում նախատեսված էր Հիլարի Քլինթոնի հանդիպումը երկրի նախագահ Միխայել Սահակաշվիլիի հետ, որին հաջորդելու էր վերջիններիս համատեղ ասուլիսը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպումներ կունենա նաեւ Վրաստանի ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Ինտերֆաքսի» մատուցմամբ, վրացի առաջնորդ-կանանց հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, թե ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի «վրացական տարածքների բռնազավթումը, եւ դա Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումն է»: Քլինթոնը նաեւ շեշտել է Վրաստանում ժողովրդավարության զարգացման փաստը՝ հավելելով, որ եթե Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներն ընդհատվեն, ապա դա գործընկերների եւ ժողովրդավարության արժեքների դավաճանություն կլինի: Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 120 կին քաղաքական գործիչներ, պատգամավորներ եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդսմին, այդ հանդիպմանը վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն չի մասնակցել: